Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ով է հավաքելու քանդած տնակների աղբը

Նոյեմբեր 13,2003 00:00

Ով է հավաքելու քանդած տնակների աղբը Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանը այդ գործն անելուց կտրականապես հրաժարվում են։ Գյումրին տնակներից ձերբազատվում է, փոխարենը կայծակնային արագությամբ լցվում է աղբով: Ըստ բնակիչների, քանդված տնակներից առաջացած «աղբեղենը»՝ փայտ, երկաթ, պենոպլաստ, «դարերով» անշարժ մնում են: «Եթե քաղաքային իշխանությունները փող չունեն, մենք առավել եւս չունենք. ի վիճակի չենք սեփական միջոցներով ուրիշների թողածը մաքրելու»,172 դժգոհում են վերջիններս: Իսկ որոշ թաղերում հասցրել են աղբահանման արժեքը որոշել: Օրինակ՝ Շիրակացի 25ա շենքի բնակիչները դա $ 500-600 են գնահատում: Սակայն կուտակված տախտակը կամ էլ երկաթն այդքան չի թունավորում, որքան ծակծկող, քոր առաջացնող մեծ քանակությամբ ապակու փոշին՝ ստեկլովատը: Ինչպես ասում է գյումրեցիներից մեկը՝ «Հիմա էլ փոշու տեղ ստեկլովատ ենք շնչում»: Քամին հասցրել է այն տարածել ամբողջ քաղաքով մեկ: Բժիշկների հավաստմամբ, քաղաքում այս նյութի երկարատեւ առկայությունը թոքերի հիվանդության պատճառ կդառնա: 234 տարածքի բնակիչների դժգոհությամբ, իրենք իսկական տնային կալանքի են ենթարկվել. «ոչ պատուհան բացել է լինում, ոչ լվացք փռել, ոչ էլ երեխաներին դուրս թողնել»: Իսկ քանդվող տնակների թիվն օրեցօր ավելանում է: Պաշտոնապես չգրանցված, բայց մեծ ճանաչում ունեցող «քանդող բրիգադները» անչափ օպերատիվ են աշխատում, ամենաուշը երկու օրվա ընթացքում իրենց գործը հոգում են ՝ քաղաքի տարբեր վայրերում մոտ 6-7 տեղ, տնակներից ստացված «առողջ» շինանյութը վաճառում են, ՝թափոններն էլ հարեւաններին «նվեր» թողնելով՝ հեռանում: Տեղական իշխանություններն էլ աղբ թափելու աշխատանքներից հրաժարվում են՝ հարցի լուծումը մեկը մյուսի վրա գցելով: Մարզպետարանից պատասխանում են, որ քաղաքապետարանն է համայնքի մաքրության հարցերով զբաղվելու, քաղաքապետարանից էլ ճիշտ հակառակն ենք լսում: «Մարզպետարանն է այդ կապակցությամբ փողեր շահում, նրանք էլ պարտավորվում են մաքրելու»,- ասում է քաղաքապետարանի լրատվական բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը: Վերջինս նաեւ հավաստում է, որ այս տարվա ապրիլի 2-ին ֆինանսների նախարարությունում ազատված տարածքների մաքրման ու բարեկարգման նպատակով մրցույթ է տեղի ունեցել եւ մարզպետարանի իրենց (քաղաքապետարանին) անհայտ ինչ- որ կազմակերպություն 30 մլն դրամ է շահել: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանն Էլ շահածի իմաստը այլ կերպ է մեկնաբանում: Եթե տարածքը նախատեսված է պետական բյուջեի կամ Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցապատելու, շինարարություն ծավալելու համար, իրենք այս դեպքում են միայն տնակների տեղահանման ու տեղանքի հարթեցման աշխատանքներ իրացնում: Ըստ նրա, աղբահանությունը լրիվ ուրիշ հարց է: «Եթե բնակիչը տնակը մեզ չի հանձնում, որի համար եւ մեզնից տեղեկանք չի ստանում, այլ ինքն ուրույն է վաճառում, ապա պետք է բարեհաճի իր թողած աղբը մաքրել»,- ասում է վարչության պետը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել