Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՍՏԵ՛Ր ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ»

Նոյեմբեր 14,2003 00:00

«ՓԱՍՏԵ՛Ր ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ» «27»-ի գործով կազմակերպիչներ մատնանշողներից պահանջում է այդ գործով տուժող, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: – Նաիրի Հունանյանի ճառի ամբողջ ընթացքին համախումբ ներկա գտնվեցին հանրապետական, դաշնակցական եւ պաշտոնյա այն տուժողները, որոնք մինչ այդ միայն ցուցմունք տալիս էին հայտնվել դատարանում: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ պատճառն այն է, որ կասկածում էիք, թե Հունանյանը կարող է մեղադրանքներ հասցեագրել Ռոբերտ Քոչարյանին, եւ այս խումբը պետք է հակահարված տար նրան: – Զուտ երեւակայության արդյունք են նման մեկնաբանությունները: Ես որպես տուժող էի մասնակցում եզրափակիչ փուլին՝ իմ շահերը պաշտպանելու համար, քանի որ ունեի ռեպլիկի իրավունք եւ ցանկանում էի լսել ամբաստանյալի խոսքը: Որեւէ տեղեկություն չունեմ, թե մյուս տուժողներն ինչու էին եկել, բայց դա նրանց իրավունքն է: Իսկ մեզ մեղադրողները լավ կլիներ՝ դատարանում պահանջեին այն, ինչ պահանջել եմ ես: – Այսինքն՝ որ ահաբեկիչներին կախեն Հանրապետության հրապարակում ու մարդիկ նրանց վրայից մի՞ս պոկեն գրամ առ գրամ: – Ոչ միայն: Թող պահանջեին գնդակահարել նրանց: – Տուժողների բոլոր ներկայացուցիչներն էլ միջնորդել են նրանց ենթարկել մահապատժի, սակայն ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը միշտ պնդել է, որ իր պաշտոնավարման օրոք Հայաստանում չի իրականացվի մահապատիժ: Ուստի եթե նույնիսկ դատաքննությունն ավարտվեր մինչեւ 6-րդ արձանագրության վավերացումը՝ միեւնույն է, ահաբեկիչները մնալու էին կենդանի: – Թե որ նախագահն ինչ է ասել՝ իր խնդիրն է: Նախկին «Քրեական օրենսգրքով» այս հանցագործության համար նախատեսվում էր մահապատիժ: Այն գործում էր մինչեւ վերջերս: Եվ եթե այսքան չձգձվեր դատը՝ դատարանն այս ոճրագործների նկատմամբ չէր կարող սահմանել այլ պատիժ, քան գնդակահարությունը: Փաստորեն իրենց այդ անհարկի միջնորդություններով հասցրին նրան, որ սրանք պետք է ստանան ցմահ ազատազրկում: – Հիշեցնեմ, որ Արմեն Տեր-Սահակյանին, «Դրոյի», «31»-ի եւ այլ գործերով նախկինում մահապատժի դատապարտվածներին նախագահը ներում շնորհեց եւ նրանց պատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: Նույնը կլիներ եւ «27»-ի խմբի պարագայում: – Չի կարելի նույնացնել այս բոլոր գործերը: «27»-ի ահաբեկչությունը ցնցեց աշխարհը: Եվ այս գործի պարագայում որեւէ մեկը չէր համարձակվի նման քայլի գնալ: Եթե դատարանն այդպիսի վճիռ կայացներ՝ ի կատար կածվեր գնդակահարությունը: – Ինչպե՞ս եք վերաբերվում Յուրի Բախշյանի այրու՝ տիկին Անահիտի պնդմանը, թե Դուք շահեցիք «27»-ի հետեւանքով: – Նա կին է, ուստի չէի ցանկանա պատասխանել այդ վիրավորանքին: Բայց ո՛չ նրան, ո՛չ էլ որեւէ մեկին չէի ցանկանա, որ «շահող» դառնան նման գնով: – «27»-ի գործի գլխավոր հարցն է, թե արդյոք ահաբեկիչները գործել են միայնա՞կ: Այժմ դատաքննության ավարտից հետո ունե՞ք այդ հարցի պատասխանը: – Ոճրագործ Նաիրի Հունանյանը նոյեմբերի 13-ի իր խոսքում նշեց այն դրդապատճառները, որոնցից «դրդված» կատարել է այդ սպանությունները: Նա ասաց, թե երկիրը գնում էր դեպի անդունդ, ծանրացել էր ժողովրդի սոցիալական վիճակը, տիրում էր բռնապետություն, միջազգային հանրության աչքում վարկաբեկված էր մեր երկրի հեղինակությունը, 1,5 մլն հայեր լքել էին Հայաստանը, ամբողջ իշխանությունը կենտրոնացել էր Վազգեն Սարգսյանի ձեռքում: (Նկատենք, որ այս գնահատականների մեծ մասը կրկնում է նաեւ իշխանական քարոզչությունը, թե միայն վերջին 3 տարիներին Ռոբերտ Քոչարյանը կարողացավ հաղթահարել այդ երեւույթները եւ երկրում ապահովել տնտեսական աճ.- Ա. Ի.): Եվ ըստ Նաիրի Հունանյանի՝ իբր այս ամենը տեսնելով՝ ինքը որոշել էր պայքարել այդ երեւույթների դեմ: Իսկ Վազգեն Սարգսյանի սպանությունն էլ բացատրեց այսպես, թե գիտեր, որ եթե նա կենդանի մնար՝ հրաման կտար, բանակն անպայման կշրջապատեր խորհրդարանը եւ ժողովուրդը չէր կարողանա գալ ու օժանդակել իրեն: Եվ ինձ համար ամենազարմանալին ու սարսափելին այն էր, որ երբ իր ճառն ավարտելուց հետո նա միջնորդեց վերսկսել դատաքննությունը՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը վեր կացավ եւ պաշտպանեց այդ միջնորդությունը: – Օլեգ Յունոշեւը նրանից ավելի վաղ՝ ի՛ր ճառում էր միջնորդել վերսկսել դատաքննությունը, եւ Հունանյանն է կրկնել նրան: – Փաստորեն «պաս» են տալիս իրար: Նաիրի Հունանյանը պաշտպանություն է խնդրում Յունոշեւից: Նա էլ պաշտպանում է Նաիրի Հունանյանի՞ն, հաստատում նրա ասածնե՞րը: Վազգեն Սարգսյանն Ազգային հերոս է, եւ ես գտնում եմ, թե նա այն Սպարապետն էր, որ 600 տարիների ընթացքում առաջին անգամ իսկապես վերադարձրել է հայկական հողեր, Հայաստանը դարձրել հաղթող երկիր: Իսկ երկրի սոցիալական իրավիճակը բացատրվում էր պատերազմական իրավիճակով: Բացի այդ՝ հասարակարգ էր փոխվել եւ այլն: Նաիրի Հունանյանն ասում է, թե Վազգեն Սարգսյանին սպանել է այս-այս-այս բաների համար: Իսկ Օլեգ Յունոշեւն իր ճառում ասում է, որ եթե դուք լինեք ոչ թե կազմակերպիչներ, այլ միայն կատարողներ, ապա ձեզ մեղմ պատիժ կհասնի: Ինչի՞ է դրդում նա: – Ակնհայտ է, թե ինչու է Յունոշեւը պահանջում վերսկսել դատավարությունը՝ նա բավարարված չէ հատկապես վերջին ամիսների քննությունից: Իսկ ոճրագործի շահագրգռությունը բոլորովին այլ է: Ուստի Ձեր զուգահեռը բավական արհեստական է: – Երկուսն էլ շահագրգռված են, որ երկարի դատաքննությունը: Օլեգ Յունոշեւն իր բիզնեսն է անում՝ ինչքան երկարի, այնքան շատ փող կստանա: Իսկ այդ տականքը ցանկանում է, որ երկարի, քանի որ մեկուսարանում անցկացրած ամեն օրը հաշվվում է 1,5: Բացի այդ՝ նա ցանկանում է մնալ ասպարեզում: Ես համոզվեցի, որ եթե դատարանի դահլիճում մարդ չի լինում կամ, ինչպես նոյեմբերի 12-ին եղավ՝ լրագրողները բոյկոտում եւ թողնում դուրս են գալիս՝ նա չի խոսում: Նրան հարկավոր է լսարան, որի առջեւ փորձի ներկայանալ ազգի փրկիչ: – Այնուամենայնիվ՝ ըստ Ձեզ, կայի՞ն պատվիրատուներ, ԱԱՆ-ն հնարավորություն ունե՞ր կանխել ծրագրվող ահաբեկչությունը: – ԱՄՆ-ի պես հզոր երկրում հնարավո՞ր էր կանխել «սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունը: – Հատուկ ստեղծված հանձնախումբը հետաքննությունից հետո որոշեց, թե հնարավոր էր՝ եղել էին կանխելու համար բավարար ահազանգեր: – Իսկ ինչո՞ւ չկանխեցին: Կարո՞ղ է Կենտրոնական հետախուզական վարչությունն ԱՄՆ-ի թշնամին էր, եւ թույլ տվեց, որ Բեն Լադենը հազարավոր մարդկանց դարձնի ահաբեկչության զոհ: Ցուցմունքներից երեւում է, եւ չե մ բացառում, որ միգուցե թե ինչ-որ մեկը եւ իմացել է: Բայց այդ մեկը պահել է իր մեջ: Պնդում եմ՝ իշխանություններին պարզապես չէր կարող ձեռնտու լինել «27»-ի ահաբեկչությունը: Եթե Վազգեն Սարգսյանն իսկապես խանգարեր Ռոբերտ Քոչարյանին, ապա կարիք չէր լինի նման ահաբեկչություն կազմակերպել ԱԺ-ում: Կան մարդուն թաքուն վերացնելու հարյուրավոր մեթոդներ: – Ռոբերտ Քոչարյանն արագորեն չստորագրեց «Քրեական օրենսգրքի» այն փոփոխությունը, որով Նաիրի Հունանյանը բանտից դուրս գալու հնարավորություն չէր ունենա: Սա խոսուն վկայությո՞ւն չէ: – Ես այդ կարծիքին չեմ: Եվ Նաիրի Հունանյանն էլ երեկ հայտարարեց, թե ինքն այդքան հիմար չէ. եթե կազմակերպիչներ լինեին՝ ինքը չէր սպանի, հետո հանձնվի: Ես կորցրել եմ արյուն, կորցրել եմ մարմնիս կեսը: Եվ պնդում եմ՝ թույլ չեմ տա, որ իմ արյան հետ նման խաղեր խաղան: Ունե՞ն փաստեր, որ կազմակերպիչներն իրոք նրանք են, ում իրենք մեղադրում են: Թո՛ղ ներկայացնեն այդ նյութերը՝ ես էլ կհրաժարվեմ պաշտոնիցս, կմիանամ նրանց ու կպահանջեմ, որ ովքեր էլ ուզում է լինեն պատվիրատուները՝ ավելի դաժան պատժի ենթարկվեն, քան կատարողները: Բայց «27»-ի դատավարությունը քաղաքականացնելն ան-բա-րո-յա-կա-նու-թյո՛ւն է: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել