Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ԿՏՐՎԱԾ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 13,2003 00:00

ԲՅՈՒՋԵԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ԿՏՐՎԱԾ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Իսկ կանխատեսումները ռիսկային են 2004թ. պետական բյուջեի նախագիծը մի շարք դիտարժան կետեր է պարունակում, բայց կնշենք միայն մի քանիսը։ Մասնավորապես, իրական վիճակից կտրված են մատուցվում էներգետիկայի եւ ջրային տնտեսության զարգացման վերաբերյալ ՀՀ կառավարության մտադրությունները, որոնք արտահայտված են բյուջետային ուղերձում։ Օրինակ, կառավարությունն այդ փաստաթղթում մեծ կարեւորություն է տալիս «Էներգետիկային վերաբերող հարցերում հասարակության կրթման եւ լուսավորման գործընթացին, ինչպես նաեւ պետական կազմակերպություններում ծախսարդյունավետ էներգախնայողության սկզբունքների մշակման եւ ներդրման գործում պետության ղեկավար դերին»։ Կառավարությունը մտածում է նաեւ էներգետիկ անկախության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, կառավարությունը հենց վերջերս չէ ուրիշ պետության տնօրինությանը հանձնել իր երկրի էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների ծանրակշիռ մասը։ Բոլորն էլ՝ ռազմավարական նշանակության։ Ընդ որում, այնպիսի պետության (ՌԴ-ի), որն ինքը շատ լուրջ է վերաբերում էներգետիկ անվտանգության ու անկախության խնդիրներին: Ըստ ոչ պաշտոնական վարկածի, ՌԴ իշխանությունները Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ հետապնդումներն սկսեցին այն բանից հետո, երբ տեղեկացան, որ նա պատրաստվում է վաճառել սեփականությունը, որն առանձին հաշվարկներով կազմում է Ռուսաստանի նավթային հզորությունների 30 տոկոսը։ Էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունները պարտքի դիմաց ուրիշ երկրի հանձնելուց հետո հույսը խնայողության վրա դնելը լուրջ չէ։ Անկախության հարցում էական փոփոխություն չի ապահովի անգամ վառելիքամատակարարման ուղիների բազմազանեցման (Իրան-Հայաստան գազամուղի մասին է խոսքը) մտադրությունը։ Նույն տարածությունն առկա է նաեւ ջրային տնտեսության իրական վիճակի եւ այդ համակարգի զարգացման վերաբերյալ կառավարության ծրագրի միջեւ։ Այս համակարգում կառավարությունը մտադիր է բարելավել խմելու եւ ոռոգման ջրերի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման աշխատանքները։ Այս ճանապարհին կառավարությունը մի շարք միջոցառումներ է նախատեսում՝ վարձավճարների հավաքագրման արդյունավետությունից մինչեւ ջրի կորուստների նվազեցում։ Բայց չգիտես ինչու, այս ոլորտում շահագործող ընկերության նկատմամբ «խիստ հսկողություն» չի նախատեսում սահմանել պայմանագրային դրույթների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես, ասենք, կապի դեպքում։ Մինչդեռ, ջրամատակարարման վիճակն արդեն կապից վատ է։ Բացի այդ, երկրի տվյալ տարվա տնտեսական զարգացումներն արտացոլող գլխավոր փաստաթղթում որեւէ կերպ արտացոլված չէ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու վերաբերյալ երկրի նախագահին ու երեւանցիներին տված Գագիկ Մարտիրոսյանի խոստումը։ Հարկ է նկատել, որ շատ ավելի իրատեսական պատկեր է տրանսպորտի վերաբերյալ կառավարական ծրագրերում: Այստեղ գլխավոր շեշտը դրվում է ճանապարհաշինության վրա։ Ընդ որում՝ ամբողջ հանրապետությունով մեկ։ Այս տեմպերով շարունակելու դեպքում, շուտով հանրապետության ավտոճանապարհների մեծ մասը կառուցված, վերակառուցված կլինի, ինչպես ծրագրված է։ Ուշադրության արժանի է նաեւ կառավարության եկող տարվա հարկաբյուջետային քաղաքականությունը, որն արձանագրելով հանդերձ, որ բյուջետային եկամուտների հաշվեկշռում անուղղակի հարկատեսակների բաժինն ավելի մեծ է, քան ուղղակի հարկերինը, այդ հարաբերակցությունը փոխելու մեխանիզմներ չի նախատեսում։ Եկող տարվա տնտեսական առաջընթացի վերաբերյալ կառավարության զեկույցի մյուս արժանահիշատակ կետը արտաքին պարտքի աճի փաստն է։ Երկրի արտաքին պարտքը զուտ թվային արտահայտությամբ կաճի, չնայած ամենածանր պարտքն արդեն մարված է («Գույք պարտքի դիմաց» բանաձեւով)։ Կառավարության մեկնաբանությամբ, դա իրականում չի նշանակում, որ արտաքին պարտքն մեծանում է, որովհետեւ ՀՆԱ-ի նկատմամբ փոքրանում է դրա հարաբերակցությունը։ Տրամաբանությունը մոտավորապես հետեւյալն է. քանի որ ՀՆԱ-ն մեծ տեմպերով շարունակելու է աճել, ուստի մի քանի միլիարդով ավելի պարտքը թիվ չի կազմելու։ Սակայն ավելորդ չէ նկատել, որ արտաքին պարտքը կոնկրետ, իրական թիվ է, իսկ ՀՆԱ-ի աճը՝ կանխատեսում, ենթադրություն, մեծ ցանկություն։ Սա կառավարությունն էլ է ընդունում եւ նշում, որ այդ «կանխատեսումները չեն կարող չպարունակել անորոշության որոշակի ռիսկեր»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել