Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԳԻՈՆԵՐՆԵՐԻՆ՝ ԱՅՈ, ԲԱՅՑ…

Նոյեմբեր 13,2003 00:00

ԼԵԳԻՈՆԵՐՆԵՐԻՆ՝ ԱՅՈ, ԲԱՅՑ… Ժամանակակից ֆուտբոլում առանց դրսից խաղացողներ հրավիրելու եւ աճեցրած սեփական կադրերին արտասահմանյան ակումբներ ուղարկելու՝ դժվար է միջազգային ասպարեզներում հաջողություններ ակնկալել։ Դա ապացուցված է վաղուց, դա վերջին շրջանում ապացուցվում է նաեւ Հայաստանի ակումբների ու հավաքականների օրինակով։ Մասնավորապես, հանրապետության այս տարվա չեմպիոնն ու փոխչեմպիոնն իրենց կազմերն ուժեղացնելու նպատակով թիմ են հրավիրել մի քանի լեգեոներականների, որոնք արդեն իսկ ներդաշնակվելով հայաստանցի ֆուտբոլիստների հետ, հաջող են հանդես գալիս թե երկրի ներքին առաջնություններում, թե միջազգային հանդիպումներում։ Ու պատահական չէ, որ բարձրագույն խմբի առաջնության ավարտից երեք տուր առաջ «Փյունիկը» նվաճեց ոսկե, իսկ «Բանանցը»՝ արծաթե մեդալները։ Փորձառուների կողքին ավելի արագ են աճում նաեւ երիտասարդները։ Իսկ դա հետագա մարզական կարիերայի գլխավոր նախապայմաններից է։ Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում եվրոպական ակումբների հետ հանդիպումներում ֆուտբոլիստներին հնարավորություն է ընձեռվում ցուցադրել իրենց իսկական կարողությունները, արժանանալ ավելի ուժեղ ակումբների ուշադրությանը։ Նույնը՝ նաեւ Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականներում։ Այլ խնդիր է, որ ֆուտբոլիստը եւ ակումբի ղեկավարությունը կարողանան կողմնորոշվել ու ճիշտ ընտրություն կատարել եղած առաջարկների մեջ։ Օրինակ, փյունիկցիներ Արման եւ Արտավազդ Քարամյանները մի քանի հրավեր ունեին։ Սակայն, մեզ թվում է, թե նրանք ավելորդ շտապողականության եւ ավելի հնչեղ անուն ունեցող երկրում խաղալու մեծ ցանկության պատճառով չկարողացան ճիշտ կողմնորոշվել ու մեկնեցին Հունաստանի առաջնության ամենաթույլ թիմ՝ «Պանախաիկի»։ Արդյունքը եղավ այն, որ թիմը դուրս մնաց լիգայից, Քարամյան եղբայրների խաղամակարդակն այդ ակումբում չաճեց ու նրանք ստիպված եղան իրենց համար նոր ակումբ փնտրել։ Դեռ լավ է, որ նրանց ի վերջո վերցրեց Կիեւի «Արսենալը»։ Բայց ստացվեց, որ Քարամյանների ֆուտբոլային կյանքի մեկ-մեկուկես տարին անցավ ի վնաս իրենց։ Անհերքելի է, որ վերջին մեկ տարում դրսում մեծացել է հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի եւ հայաստանցի ֆուտբոլիստների հանդեպ։ Ֆուտբոլային գործակալները սկսել են ավելի ուշադիր հետեւել մեր տղաների խաղին, տարբեր առաջարկներ անել այս կամ այն երկրի ակումբ տեղափոխվելու համար։ Եվ ուրախալի է, որ հայ ֆուտբոլիստներին իրենց թիմի կազմում տեսնելու ցանկություն են հայտնում արդեն Եվրոպայում ճանաչում ունեցող ակումբները։ Մասնավորապես, օրերս «Փյունիկի» եւ ազգային ու երիտասարդական հավաքականների հիմնական կազմերի խաղացողներ, հարձակվող Էդգար Մանուչարյանը եւ դարպասապահ Ապուլա Բետեն մեկնել են Մարսելի «Օլիմպիկ»՝ փորձաշրջան անցնելու։ Իսկ «Փյունիկի» եւ ազգային հավաքականի հարձակվող Գալուստ Պետրոսյանը ներկայումս գտնվում է Մոլդովայում։ Նրան հրավիրել է այդ երկրի բազմակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը»։ Ըստ ստացված տեղեկության, Գալուստը «Շերիֆի» կազմում արդեն մասնակցել է ընկերական մեկ հանդիպման եւ դարձել երկու գոլի հեղինակ։ Ճիշտ է, «Շերիֆը» չի կարելի համեմատել, ասենք, նույն «Օլիմպիկի» հետ, սակայն Մոլդովայի չեմպիոնը մի յուրօրինակ կապող օղակ է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ու եվրոպական թիմերի միջեւ։ Հուսանք, որ մեր երեք ֆուտբոլիստներն էլ դուր կգան իրենց հրավիրած ակումբներին ու նրանք իրենց կարիերան կշարունակեն այդ ակումբներում եւ հետագայում ավելի օգտակար կլինեն մեր ազգային հավաքականին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել