Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ոչ թե վճարում է, այլ՝ փոխհատուցում

Նոյեմբեր 14,2003 00:00

Հայաստանը ոչ թե վճարում է, այլ՝ փոխհատուցում Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման էր եկել Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ երկու կարեւոր հայտարարություն անելու նպատակով։ Առաջինը կապված էր նախորդ օրը ՌԴ ռազմաօդային ուժերի ՄԻԳ-93 ինքնաթիռի հետ կատարված վթարի հետ։ Նախարարը հայտնեց հնարավոր վարկածը. վատ տեսանելիության պատճառով կործանիչը զարկվել է Գյումրիի շրջակա սարերից մեկին եւ վայր ընկել։ Գտնվել է ինքնաթիռի սեւ արկղը։ Մանրամասները կճշտեն ՌԴ ՊՆ հատուկ հանձնաժողովի ուսումնասիրությունները։ Այնուհետեւ Ս. Սարգսյանը պարզաբանեց ՌԴ ՊՆ Սերգեյ Իվանովի օրերս արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է վճարի մեր երկրում տեղակայված ռուսական ռազմակայանների կոմունալ ծախսերը։ Նախարարը չէր հասկացել, թե ինչու է Իվանովի հայտարարությունն անհարկի աղմուկ բարձրացնելու թեմա դարձել լրատվամիջոցների համար։ «Հայաստանն այդ պարտավորություններն իր վրա վերցրել է 1996-ին կնքած պայմանագրով եւ մինչեւ 2002-ի նոյեմբեր բարեխղճորեն վճարել ռազմակայանների կոմունալ ծախսերի 70%-ը, որից հետո պայմանագրի այդ կետը չեղյալ է համարվել»։ Մի խոսքով, մենք ռուսների ծախսերը հոգալուն վարժված ժողովուրդ ենք։ Ինչ վերաբերում է հունվարի 1-ից վերսկսվող արդեն 100% վճարման նոր պարտավորությանը, ապա նախարար Սարգսյանի տեղեկացմամբ, «դա փոխհատուցում է, բոլորի մասին, հասկանալի է, չեմ կարող ասել, ասեմ մեկը՝ մեր սպաների կրթությունը Ռուսաստանի Դաշնությունում»։ Վկայակոչելով տարբեր տարիների կնքած պայմանագրեր ու ստանձնած պարտավորություններ, պարոն Սարգսյանը փորձեց ապացուցել, որ ռուսական ռազմակայանների ծախսած ջրի, ջեռուցման եւ հոսանքի դիմաց վճարվելիք տարեկան 1,5 մլն դոլարը շատ ավելի քիչ է, քան պահանջվում է ՌԴ-ում հայ սպաների վերապատրաստման համար։ Նրանց թիվն այսօր կազմում է շուրջ 650։ Ի դեպ, նախարարը վճարների մեջ չնշեց, ասենք, հողի հարկը։ Բանն այն է, որ՝ մեր աղբյուրի համաձայն, ռազմակայաններին իրենց զբաղեցրած տարածքը տրվել է անժամկետ եւ հողի սեփականության իրավունքով։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ, 1996թ. կնքած պայմանագրում ծախսերը բաշխվել են ոչ թե 70-30 տոկոսաչափերով, այլ՝ 50%-50%։ Իսկ ընդհանրապես, համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ռազմական ավագ գործընկերն այլ երկրի տարածքում ռազմակայան ստեղծելիս նման «տոկոսային հարաբերությունների» մասին խոսակցություն չի բացում։ ԱՄՆ-ն տարբեր երկրներում հիմնած իր կայանների համար վճարում է բոլոր հարկերն ու տուրքերը, առանց քննարկումների։ Տրամաբանական մի շեղում էլ կա. եթե ՌԴ-ն Հայաստանի ռազմական շահավետ գործընկերն է եւ ռազմավարական դաշնակիցը, ապա կարող էր կրթել հայ սպաներին նաեւ անհատույց, ինչպես ՆԱՏՕ-ն է անվճար կրթում իր ռազմական դաշնակիցներին։ Եթե այդ կրթությունը, միեւնույնն է, վճարովի է, ապա կարելի է գտնել տեխնոլոգիական ավելի բարձր պատրաստվածությամբ բանակ։ Կառավարությունը երեկ հաստատել է բնակչության առողջության առաջնային պահպանման փորձնական ծրագիրը, որի մասին Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի մեկնաբանությունը կենտրոնացավ հիմնականում առաջնային բուժօգնության եւ առողջության առաջնային պահպանման տարբերությունը բացահայտելու վրա։ Իսկ «Արմենիկումի» փորձարկումների մասին նրա ունեցած «թարմ» տեղեկությունն այն էր, որ «Արմենիկումը» դեռ փորձնական փուլում է, վերջնական արդյունքներ չկան»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել