Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 14,2003 00:00

ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Այդպիսին է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքը ՕԵԿ 6-րդ համագումարի ժամանակ հնչած ելույթների ընդդիմադիր պաթոսին կնախանձեին իրենց արմատական ընդդիմադիր համարող քաղաքական գործիչներն անգամ։ Մեր ունեցած տվյալներով, կոալիցիայի ներսում այս համագումարից հետո առկա լարվածությունը ավելի է խորացել։ Ինչպես հայտնի է, ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, մասնավորապես, այսպիսի հայտարարություն արեց. «որ ոլորտը բարձրացնում ես՝ գարշահոտություն է տակից փչում»։ Ակներեւաբար ակնարկվում էին կոալիցիոն գործընկերները։ Երեկ փորձեցինք ստեղծված իրավիճակի գնահատականը ստանալ ոչ թե վերոհիշյալ կուսակցություններից, այլ հակառակ ճամբարից։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նախ հարկ համարեց ասել, որ ինքը կոալիցիայի ներսում տեղի ունեցած գործընթացներին վերաբերում է առանց չարախնդության։ Միաժամանակ փաստեց, որ տարաձայնությունները երեկ չառաջացան։ Ըստ էության, հակասություններն արտահայտվեցին ոչ միայն ավանդների վերադարձման հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի, սակագների բարձրացման կամ Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառելու հեռանկարի շուրջ անթաքույց արտահայտված տարաձայնություններով։ Սամվել Բալասանյանի պատկերավոր գնահատականի հետ՝ գարշահոտության մասին, Վիկտոր Դալլաքյանը համաձայն է, սակայն նկատեց, որ կոալիցիոն կառավարության մասին խոսողները պետք է հիշեն, որ վարչապետը նույնն է մնացել, հիմնական նախարարները նույնն են, իսկ կոալիցիայի մեջ մտնող քաղաքական ուժերը աջուձախ հայտարարում են, թե իրենք ստանձնում են ամբողջ պատասխանատվությունը. «Այսինքն՝ այդ գարշահոտության համար պատասխանատու է նաեւ կոալիցիան։ Կապ չունի՝ մեկ ամսվա, թե չորս ամսվա համար։ Պատասխանատու են ոչ միայն գարշահոտության, այլ նաեւ դպրոցների օպտիմալացման ծրագրի իրականացման համար։ Եթե ծրագիրը որեւէ ուժի սկզբունքներին հակասում է, կա քաղաքակիրթ քայլ՝ կամ դուրս են գալիս տվյալ կառավարությունից, որն իրականացնում է տվյալ ուժի սկզբունքներին հակասող քաղաքականություն, կամ գոնե հրաժարվում են տվյալ ոլորտի նախարարի պաշտոնից։ Այսինքն, ճանապարհներ կան եւ պետք չէ միայն խոսել»։ Ըստ ամենայնի, կոալիցիոն անհանդուրժողականությունը կարող է սրվել 2004-ի բյուջեի քննարկման ժամանակ։ Չի բացառվում, որ խորհրդարանում ձեւավորվի նոր մեծամասնություն՝ հանձինս Ժողպատգամավորի, ՄԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, նաեւ Հանրապետականի այն մասի, որը գտնվում է պաշտպանության նախարարի ազդեցության տակ։ Վիկտոր Դալլաքյանն իր հերթին, լրացնելով շարքը, նկատեց, որ չի կարելի երրորդական նշանակություն տալ նաեւ Աջափնյակում տեղի ունեցած ընտրություններին։ «Արդարություն» խմբակցության քարտուղարը ներկայացրեց իր հերթական գծագիր-սխեման, ըստ որի, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա այսօր կարող են ազդել մի շարք գործոններ։ Նախ՝ «Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված նոր առաջարկությունները՝ վերջերս ես հանդիպումներ եմ ունեցել որոշ դիվանագետների հետ եւ նրանց տեսակետն այն է, որ առաջարկությունները մեզ համար բարենպաստ չեն կարող լինել,- պատմում է Վիկտոր Դալլաքյանը եւ շարունակում։- Հաջորդը «Հոկտեմբերի 27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության դատավարության հետ կապված զարգացումներն են, այսքանով այդ ամենը չի ավարտվելու։ Երրորդ հանգամանքը Իրանի հետ կապված դիրքորոշումներն են։ Այսինքն, չի բացառվում, որ Հայաստանը հաղորդակցության խնդիրներ կունենա։ Կարեւոր են նաեւ Վրաստանի զարգացումները. եթե այնտեղ շարունակվի անկայունությունը, մենք դարձյալ կունենանք հաղորդակցության խնդիրներ»։ Վ. Դալլաքյանը նկատեց, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա կարող են ազդել նաեւ սակագնային խնդիրները եւ սա, ըստ նրա, ամենեւին պետք չէ թերագնահատել։ Ստեղծված իրավիճակում չի բացառվում, «որ լարվածությունից օգտվելով, Ռոբերտ Քոչարյանը փորձի վարչապետ փոխել։ Դա կարող է լինել բյուջետային քննարկումների ընթացքում կամ հետո։ Սակայն մինչ այդ նա արդեն խորհրդարանում ապահոված կլինի իրեն ենթակա մի ուրիշ մեծամասնություն»։ Ըստ մեր զրուցակցի՝ Ռոբերտ Քոչարյանի համար կոալիցիան «շիրմա» է (քողածածկույթ) պատասխանատվությունից խուսափելու համար. «Ըստ այդմ, ես չեմ բացառում, որ հենց նախագահական նստավայրից է նետվել փոխնախարարների նշանակման սխեման, որպեսզի հանրությանը ցույց տան, որ տեսեք՝ երկիրը պրոբլեմներ ունի, իսկ կոալիցիան զբաղված է միայն պաշտոններ բաժանելով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել