Լրահոս
Օրվա լրահոսը

Շագանակներ՝ Հայաստանի ձեռքերո՞վ

Նոյեմբեր 14,2003 00:00

Շագանակներ՝ Հայաստանի ձեռքերո՞վ Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահի անսպասելի այցը Հայաստան, մեր քաղաքական շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց։ Ասլան Աբաշիձեի հայաստանյան հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվության բացակայությունն առավել խորացնում է պատկերը։ Այսպես, օրինակ, «Արդարություն» դաշինքը ներկայացնող Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Աբաշիձեն Հայաստան էր այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ բանակցելու (չնայած Աբաշիձե-Իվանով հանդիպման լուրը պաշտոնապես հերքվել է)։ Փաստը, որ դա տեղի ունեցավ Հայաստանում, Շ. Քոչարյանի կարծիքով, հիմք է տալիս ամրապնդելու այն տեսակետը, որ Հայաստանը Վրաստանի ներքին գործերին խառնվելու փորձեր է անում։ Սակայն մեր զրուցակիցների ցանկում գերակշռում է հակառակ կարծիքը։ ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը այցը, ճիշտ է, սովորական չի համարում, բայց նաեւ վստահ է, որ հարեւան երկրի ներքին գործերին խառնվելու միտում չկա։ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը զրույցում հիշեց, որ 1993 թվականին Հայաստանի իշխանությունները ողջամտորեն հրաժարվել են Վրաստանի ներքին գործերին որեւէ ուղղակի միջամտությունից։ Իսկ այժմ, նա քիչ հավանական, նույնիսկ անլուրջ է համարում նման հարցադրումը։ Աջարիայի Հանրապետության նախագահի այցը պրն Հարությունյանը երկու տեսանկյուններից է մեկնաբանում։ Նախ, ըստ նրա, այդպիսով Էդուարդ Շեւարդնաձեն, իրադարձությունների հնարավոր զարգացումների արդյունքում փորձում է կանխորոշել հարեւանների վերաբերմունքը՝ աջակցություն ստանալու առումով։ Ապա՝ «ստեղծել տպավորություն, որ հարեւանները կարող են աջակցել Շեւարդնաձեին»։ Ամեն դեպքում, Վրաստանի ներքաղաքական կյանքի կայունության եւ իրոք ժողովրդավարության համար, ըստ ՔԴՄ նախագահի, պետք է շահագրգիռ լինենք նաեւ մենք, քանզի հարցը պետք է դիտարկել տարածաշրջանային հարթությունում։ Իսկ հարեւանի ներքին գործերին խառնվելը, պրն Հարությունյանը գտնում է, որ պետք է բացառել եւ կարծում է, որ՝ «իշխանությունները դա լավ են հասկանում»։ Սույն կարծիքին մասամբ համաձայնեց նաեւ «Ազգային Միաբանությունը» ներկայացնող Աղասի Արշակյանը։ Նա եւս գտնում է, որ «հավանաբար, հնարավոր զարգացումների պարագայում, ճշտվում է Հայաստանի դիրքորոշումը։ Կարծում եմ, նրան ասել են, որ էնտեղ (նկատի ունի Վրաստանում.- Ն. Գ.) իրար միս ուտելը չի բխում նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից»։ Հայաստանի «դասական» կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանն առավել կտրուկ է իր դիրքորոշման մեջ. «Հայաստանը պետք է պահպանի Վրաստանի հետ բարեկամությունը եւ թույլ չտա, որ ապազգային ուժերն օգտագործեն հայ համայնքը։ Դրա վրա կարող է խաղալ վրացական ընդդիմությունը։ Եվ Աբաշիձեի այցը չպետք է դիտել իբրեւ միջամտություն»։ Բայց, քանի որ այցը «հանկարծակի» էր, մեր զրուցակիցը դժվարացավ մեկնաբանություններ անել։ Ինքնատիպ էր «Արժանապատիվ ապագան» ներկայացնող Լյուդմիլա Հարությունյանի տեսակետը։ Ըստ նրա՝ «Վրաստանը վերջապես հասկանում է, որ Հայաստանից կախում ունի»։ Տիկին Հարությունյանը նկատի ունի այդ երկրի հայ համայնքին, որը բավականին մեծ ընտրազանգված է։ Ապա, այն, որ Լ. Հարությունյանի կարծիքով՝ «մեզ հրավիրում են իրենց ճգնաժամը լուծելու՝ դրան պետք է լավ աչքով նայենք եւ դրական գնահատենք։ Այսօրվա իրավիճակը հօգուտ Հայաստանի է»։ Վճռական խոսքի իրավունքն, ամեն դեպքում, Լ. Հարությունյանը թողնում է երկրի ղեկավարներին. «մենք կտանք աջակցություն, թե՝ ոչ, թող երկրի իշխանությունը լուծի»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել