Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հիվանդ ենք օտարամոլությամբ

Նոյեմբեր 13,2003 00:00

Մենք հիվանդ ենք օտարամոլությամբ Պետական լեզվի գերակայության ապահովումն ազգային անվտանգության խնդիր է Երեկ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունն ամփոփեց «Մեր տանը՝ մեր լեզվով» նշանաբանով անցկացված՝ ցուցանակների ստուգման արդյունքների այն փուլը, որին մասնակցում էին նաեւ հ/կ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ խոսքն այն տնտեսավարող սուբյեկտների օտարալեզու ցուցանակների մասին է, որոնց տերերը խուսափում են մեսրոպյան գրերից: «Մեր հասարակական կյանքում կուտակված լեզվական խնդիրները հնարավոր է շտկել միայն հասարակական համատեղ ջանքերի շնորհիվ»,- նշեց տեսչության պետ Լեւոն Գալստյանը՝ ավելացնելով, որ այսուհետ պետք է շտկել լեզվաքաղաքական պայքարի ուղղությունները: Իսկ դրա համար, ըստ Լ. Գալստյանի, նախ պետք է մեծացնել պատժամիջոցների չափերը: Սակայն նշենք, որ եթե նույնիսկ այդ չափերը հասնեն 200-300 դոլարի, միեւնույն է, սուբյեկտը կարող է գերադասել տուգանքը վճարել, քան քառակի, հնգակի փող ծախսել՝ նոր, հայատառ ցուցանակ պատվիրելու համար: Եվ այստեղ է, որ ակտիվություն պետք է ցուցաբերեն նաեւ քաղաքապետարանը եւ մյուս բոլոր կառույցները, որպեսզի եւ՛ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն, եւ՛ գործնական՝ համապատասխան մարմինների կողմից ապամոնտաժվեն խախտումներով վահանակները: Ստուգայցերի արդյունքում ոչ բոլոր սուբյեկտներն են շտապում շտկել իրենց սխալը: Ավելին, նախօրոք բոլոր օբյեկտները զգուշացված են եղել այն մասին, որ «տհաճ հյուրեր» են ունենալու Լեզվի տեսչությունից, սակայն շարունակում են քամահրանքով վերաբերվել ակցիային: Տեսչության աշխատակիցները նշեցին, որ երկու անգամ ցերեկային ժամերի այցելել են «Manhattan bar»՝ խախտումն արձանագրելու, սակայն փակ է եղել, եւ տեսուչները պատրաստվում են այնտեղ այցելել գիշերային ժամերի: Եթե «Մանհեթըն»-ում «Առավոտ» կարդում են, ապա, ենթադրում ենք, այսուհետ գիշերներն այնտեղ նաեւ լեզվի տեսուչներին են սպասելու՝ կազմուպատրաստ, մասնավորապես՝ հագնված: Լեւոն Գալստյանը հիշեցրեց, որ պետական լեզվի գերակայության ապահովումը ազգային անվտանգության խնդիր է: Նշենք, որ Լեզվի տեսչությունը առաջիկայում պատրաստվում է ստուգայցեր կազմակերպել նաեւ Երեւան քաղաքի մի շարք պետական հանրակրթական դպրոցներում՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ ԿԳ նախարարության՝ «ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգի» պահանջներից ելնելով: Դրանք վերաբերում են հայերենի՝ որպես դասավանդման եւ դաստիարակության լեզվի գործածությանը դպրոցում, ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում հայերենի պարտադիր ուսուցման կազմակերպմանը, գործավարության հայերեն լեզվով կատարմանը, ցուցանակների, կնիքների հայերեն ձեւավորմանը: «ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգը» պահանջում է. ա/ ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաներին ընդունել հայերենով ուսուցմամբ առաջին դասարան, բ/ ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացիների երեխաներին ընդունել ազգային լեզվով ուսուցմամբ առաջին դասարան, իսկ դրա բացակայության դեպքում՝ հայերենով ուսուցմամբ 1-ին դասարան: Օրենքի այդ պահանջները հաճախ չեն կատարվում՝ բազմաթիվ դպրոցներում հայ երեխաների համար ստեղծվում են «լեւի» ռուսական դասարաններ: Նշենք, որ Լեզվի տեսչությունը դպրոցներում ստուգայցեր իրականացնելու համար իր ճանապարհին խոչընդոտներ ունի: Մեր տեղեկություններով դրանք կապված են ԿԳ նախարարության հետ: Մեր այս նկատառմանն ի պատասխան՝ Լեւոն Գալստյանը միայն նշեց, որ խոչընդոտները տեխնիկական բնույթ ունեն: Սակայն չժխտեց, որ իրենք հաճախակի են դժվարությունների բախվում՝ կապված տեսչության կարգավիճակի հետ. «Տեսչության կարգավիճակը վերականգնելու խնդիր կա»: Հիշեցնենք, որ մինչ ԿԳՆ ենթակայությանն անցնելը, տեսչությունը եղել է կառավարությանը կից անկախ հանրապետական մարմին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել