Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԲԱՇԻՁԵԻ «ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»

Նոյեմբեր 13,2003 00:00

ԱԲԱՇԻՁԵԻ «ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ» ՌԴ Պաշտպանության նախարար Ս. Իվանովը, «ըստ չհաստատված տվյալների», Երեւանում հանդիպել է Ասլան Աբաշիձեի հետ: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է երեւանյան աղբյուրը: Նրանց խոսակցության բովանդակության մասին, սակայն, որեւէ բան չի հաղորդվում: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ նախօրեին վրացական ընդդիմության ղեկավարներ Սաակաշվիլին եւ Ժվանիան «Մզե» հեռուստատեսության եթերում հայտարարել են, թե «քաղաքական սուր ճգնաժամի պայմաններում գտնվող Շեւարդնաձեն» Ասլան Աբաշիձեին գաղտնի առաքելությամբ ուղարկել է Երեւան եւ Բաքու՝ անհրաժեշտ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Ժվանիան, մասնավորապես, կարծիք է հայտնել, թե Շեւարդնաձեն, հանձին Աբաշիձեի, տեսնում է իր փոխանորդին: Ըստ այդմ՝ Աբաշիձեին կառաջարկվի դառնալ խորհրդարանի նախագահ, իսկ քիչ ավելի ուշ Շեւարդնաձեն, արդեն իր համար ընդունելի պայմաններում կհեռանա, իսկ Աբաշիձեն «ավտոմատ կերպով» կդառնա նախագահ: Ժվանիան չի բացառել, որ հենց այս սցենարի կենսագործման համար է Շեւարդնաձեն փորձում ստանալ միաժամանակ Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի աջակցությունը: Իր հերթին, Միխայիլ Սաակաշվիլին Ասլան Աբաշիձեի Երեւան կատարած այցի կապակցությամբ մտավախություն է հայտնել, թե Հայաստանում եւ Բաթումիում տեղակայված ռուսական ռազմակայանները կարող են օգտագործվել Վրաստանի դեմ` հաշվի առնելով ստեղծված լարվածությունը: «Արմինֆո»-ի հաղորդմամբ, Մ. Սաակաշվիլին նաեւ չի բացառել, որ Ջավախքի հայությունը կարող է հակապետական կեցվածք որդեգրել: Այս մտահոգության կապակցությամբ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում Խորհուրդը, մասնավորապես, նշել է, որ տարածաշրջանի հայ ազգաբնակչությունը նույնիսկ քաղաքացիական պատերազմի տարիներին սադրանքի չի գնացել եւ միշտ եղել է պետության կողքին: «Նույնը կլինի նաեւ հիմա, իսկ Սաակաշվիլու մտահոգությունը ավելի շուտ սադրանք է, քան մտահոգություն»,- ասվում է հիշյալ հայտարարության մեջ: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Շեւարդնաձեի երեք խորհրդականներ միաժամանակ հրաժարական են տվել, իրենց քայլը բացատրելով, թե ժողովրդի կամքին չեն կարող հակառակ գնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել