Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ» «ՀՅՈՒՍԹԸՆԸ»

Նոյեմբեր 13,2003 00:00

«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ» «ՀՅՈՒՍԹԸՆԸ» «Այն փաստը, որ տղամարդը բեմ է դուրս գալիս կնոջ հանդերձանքով ու կանացի ձայնով կատարում Հյուսթընի հանրահայտ հիթերը, մարդկանց գցում է շոկի մեջ»,- վստահեցնում է երգիչ Մարկ Ալեքսը։ Նա համոզված է, որ յուրաքանչյուր արտիստ պետք է կարողանա իրեն ճիշտ մատուցել սկուտեղի վրա։ Իսկ օրիգինալությունն, ըստ նրա, կախված է մարդու տեսակից։ Մ. Ալեքսին փոքր տարիքից ձգել է բեմը։ Իսկ երկրաշարժից հետո, երբ 13 տարեկան էր, կերպարանափոխված՝ որպես կին, նա ներխուժել է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի այն տարիների գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի աշխատասենյակ ու խնդրել, որ իրեն աշխատանքի վերցնեն։ «Պատկերացնո՞ւմ եք, 15 տղամարդկանցից որեւէ մեկը չկասկածեց, որ ես աղջիկ չեմ։ Հիշում եմ, թե հետագայում ինչ լկտի կանանց կերպարներ կերտեցի աշխատանք ստանալու համար»,- հիշում է արտիստը։ Նա պատմեց, որ իրեն ընդունել են թատրոն, ուր աշխատել է 2,5 տարի, այնուհետեւ ընդունվել է Թատերական ինստիտուտ։ «Ցավոք, մատներիս վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ եմ գնացել դասերի։ Պատճառն այն է, որ երաժշտությունն ինձ «տարել» էր»,- ասում է Մ. Ալեքսը։ Բուհն ավարտելուց հետո նա աշխատել է գիշերային ակումբներում որպես նմանակող, ինչի պատճառով էլ, իր ասելով, «ձայնը կորցրեց»։ «Միայն երկու տարի առաջ Աստված ինձ տվեց այն, ինչը մեզ մոտ եզակի երեւույթ է՝ ձայնի լայն դիապազոն»,- ասաց արտիստը։ Նա գտնում է, որ ինքը միակն է, որ Հայաստանում հանդես է գալիս կանացի յուրօրինակ ձայնով ու հագուկապով։ Բայց այս ամենը էժան չի նստել նրա վրա։ «Ընկերներս դավաճանեցին՝ հեռանալով ինձանից։ Գիտեմ, իհարկե, դա կապված էր իմ էքսցենտրիկ, աննորմալ վիճակի՝ ոչ ստանդարտ մարդ լինելու հետ»,- անկեղծացավ արտիստը։ Մ. Ալեքսն այսօր, իր խոսքով, կյանքից ջնջել է «վատ ֆայլերը»՝ կողքին թողնելով միայն իր երկու ընկերներին, որոնք պրոֆեսիոնալ պարողներ են։ Ներկայումս աշխատում է «Սայաթ-Նովա» ռեստորանային համալիրում, եւ աշխատանքի բերումով ստիպված է ժամերով դիմանալ 10 սմ-անոց բարձրակրունկ կոշիկներին։ Մ. Ալեքսը ցավում է, որ լուրջ եւ օրիգինալ արվեստով հետաքրքրվող մարդիկ չեն կարողանում զբաղվել իրենց համար նախընտրելի գործով, քանի որ Հայաստանում, նրա կարծիքով, չկան կարգին պրոդյուսերներ։ «Եթե այսպես շարունակվի, կգնամ արաբական երկրներ, որոնց մասին վատ կարծիք ունեն այստեղ։ Բայց այդ «հետամնաց» երկրի էլիտան լսում է ամեն ինչ՝ ջազից մինչեւ բլյուզ»,- հավաստիացնում է արտիստը։ Նա համաձայն չէ այն մտքին, թե իբր արվեստագետը արտերկրում ընկալվում է որպես «երկրորդ, երրորդ սորտի մի բան»։ Մինչ «Աստված նոր դուռ կբացի» իր համար, Մ. Ալեքսը առայժմ հաճույքով բարձրանում է «կլուբի» հարթակ, քանի որ ապրել է պետք։ Իսկ իր մասին հնչող թյուր կարծիքները փարատելու համար հայտարարում է, որ ազատ ժամանակն անցկացնում է իր սիրելի ընկերուհու հետ, որը մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործ է։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել