ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ Ն. Հունանյանի ինքնագովազդը մոտենում է ավարտին Չորրորդ օրն է, ինչ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը շարունակում էր իր պաշտպանական ճառը։ Նա երեկ դատարան էր ներկայացել նույն այն վերնաշապիկով, որը հագել էր 2001թ. փետրվարի 15-ի անդրանիկ դատական նիստի ժամանակ։ Պաշտպանական ճառը նա ավարտեց խոստացած ժամանակից շուտ եւ դա, հավանաբար, արդյունք էր նախորդ օրը լրատվամիջոցների համերաշխ քայլի, երբ փորձելով խոչընդոտել Ն. Հունանյանի անզուսպ ինքնագովազդը, բոյկոտեցինք նրա ճառը եւ որոշ ժամանակով դուրս եկանք դահլիճից։ Ամբաստանյալը փորձեց հիմնավորել իր հանցագործությունը, ասելով, որ իրենց գործողությունները եղել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, քանի որ վտանգված էր հայ ժողովրդի կենսագրությունը, իշխանության անմարդկային գործունեության պատճառով 1,5 մլն մարդ լքել էր հանրապետությունը, վտանգված էր երկրի ինքնիշխանությունը, որ երկրագնդով վարկաբեկվել էր հայ ժողովուրդը, «հարյուրավոր վտանգներ կային, որոնք թվարկելն անհնար է»։ Ահաբեկիչը հանդես եկավ դատաքննությունը վերսկսելու մասին միջնորդությամբ։ Միջնորդության մեջ նշել էր, որ անջատված մասի գոյությունը խոչընդոտել է գործի բազմակողմանի քննությանը, որ չեն հարցաքննվել մի շարք վկաներ՝ Ռազմիկ Վասիլյանը, Մուշեղ Լալայանը, ԱԱՆ աշխատակիցները, Վահան Շիրխանյանն ու Ալիկ Հարությունյանը, «Ալֆա» ջոկատի հետ կապված՝ Վաղարշակ Հարությունյանը, դահլիճի շարժի հետ կապված՝ Վլադիմիր Գասպարյանը, Վազգեն Սարգսյանի մյուս թիկնապահը, Հրանտ Մարգարյանը, Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրող Կորյուն Փիլոյանը դեմ արտահայտվեց այդ միջնորդությանը, հարցրեց, թե ի՞նչ նոր ապացույց է ի հայտ եկել, որ վերսկսեն դատաքննությունը։ Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի խոսքը միանշանակ չընդունվեց դատավարության մասնակիցների կողմից։ Նա ասաց. «Ստեղծվել է հակասական իրավիճակ։ Մի դեպքում ամբաստանյալները ոչինչ չարեցին, որպեսզի օգնեին մեզ նոր հանգամանքներ ի հայտ գալու համար, մյուս կողմից պահանջում են վերսկսել, որպեսզի բացահայտվի»։ Շատերը «օգնությունը» ուղղակի հասկացան, կարծելով, թե Յունոշեւը բանակցությունների մեջ է մտել ամբաստանյալի հետ։ Ռուս փաստաբանը համաձայն էր միջնորդության հետ մասնակիորեն։ Նա գտնում էր, որ ամբողջովին ապացուցված են Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ մյուսների սպանությունները, որոնք գտնվել են դահլիճում, իսկ ահա Միրոյանի, Արմենակյանի սպանությունների հետ կապված համաձայն էր, որպեսզի վերսկսվի դատավարությունը։ Տուժող Հերմինե Նաղդալյանը ասաց, որ բլեֆի տպավորություն է թողել ամբաստանյալի պաշտպանական ճառը եւ նա մի նպատակ է հետապնդում. «Հնարավորին չափ ձգձգել, խառնել այն նյութերը, որոնք լսել ենք դատաքննության ժամանակ»։ Տուժող Անդրանիկ Մանուկյանին զարմացրել էր Յունոշեւի ճառի սկզբնամասը եւ հարցրեց. «Չէ՞ որ ինքը ներկայացնում է տուժողի շահը, չէ՞ որ դրանք կատարել են սպանություններ, զոհվել են մեր ընկերները»։ Տուժողներ Պավել Ղալթախչյանը, Ստեփան Մնացականյանը, Նապոլեոն Ազիզյանը դեմ արտահայտվեցին միջնորդությանը։ Դատավոր Սամվել Ուզունյանը, մտնելով խորհրդակցական սենյակ, որոշում կայացրեց միջնորդությունը մերժելու մասին՝ հիմնավորելով, որ դատավարության մասնակիցներին հնարավորություն է տրվել հանդես գալ ապացույցների բազմակողմանի հետազոտմամբ։ Ն. Հունանյանը պահանջեց պատճեն՝ նոր միջնորդություն անելու համար, սակայն դա կանխվեց, քանի որ սկսվել էր ռեպլիկի փուլը։ Յունոշեւը իր ռեպլիկի ժամանակ կարծիք հայտնեց, որ մեղադրողները չեն հիմնավորել Ստեփանյանին եւ Կնյազյանին 14 եւ 15 տարի ազատազրկում տալը։ Նա հարցրեց՝ «Ինչո՞ւ պետք է նրանց պատիժը լինի ավելի քիչ, քան մյուսներինն է», եւ գտնում էր, «որ մեղադրողները չեն հիմնավորել անհավասար պատժաչափերը»։ Յունոշեւի ռեպլիկը տեւեց 25 րոպե։ Մեղադրող Կորյուն Փիլոյանը քննադատեց Յունոշեւին, որ չի ուզում հնարավոր կազմակերպիչներին պարզել, որովհետեւ նրան պետք է, ըստ մեղադրողների, որ կազմակերպիչները երկու անձ լինեն։ Մեղադրողը հիշեցրեց, որ Ալիկ Հարությունյանի անվանը զուգահեռ, հնչել է Հայկ Բաբուխանյանի անունը, սակայն, քանի որ վերջինի ճանապարհը չի տանում նախագահի ապարատ, ուստի նրա վերաբերյալ Յունոշեւը միջնորդություններ չի արել։ Փաստաբան Աշոտ Սարգսյանը եւս մեկ անգամ պնդեց, որ «27»-ի գործում կան կազմակերպիչներ, օժանդակիչներ, դրդիչներ։ Ա. Սարգսյանը չմոռացավ նաեւ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանին պատասխանել, որն ասել էր, թե տուժողների իրավահաջորդները չեն գնացել իրավական ճանապարհով, թե քրգործի նախաքննությունը ուղղորդված է եղել կուսակցությունների եւ անհատների դեմ։ Ըստ պրն Սարգսյանի, օրինակ, տուժող Հայկ Բաբուխանյանն էլ է կուսակցություն ներկայացնում, բայց անհրաժեշտություն չունեցավ դատարանում իր շահերը պաշտպանել։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը ասվածը գնահատեց իբրեւ իր նկատմամբ սկսված դատավարություն եւ դահլիճի մեծ մասի համար անհասկանալի ակնարկ արեց. «Որոշ մարդկանց համար էլ ասում են, թե երկու մոր կաթ են ծծում»։ Ժամը 17.30-ին սկսվեց ամբաստանյալների վերջին խոսքերի ունկնդրումը։ Ամբաստանյալ Համլետ Ստեփանյանը ասաց՝ ոչ մի հանցագործություն չի կատարել։ Աշոտ Կնյազյանը կատարվածի համար զղջաց, խնդրեց հաշվի առնել իր մեղքի չափը, կայացնել արդարացի դատավճիռ։ Վռամ Գալստյանը նույնպես զղջում էր։ Էդիկ Գրիգորյանը ասաց, որ զղջալ նշանակում է ընդունել հանցանքը, հետեւաբար, քանի որ ինքը չի սպանել՝ չի զղջում. «Հույս կարող եմ ունենալ, որ ձեր անաչառ գնահատականին կարժանանամ»։ Կարեն Հունանյանը հրաժարվեց վերջին խոսքից, իսկ Նաիրի Հունանյանը պատրաստ չէր վերջին խոսքին։ Նրա վերջին խոսքը կհնչի այսօր։ Մեր տեղեկություններով, այս պատմական, մոտ 2 տարի 7 ամիս տեւած դատաքննությունը անմահացնելու համար երեկ օգտագործվեց թվով 302 տեսաժապավենը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ