Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՃԱՌԸ ՎԵՐՋ ՉՈՒՆԻ

Նոյեմբեր 13,2003 00:00

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՃԱՌԸ ՎԵՐՋ ՉՈՒՆԻ Ինչպես նաեւ՝ նրա ստերը «Հոկտեմբերի 27» գործով երեկվա դատական նիստում գլխավոր դերակատարը դարձյալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանն էր, որը գրառումների մի ողջ տրցակ ձեռքին շարունակում է հանդես գալ ոչ թե պաշտպանական ճառով, այլ հակընդդեմ ճառով՝ ուղղված մեղադրողներին։ Նա երեկ ողջ օրվա ընթացքում հրապարակեց տուժողների ցուցմունքներից առանձին հատվածներ, որոնց մեջ փորձում էր անճշտություններ կամ հակասություններ գտնել։ Օրինակ, ամբաստանյալը վկայակոչեց Դավիթ Զադոյանի ցուցմունքի մի հատվածը, որտեղ Զադոյանն ասել էր, որ չի տեսել որեւէ մեկը ոտքով խփեր Լեոնարդ Պետրոսյանին։ Ամբաստանյալին ձեռնտու չէր, հավանաբար, հիշատակել այն տուժողների անունները, որոնք տեսել էին, թե ինչպես էր Կարեն Հունանյանը ոտքով հարվածել Լեոնարդ Պետրոսյանին։ Կամ Ն. Հունանյանն ընտրել էր Էդմոն Ծատուրյանի ցուցմունքի այն հատվածը, երբ նա ասել էր, թե հեռախոսները հավաքելու մասին խոսակցություն չի լսել։ Իհարկե, վիրավորված պատգամավորը հեռախոսները հավաքելու մասին խոսակցություն կարող էր չլսել, փոխարենը տասնյակ տուժող պատգամավորներ դատարանում ցուցմունքներ էին տվել, թե ինչպես էին հավաքել իրենց հեռախոսները եւ թե ինչպես էին այդ հեռախոսները հայտնվել քարտուղարության սեղանին։ Երեկ դարձյալ ամբաստանյալը միալար, սառնասիրտ փորձում էր արդարանալ, որ դահլիճում որեւէ մեկին 1999թ. հոկտեմբերի 27-ին ազատությունից չեն զրկել։ «Անգամ կոպիտ խոսք չենք ասել»,- արդարանում էր ահաբեկիչը, մոռանալով, որ ոչ միայն դատավարության մասնակիցները, այլեւ հազարավոր այլ մարդիկ՝ «27»-ի տեսաժապավենը դիտելիս լսել են սարսափելի հայհոյանքներ եւ սպառնալիքներ՝ ուղղված պատգամավորներին։ Ն. Հունանյանը, միամիտ ձեւանալով հարցրեց. «Ո՞վ կվերադառնա մի տեղ, ուր կյանքին վտանգ է սպառնում։ 91 մարդուց 30 հոգի են մնացել։ Նրանք գնացել են, երբ ուզել են ետ գալ՝ եկել են, տեսել են, որ իրենց վտանգ չի սպառնացել»։ Ամբաստանյալը դարձյալ չվկայակոչեց այն տուժողների ցուցմունքները, ուր նրանք հուզված նկարագրելով իրենց հոգեվիճակը, ասում էին, որ չէին կարող չվերադառնալ, որովհետեւ դավաճանության նման մի բան կլիներ եւ որ ԱԺ նիստերի դահլիճում իրենց ընկերներն էին։ Ն. Հունանյանը վկայակոչեց իր գրառումները, որտեղ կար «ելույթներ» բառը՝ խումբ-խմբակցությունների, Վազգեն Սարգսյանի ելույթը, հեռախոսազանգեր Ռոբերտ Քոչարյանին եւ Ազգային անվտանգության նախարարությանը։ Այս փաստաթուղթը նա վերծանեց այսպես. «Չէի կարող սպանել Վազգեն Սարգսյանին, երբ ծրագրել էի նրա հրաժարականի ելույթը։ Սպանության ծրագիր չի եղել, ակնկալվել է ձերբակալություն։ Եթե զանգ է նախատեսվել Ազգային անվտանգության նախարարություն, նշանակում է ես գիտեի, որ Սերժ Սարգսյանը դահլիճում չէ։ Մենք սպանություններից անակնկալի ենք եկել»։ Դահլիճում ներկա ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը տեղում անհանգիստ շարժումներ արեց եւ ռեպլիկներ էր թողնում։ Դատավոր Սամվել Ուզունյանն ասաց. «Երեք տարի ես եմ համբերատար լսում, պարոն Խաչիկյան, մի քիչ էլ դուք համբերատար լսեք»։ Հանգիստ չէր կարող լսել ամբաստանյալի ոչ այն է ճառը, ոչ այն է՝ ցուցմունքը տուժող Հերմինե Նաղդալյանը, որը, երբ հերթական ստախոսության ժամանակ բղավեց՝ ասելով «սուտ ես ասում», այստեղ դատավորը փոքր-ինչ հումորով նկատեց, որ ամբաստանյալն իրավունք ունի սուտ ասելու։ Սուտն այն աստիճանի էր, որ ամբաստանյալը, նկարագրելով Կարեն Հունանյանի հոգեվիճակը Վազգեն Սարգսյանի վրա կրակելուց հետո, ասաց. «Չի հիշել, թե ինչ է արել»։ Ապա մեջբերեց Կարեն Հունանյանի ցուցմունքի հետեւյալ հատվածը. «Մշուշի նման աչքերս փակվել են։ Իմ կամքին հակառակ ինչ-որ ուժ ձգանը քաշեց»։ Դատավոր Ուզունյանը նորից դիմեց ամբաստանյալին, ասելով, որ Կարեն Հունանյանն այդպիսի բան չի ասել։ Նա, ընդհակառակը, իր ցուցմունքներում ասել է, որ եղել է սթափ եւ եկել է ապստամբություն անելու։ Դատավորը հիշեցրեց, որ դահլիճում են Կարեն Հունանյանի պաշտպանը եւ ինքը՝ ամբաստանյալը եւ հորդորեց, որ նա իր պաշտպանական ճառն ասի։ Երեկ ժամը 15.40-ից մինչեւ 16.15-ը լրատվամիջոցները բոյկոտեցին ամբաստանյալի ճառը, միաժամանակ դուրս գալով նիստերի դահլիճից։ Սակայն դա էլ չփրկեց։ Ամբաստանյալը խոստացել է շարունակել ճառը եւ հանդես գալ միջնորդությամբ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել