Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չեն հրավիրել «Արմմոնո» փառատոնին»

Նոյեմբեր 13,2003 00:00

«Ինձ չեն հրավիրել «Արմմոնո» փառատոնին» Ասում է դերասանուհի Անահիտ Թոփչյանը Չնայած ֆրանսիացի հանդիսատեսի դատին հանձնված նրա մոնոներկայացումները արժանանում են տեղի մամուլի ջերմ արձագանքներին։ Հոկտեմբերի 30172ին Անահիտ Թոփչյանի «Աստ հանգչի…» մոնոդրամը Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում դիտել է նաեւ հայ հանդիսատեսը։ – Հաճախակի՞ եք գալիս Երեւան եւ ամեն անգամ ի՞նչ եք տանում ձեզ հետ։ – Գալիս եմ ամեն տարի, աշխատում եմ հնարավորին չափ երկար մնալ։ Վերադառնում եմ իմ տունը, բացի այդ, վերջապես մասնագիտական հետաքրքրություններ ու պարտականություններ կան։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում կոմպրոմիսների «լայն ընտրություն» կար, որոնք ես մերժեցի՝ դժվարացնելով իմ կյանքը՝ բոլոր առումներով: Օրինակ՝ կարող էի վաղուց քաղաքացիություն ստանալ եւ ունենալ բոլոր արտոնությունները, մանավանդ նյութական: Անհավատալի է, բայց մինչ օրս չեմ արել։ Չկորցնելու համար հայրենիքս։ Եվ միշտ վերադարձել եմ այն հույսով, որ այս անգամ կմնամ վերջնականապես, բայց խորացող անորոշությունը դարձյալ ստիպում է հետ գնալ՝ մի նոր վերադարձի հույսով: 172 Օրերս ներկայացրած ձեր՝ «Աստ հանգչի…» մոնոդրամի հերոսուհին էլ կարծես նման մի իրավիճակում է: – Այո, նրա ձգտումն էլ շատ մեծ է հայրենիք վերադառնալու, սակայն վարանում է, դժվարանում է վերջնական որոշում ընդունել: Չնայած իմ եւ հերոսուհուս անորոշությունը նույնը չէ, բայց դա չի նշանակում, թե վարանելու լուրջ պատճառներ չկան, որ բարոյական մթնոլորտը հայրենիքում իսկապես լավացել է եւ մարդն իր հողի վրա իրեն դարձյալ տրորված չի զգա: Ահա այն բոլոր տխուր հարցականները, որ այսօր դարձել են դրսում գտնվող գրեթե բոլոր հայերի մտատանջությունը: Ահա թե ինչու որոշեցի հատկապես «Աստ հանգչի…»-ն ներկայացնել: Դա շատ արդիական է: – Իսկ ինչո՞ւ շարունակ մոնոդրամներ։ Կարծեմ անցյալ տարի էլ մի մոնոդրամ խաղացիք հեռուստատեսությամբ, որի նյութը դարձյալ տարագրության մեջ գտնվող մարդն էր: – Մենախոսությունն ինձ համար թատրոնի ամենաբնական կերպն է: Եթե նկատել եք, կյանքում փաստորեն չկա իսկական շփում, չկա երկխոսություն: Ամեն մարդ իրենով է տարված, նույնիսկ այն պահին, երբ թվում է, թե զրուցում է քեզ հետ: Չկա հաղորդակցություն: Ի դեպ, կարելի է նաեւ այդ մասին պիես գրել, որը դարձյալ կլինի մենախոսություն, այս անգամ երկու հոգու՝ միաժամանակ: Եվ հետո մենախոսությունը հնարավորություն է տալիս խոսելու ուղղակիորեն, քո անունից խոսելու քեզ հուզող, ժամանակի հետ կապված անհրաժեշտ խնդիրների մասին, անշուշտ գրական-գեղարվեստական որոշակի ձեւի մեջ: Մենաթատրոնը հասարակական-քաղաքական լուրջ խնդիրների տրիբունա կարող է դառնալ, կարող է անմիջական հաղորդակցության մեջ մտնել հանդիսատեսի հետ: Ես հիշում եմ, թե ինչպես «Արտագերս» մոնոդրամի իմ առաջին ներկայացումները պարզապես միտինգի էին վերածվում Ֆրանսիայում: Դա 1990 թ. էր, երբ արցախյան շարժումը համակել էր ամբողջ հայությանը: Ամեն մի բառը պայթյունի պես էր հնչում սրահներում: Հետաքրքիր է, որ նույն գործն այս տարի խաղացի Քյոլնում, եւ այս անգամ նույն տեքստը ուրիշ կերպ ընկալվեց: Միտինգային տրամադրություն այլեւս չկար, դա ասես մտորումներ լինեին Հայաստանի վերաբերյալ: – Իսկ ինչո՞ւ չմասնակցեցիք վերջերս Երեւանում տեղի ունեցած «Արմմոնո» փառատոնին: 172 Խորհուրդ կտայի այդ հարցն ուղղել դրա կազմակերպիչներին եւ ոչ թե ինձ, քանզի ես չեմ սիրում գնալ այնտեղ, ուր ինձ չեն հրավիրել: Լ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել