Կոռուպցիան հակահիգիենիկ երեւույթ է Երեկ ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր քննարկում, որը նվիրված էր հիգիենիկ եւ հակահամաճարակային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին եւ դրանց նվազեցման հնարավորություններին: Հրավիրված էին հիգիենիկ եւ հակահամաճարակային ոլորտի պատասխանատուները, այդ հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները եւ այդ թեմաները լուսաբանող լրագրողները: Ամենասկզբից պրն Եսայանը խնդրեց նկատի ունենալ այն հանգամանքը, որ այս ոլորտը առաջինը քննարկելը չի նշանակում, որ դա է համարվում հանրապետությունում ամենակոռումպացվածը: Պարզապես, ինչպես մի քանի անգամ շեշտվել է, հենց այս եւ կրթական համակարգերի հետ է բնակչությունն ամեն օր շփվում: Քննարկման ժամանակ հիմնական դժգոհությունները «Ստուգումների մասին» նոր օրենքից էին: Մասնավորապես այն կետից, համաձայն որի ստուգող կազմակերպությունները տարվա մեջ միայն մեկ անգամ իրավունք ունեն որեւէ տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգումներ անցկացնելու: Մասնավորապես, ստուգումներից երեք օր առաջ զգուշացնելու օրենքի պահանջը հաճախ բերում է նրան, որ տնտեսվարողն ուղղակի դռները փակում եւ անհետանում է: Այդ առնչությամբ իր բողոքը հայտնեց «պոտենցիալ ստուգողներից մեկը»՝ ՀՀ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը: Վերջինս գտնում է, որ ոլորտի բարելավմանը նպաստել են խորհրդային տարիների սանէպիդկայանների վերափոխումը տեսչության եւ աշխատակիցների թվի կրճատումը: Իսկ ահա աշխատավարձի չափը տեսուչինը՝ 30-40 հազար դրամ, լաբորատորիայի փորձագետինը՝ 8-10 հազար, լայն դուռ է բացում կոռուպցիայի հնարավորության համար: Փոխքաղաքապետ Մարտուն Մաթեւոսյանը, հակառակը, գտնում է, որ աշխատակիցների թվի կրճատումը խանգարում է հիգիենիկ-հակահամաճարակային վերահսկողության լիակատար իրականացմանը: Պրն Մաթեւոսյանը առաջ քաշեց նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին ստուգելու ֆունկցիաներ տալու հարցը: Այսօրվա դրությամբ, օրինակ, քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը ոչ միայն իրավունք չունի առեւտրի օբյեկտներում ստուգում անցկացնելու, այլեւ անգամ գործունեության իրավունք ունենալու մասին փաստաթուղթ պահանջելու: Ա. Վանյանն էլ տեղեկացրեց, որ եթե «Ստուգումների մասին» օրենքը խնդիրներ է առաջացնում, իրենք առաջնորդվում են իրենց կանոնադրությունից բխող վարչական վարույթի իրավունքով: Բնականաբար, կոռուպցիայի տեսանկույնից քննարկման անսպառ նյութ է փողոցային առեւտուրը, որը տարիներով ոչ վերացվում է, ոչ էլ կարգավորվում: Ըստ Մ.Մաթեւոսյանի, դրա համար միայն քաղաքական կամք է անհրաժեշտ: Հարց բարձրացվեց նաեւ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը ոստիկանական ֆունկցիաներ տալու մասին, սակայն, ըստ ոլորտի փորձագետ Տիգրան Ներսիսյանի, տեսչությունը մասնագիտական կառույց է: Բայց այստեղ էլ, հավանաբար, մի բան պետք է մտածել, թե չէ վերջերս եղել են դեպքեր, երբ դիզենտերիայի բռնկման ժամանակ բժիշկներից մեծ ջանքեր են պահանջվել՝ սննդի օբյեկտի հիվանդ խոհարարին հոսպիտալացնելու համար: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ