ՆՈՅԸ ԵՎ ԱԴԱՄԸ, ԻՀԱՐԿԵ, ՀԱՅԵՐ ԷԻՆ Երեկ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում բացվեց «Հայոց հին պատմության հիմնահարցեր» թեմայով գիտաժողով, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը։ Կազմակերպիչներից տեղեկացանք, որ գիտաժողովին մասնակցում են միայն հայաստանցի մասնագետներ, քանի որ ընդամենը երկու ամիս առաջ մեկ այլ գիտաժողովի եկած արտերկրի հայագետները ֆինանսական պատճառով դժվարացել են կրկին Հայաստան գալ։ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը փաստեց, որ պետական մակարդակով շատ է խոսվում հայագիտական հիմնախնդիրների մասին, սակայն «հայագիտության հանդեպ պետական հոգածությունը խոսքից այն կողմ չի անցնում»։ Գիտաժողովը կազմակերպվել էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգեւոր հովանավորությամբ։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ ներկա չեն Հայաստանյան թեմերի ներկայացուցիչները, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Խնդրում եմ դրա մեջ որեւէ միտում չտեսնել։ Պարզապես մենք համագործակցում ենք Արցախի թեմի հետ, եթե հարկ լինի, առաջիկայում Վեհափառի, Աշճյանի կամ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի հետ էլ կաշխատենք»։ Գիտաժողովին ներկա արեւելագետները, հնագետները, ազգագրագետները, ճարտարապետները, մարդաբաններն ու լեզվաբանները փորձում էին եւս մեկ անգամ ընդգծել, որ «Հայաստանը բոլոր ժողովուրդների քաղաքակրթությունների մայրն է», «հայերենը Ադամի ու Նոյի լեզուն, իսկ աշխարհի մնացած լեզուներն առաջացել են հայերենից»։ «Հայերի ազգային ինքնագիտակցության զարթոնքին» նորովի նպաստելու համար գիտնականները վկայակոչեցին ե՛ւ հայ նոր պատմագրության հիմնադիր Միքայել Չամչյանին, ե՛ւ համաշխարհային պատմագրության մեջ եղած հայանպաստ տեսակետները։ Ցավոք, գիտաժողովում լուրջ գիտական բանավեճեր չեղան։ Դահլիճից ժամանակ առ ժամանակ հնչում էին ծաղրական ռեպլիկներ, լավագույն դեպքում, ունկնդիր գիտնականները փոխանակ բանախոսներին հարցեր ուղղելու, տեղից ելույթներ էին ունենում՝ ցույց տալու համար սեփական քաջատեղյակությունը խնդրին։ Հետաքրքիր համեմատություններ էլ արվեցին։ Օրինակ, ներկաներից մեկը Սովետական Միության պատմությունը համեմատեց Աստվածաշնչում նկարագրված Բաբելոնի հետ, իսկ գերտերության փլուզումից ռուսերենի մենիշխանության տապալումը՝ բաբելոնյան խառնալեզվության հետ։ Էդուարդ Դանիելյանը ներկայացրեց զեկույց հայոց պատմական ժառանգության պաշտպանության եւ անվտանգ տեղեկատվական արդի միջոցների մասին։ Նա կարեւորեց ինտերնետային կապով ներկայացվող նյութերը, որոնք, ի տարբերություն գրքի կամ հոդվածի, անընդհատ կարող են լրացվել՝ դառնալով տեղեկատվական չընդհատվող հոսք։ Բանախոսը փաստեց, որ հայոց պատմական ժառանգության մինչեւ օրս շարունակվող աղավաղումներն ու կեղծարարությունները տալիս են բոլոր հիմքերը՝ բարձրացնելու տեղեկատվական անվտանգության հարցը։ Նորից շեշտվեց, որ այդ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է պետական համապատասխան հայեցակարգի մշակում եւ դրանից բխող ծրագրերի իրականացում։ Աշոտ Գրիգորյանն էլ խոսեց ճարտարապետության մեջ եղած հաստատուն խորհրդակիրների մասին։ Ըստ գիտնականի, պատկերները (կետը, ուղղահայացը, հորիզոնականը) ունեն խորհուրդներ։ Նա գործընկերներին տեղեկացրեց, որ, օրինակ, ուղղահայացը պետք է ընկալել որպես արական, հորիզոնականը՝ իգական սկիզբ։ Իսկ, այ, ուղղահայաց եւ հորիզոնական բաղադրիչներից կազմված խաչը, ըստ պարոն Գրիգորյանի, արական եւ իգական սկիզբների համադրությունն է։ Ա. Գրիգորյանի վերոնշյալ տեսակետը ակնհայտորեն դուր չեկավ ակադեմիկոս Սիմոն Կրկյաշարյանին։ «Էդ ի՞նչ հեքիաթ եք պատմում»,- նստած տեղից բացականչեց նա։ «Թող լինի հեքիաթ, կարեւորը՝ գեղեցիկ հեքիաթ է»,- հանգիստ պատասխանեց բանախոսը։ Այնուհետեւ ասածը հիմնավորելու համար վկայակոչեց կլորի ու գնդի խորհուրդը. «Ասում եք հեքիաթ է, եթե ձեզ հարցնեն՝ ինչու է եկեղեցու գմբեթը ավարտվում գնդիկով, չեք կարող բացատրել, եթե չգաք այս դաշտը»։ Ի նշան դժգոհության՝ պարոն Կրկյաշարյանը դուրս եկավ դահլիճից։ Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ համաձայն չէ Ա. Գրիգորյանի հետ։ «Եղբայր, ես ի՞նչ կապ ունեմ այդ զեկուցման հետ»,- դժգոհեց պարոն Կրկյաշարյանը։ Թեեւ միջոցառման կազմակերպիչ պատմության ինստիտուտի տնօրենը հույս էր հայտնել, որ գիտաժողովի մասնակիցների տեսակետների ու մոտեցումների բախման, ամփոփման արդյունքում կգտնվեն կնճռոտ հարցերի պատասխանները, սակայն նման բան կարծես չեղավ։ Գիտնականները լրագրողների մոտ չէին կամենում «վատաբանել» իրենց գործընկերներին։ Հայ ժողովրդի ծագումնաբանության, ազգագրության, բոլոր ազգերի մեջ ընտրյալ լինելու մասին գաղափարները արծարծելուց զատ, խոսվեց նաեւ հայ-թուրքական սահմանի բացման մասին։ «Եթե հայ-թուրքական սահմանի բացումը վնասելու է հայ ժողովրդի արմատական շահերին (անկախ նրանից՝ դրանք գիտակա՞ն են, քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական), մենք միանշանակ դեմ ենք դրան։ Առանց հասարակության, պատմագետների ու հայագետների կարծիքը հաշվի առնելու, որեւէ մեկն իրավունք չունի սահմանի բացմանն անդրադառնալ»,- իր լուման «սահմանային բանավեճի» մեջ ներդրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ