Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԲԱԶՄԱՀԱՐԿԵՐ

Նոյեմբեր 13,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԲԱԶՄԱՀԱՐԿԵՐ Որտեղ կնստի 64 փոխնախարար «Վերջերս Կանադայում էի (ուղղակի օրինակ եմ ասում), գնացինք օգնության ֆոնդի գրասենյակ եւ մի հետաքրքիր պատկեր ստացվեց։ Մի ամբողջ շենք՝ բարձրահարկ, մոտ 23 հարկանի, միայն մեկ օֆիսի էր տրամադրված, որն ամբողջովին զբաղված էր օգնության խնդիրներով։ Այնտեղ տեղակալների թիվը մոտ 64 էր ու տարբեր գծերով։ Դուք պատկերացրեք, ինչքան էլ մենք ասենք, միեւնույն է, տեղակալներ շատ են պետք, այսինքն՝ տարբեր գծերով։ Չի կարելի ասել՝ շատ է, թե քիչ։ Եթե մարդը մասնագետ չէ եւ ուղղակի փոխնախարար է գնում հաճույքի համար, բնականաբար, իրեն պետք է անգործության մատնի, որպեսզի քաղաքական դաշտում չերեւա, թե նա ինչ է կատարում։ Եվ ինձ թվում է, որ փոխնախարարները ոչ թե 4-ը կամ 5-ը պիտի լինեն, այլ տարբեր գծերով, որպեսզի երկիրը զարգանա։ Իրականությունը սա է, քաղաքակիրթ աշխարհում այսպես է։ Ես եղել եմ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունում, նմանատիպ բարձրահարկ շենք էր՝ իր չափերով ու աշխատակիցներով այնքան շատ, որ կարողանար լավ աշխատել։ Մեծ աշխատակազմ են վերցնում, որպեսզի ամեն մարդ շատ փոքր ոլորտներում սկսի աշխատանք տանել։ Բայց մեզ մոտ, ուղղակի, գիտեք, բյուջեի խնդիրներ կան, ուրիշ խնդիրներ կան»,- այսպես բացատրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, երբ փորձեցինք ճշտել՝ կոալիցիոն պայմանավորվածությունների շրջանակում նշանակվող փոխնախարարների թիվը արդյոք չափազանց չի՞ ուռճացվում եւ արդյո՞ք կա անելիք բոլոր փոխնախարարների համար։ Մեր հարցման առիթն այն էր, որ հերթական կառավարական «կուբիկ-ռուբիկը», այս տարի արդեն կոալիցիոն գունավորմամբ, կարծես թե, ամբողջացել է եւ երեք կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն այլեւս կարող են իրենց գոհ ու բախտավոր զգալ։ ՀՅԴ բյուրոյի հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չփորձեց որեւէ այլ երկրի բարձրահարկերի օրինակով արդարացնել կոալիցիոն նշանակումները, սակայն փաստեց, որ տեղի ունեցածը ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումն է. «Այդ առումով, իհարկե, ընթացքը ճիշտ է։ Մենք սկզբունքային համաձայնություններ ենք ձեռք բերել եւ դրանք իրականացվում են։ Վստահ ենք, որ այդպիսի նշանակումներով կրկնակի կլինի պաշտոնյաների պատասխանատվությունը։ Նրանք իրենց աշխատանքի համար պետք է պատասխան տան կառավարության ներսում, նաեւ քաղաքական պատասխանատվություն կրեն իրենց առաջադրած կուսակցությունների առջեւ։ Եվ սա կմեծացնի պատասխանատվության խնդիրը, որի պակասը, դժբախտաբար, Հայաստանում միշտ եղել է։ Այս քայլերի նպատակը պատասխանատվության խնդիրն ավելի հստակեցնելն ու հասցեավորելն է»։ Սակայն չի բացառվում, որ նոր նշանակված փոխնախարարները կհայտնվեն անգլիական թագուհու վիճակում՝ ունենալով աշխատասենյակ, ծառայողական ավտոմեքենա եւ քարտուղարուհի, կմնան խաղից դուրս եւ զրկված կլինեն աշխատանքային լծակներից։ Բազմաթիվ են նախարարաց դասից հնչող սպառնալիքները, թե իրենց վզին փաթաթած կուսակցական փոխնախարարներին իրենք հենց այդ վիճակում էլ թողնելու են։ Նախարարներին էլ (հատկապես՝ երկարամյա) կարելի է հասկանալ։ Նրանք գիտակցում են, որ կոալիցիոն փոխնախարարներն անցողիկ են, այսօր կան, վաղը՝ չկան, ուրեմն ինչու նրանց առաջ բացել պաշտոնի բոլոր հմայքները։ Արմեն Ռուստամյանը նման մտավախություն չունի։ Նա, ի տարբերություն մեզ, ավելի լավատես է. «Ես կարծում եմ, որ նախ անելիք կա։ Եթե անելիք չլիներ, բոլոր պրոբլեմները լուծված կլինեին։ Եվ եթե նախարարները առաջնորդվեն (հուսով եմ՝ կառաջնորդվեն) այն գիտակցությամբ, որ պետք է իրականացնել ստանձնած պատասխանատվությունը եւ պարտավորությունները, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ովքեր աշխատելու են՝ կաշխատեն, եւ իրենց աշխատանքով կնվաճեն թե՛ աշխատելու դաշտ, թե՛ գործունեության հնարավորություն»։ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կոալիցիայի նշանակումների վերջին շտրիխների նպատակահարմարության մասին մեր հարցին պատասխանելով, ասաց, որ փոխնախարարների պաշտոնները չպետք է լինեն վերացական, այլ պիտի կարգավորեն այս կամ այն ոլորտը. «Հուսով եմ, որ այս ընթացքում, այս սկզբունքից դուրս, փոխնախարարների պաշտոններ չեն ստեղծվել։ Մնացյալը կմնա նախարար-փոխնախարար աշխատանքային հարաբերություններին։ Պետք է հուսալ, որ այնուամենայնիվ կկարողանան միասին աշխատել։ Ի վերջո, նախարարությունը որեւէ մեկի անձնական ընկերությունը չէ, որտեղ պիտի հարաբերությունները կառուցեն ցանկությունների վրա։ Մյուս կողմից, չի կարելի բացառել, որ ինչ-ինչ աշխատանքներ կարող են համատեղ չստացվել։ Այստեղ ողբերգություն չկա։ Կարելի է նաեւ փոփոխություններ անել։ Ի վերջո, փոխնախարարներն ու նախարարները չեն նշանակվում ամբողջ կյանքի համար»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել