ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ Քայլ առա՞ջ, թե՞ ետընթաց Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին տրված բեւեռային գնահատականները տպավորություն են ստեղծում, որ տարածաշրջանի երեք երկրներում կազմակերպվել են ոչ թե երեք, այլ առնվազն վեց ընտրություններ: Մի կողմից՝ ժողովրդավարական ու արդար, մյուս կողմից՝ աղաղակող խախտումներով: «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusjournalists.net) այս օրերին ընթացող ինտերնետ-կոնֆերանսի մասնակիցները՝ քաղաքագետներ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից, փորձում են վերլուծել Երեւանում ու Բաքվում ոչ վաղ անցյալում, եւ այսօր Թբիլիսիում տեղի ունեցող ետընտրական իրադարձությունները: Ստորեւ ներկայացվում են հատվածներ բանավեճից: Ռասիմ Մուսաբեկով, քաղաքագետ, Բաքվի քաղաքագիտության ինստիտուտի դոցենտ. «Հետխորհրդային ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների վերին ատյանների վրա գրոհն ավելի արդյունավետ կարող է լինել, եթե այն կազմակերպվում է հենց իշխանությունների ներսից: Վրացական ընդդիմությունը մյուսներից ավելի մոտ է դրան: Տարբեր կուսակցություններ ունեն Շեւարդնաձեի վերահսկողության տակ չգտնող ռեսուրսներ: Այդ պատճառով Շեւարդնաձեն ավելի շատ մանեւրելու պահանջ ունի, քան նրա կոլեգաները Հայաստանում եւ Ադրբեջանում: Ի դեպ, երբ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը միավորվեցին, նրանք միանգամից առաջ անցան նախագահ Քոչարյանից: Իսկ ահա Ստեփան Դեմիրճյանը, նույնիսկ իր շուրջը լայն կոալիցիա ստեղծելով, այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել»: Մարինա Մուսխելիշվիլի, «Հասարակական հետազոտությունների կենտրոն», Վրաստան. «Մենք, որպես «լատինամերիկյան» մի երկիր, ունենք հեղափոխության միջոցով իշխանափոխության կայուն համակարգ: Շեւարդնաձեի ժողովրդավարական վարչախումբը կտապալվի արմատականների ժողովրդավարական հեղափոխությունից: Հետո ոտքի կկանգնեն հայրենասիրական ուժերը, որոնք հանուն ժողովրդի իրական կառավարման կտապալեն Սահակաշվիլուն: Սրանց հետագայում կփոխարինեն դարձյալ իսկական ժողովրդավարները եւ, այդպես շարունակ: Ու ողջ այդ ընթացքում Եվրոպան մեզ համար կգրի օրենքներ, որոնք ոչ մի կապ չեն ունենա այն ամենի հետ, ինչ կատարվում է իրականում: Ընդ որում, բոլոր նրանք, ովքեր կլինեն ժողովրդավարության դեմ, կհամարվեն ինչ-որ մեկի գործակալները: Զվիադի ժամանակ կային Կրեմլի գործակալներ, հիմա՝ կառավարության գործակալներն են, տասը տարի հետո էլ կգտնվեն այդպիսիք»: Սուրեն Բաղդասարյան, քաղաքագետ, պատմ. գիտությունների թեկնածու. «Հարավկովասյան ժողովուրդները դեռ չեն սպառել անհատների ետեւից գնալու իրենց հակումները: Նման առաջնորդ հայկական «Ընտրություններ-2003» ծրագրում չկար: Սահակաշվիլին կարող է նման առաջնորդ դառնալ վրաց ժողովրդի համար, եթե կանգնի մինչեւ վերջ եւ թույլ չտա ժողովրդին ցրվել, իսկ ընդդիմությանը՝ բավարարվել խորհրդարանում ստացած տեղերով: Ադրբեջանում ընդդիմության առաջնորդի խնդիրը դարձյալ արդիական է, այդ պատճառով ադրբեջանական ընդդիմության կործանումն ավելի շոշափելի էր»: Գիա Նոդիա, «Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի» տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու. «Ի սկզբանե արմատական պահանջներ ներկայացնելով՝ բողոքի կազմակերպիչները հույս ունեին կառավարության գոնե ինչ-որ զիջումների: Բայց առայժմ նման զիջումներ չեն երեւում: Կառավարությունը հույս ուներ, որ ցուցարաները կհոգնեն եւ կցրվեն, բայց, չնայած երեք օր անընդմեջ տեղացող անձրեւին, նման բան էլ չի երեւում: Այս փակուղայն իրավիճակը չափազանց վտանգավոր է, քանի որ որքան երկարում է ակցիան, այդքան ռադիկալացվում է ցուցարարների միջուկը եւ այնքան դժվար է հետո գտնել փոխզիջման բանաձեւը: Աջարիայի եւ ազգային փոքրամասնությունների տարածաշրջանների մասին: Երկու կառավարական կուսակցությունները հիմնականում ձայներ հավաքեցին տեղերում (նախեւառաջ՝ ադրբեջանական, մասամբ՝ հայկական բնակչությամբ շրջաններում, Աջարիայում) այստեղ տիրող ընտրական ամենաթողության շնորհիվ: Հատկապես ողբերգական իրավիճակ է ստեղծվել Աջարիայում, որը հետեւողականորեն վարում է անջատողական շանտաժի քաղաքականություն. կամ ես կանեմ այն, ինչ կուզենամ, կամ՝ կանջատվեմ: Այս համատեքստում Աջարիան կարող է անընդհատ ավելացնել ընտրողների քանակը տասը հազարներով (ոչ ոք չի ստուգում), եւ համապատասխանաբար ավելացնել իր ներկայությունը համազգային մակարդակով: Աջարիայում անհուսալի բռնապետության եւ համեմատաբար ավելի լիբերալ Թբիլիսիի միջեւ կոնտրաստը չի կարող չբերել ճգնաժամի: Կամ Թբիլիսին պետք է դառնա Աջարիայի նման, կամ Աջարիայում պետք է բան փոխվի»: Կոնֆերանսի մյուս նյութերի ներկայացումը՝ հաջորդիվ: Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոն