Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքու-Ջեյհան»-ը հաղթարշավում է

Նոյեմբեր 14,2003 00:00

«Բաքու-Ջեյհան»-ը հաղթարշավում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի շինարարությունը, որի բուն մտահղացումն ի սկզբանե ռուսական եւ անգամ արեւմտաեվրոպական շրջանակներում համարվում էր աննախադեպ քաղաքական արկածախնդրություն, ստացավ ֆինանսավորման հերթական՝ հսկա չափաբաժինը՝ 250 մլն ամերիկյան դոլար։ Մոտավորապես 3 մլրդ դոլար արժեցող այս հավակնոտ նախագիծը, որի նպատակը կասպիական ավազանի նավթը Ռուսաստանի շրջանցմամբ Արեւմուտք մղելն է, երկար ժամանակ բուռն դիմադրության էր հանդիպում հենց Եվրամիության (բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայի) անդամ երկրների շրջանում, ինչն ակնհայտորեն նյարդայնացնում էր նախագծի հեղինակ եւ ոգեշնչող ԱՄՆ-ին։ Բանն այն է, որ հաշվենկատ Եվրոպան ոչ մի կերպ չէր հաշտվում մի կողմից նավթամուղի համար գրեթե կրկնակի թանկ վճարելու, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ գործընկերական հարաբերությունները բարդացնելու հեռանկարի հետ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Եվրոպան կտրուկ փոխեց իր վերաբերմունքն այս ձեռնարկման նկատմամբ, ինչն արտահայտվեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կայացրած որոշմամբ, որն է՝ վարկավորել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի շինարարությունը 250 մլն դոլարի չափով։ Ուշագրավ է, որ ՎԶԵԲ-ն իր այս վճիռը կայացրեց Եվրամիություն-Ռուսաստան բարձր մակարդակով փոխշփումների ֆոնին, ինչն առավել ակնհայտ է դարձնում ինչպես ԵՄ առաջատար երկրների «դոնորական» մտադրությունների լրջացումը, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ մինչ այդ ձեւավորված հարաբերականորեն բարեհաճ վերաբերմունքի փոփոխությունը։ Ռուսաստանի քաղաքագիտական շրջանակներում որեւէ հոդաբաշխ արձագանք այս առիթով դեռեւս չի եղել։ Հետաքրքիր է, որ այստեղ մինչեւ բոլորովին վերջերս անորոշ հույսեր էին փայփայում, թե «Բաքու-Ջեյհան»-ի համատեղ ֆինանսավորման հարցում ԱՄՆ-ԵՄ վերջնական համաձայնությունն այդպես էլ չի կայանա, ինչից, բնականաբար, Ռուսաստանն էլի մի որոշ ժամանակահատվածով կշահի։ Այդ հույսերը, սակայն, վերջնականապես ի դերեւ ելան ՎԶԵԲ-ի վերոհիշյալ վճռից հետո։ Ավելին, Եվրոպայում հույս ունեն, որ, այսպիսով, նաեւ կխրախուսվեն այն մասնավոր ներդրողները, որոնք ցանկություն կունենան ներգրավվել «դարի նախագծում»։ Ի վերջո, ո՞րն է խնդրո առարկա նավթամուղի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքի փոփոխության պատճառը։ Եվրոպական որոշ փորձագետներ ջանում են համոզել, որ արմատական փոփոխություններ առանձնապես տեղի չեն ունեցել, եւ նավթամուղի ֆինանսավորման եվրոպական չափաբաժնի ուշացումը պայմանավորված էր միայն Ադրբեջանում ու Վրաստանում կայանալիք ընտրություններով։ Սակայն, եվրոպական մամուլում ավելի շատ հակված են ՎԶԵԲ-ի որոշումը կապել ռուսաստանյան «ՅՈՒԿՈՍ» ընկերության շուրջ բարձրացած աղմուկի եւ, մասնավորապես, այդ ընկերության ղեկավար Խոդորկովսկու ձերբակալության հետ։ Ըստ այդմ, հիմնավորապես շրջանառվում է այն տեսակետը, որ Եվրոպայում ռուսական «տրանզիտի» եւ, առհասարակ, ռուսաստանյան նավթային քաղաքականության նկատմամբ մեծ անվստահություն է առաջացել։ Այսպիսով, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան»-ի առջեւ վերացված է վերջին՝ ըստ էության, պայմանական խոչընդոտը։ Ցավով պետք է արձանագրենք՝ բայց մեզ ի՞նչ։ Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել