Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԿԱ ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Նոյեմբեր 12,2003 00:00

ԵՐԲ ԿԱ ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այս տարի երկրորդ անգամ անընդմեջ դարձավ դպրոցականների սպարտակիադայի հաղթող եւ արժանացավ դրամական խոշոր մրցանակների։ Նման մարզական-մասսայական մրցումներում երկու անգամ առաջին տեղը գրավելը երեխաների շրջանում ֆիզիկական դաստիարակության ոլորտում ամենօրյա աշխատանքի հետեւանք է. մի բան, որ այնքան էլ հաճախ չի պատահում հանրապետության դպրոցներում։ Օրերս Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային այցով եղավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ ծանոթանալով աշակերտների շրջանում առողջության պահպանման եւ ամրապնդման, ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման դրվածքին, դրանք, դատելով սպարտակիադային մասնակցության արդյունքներից պետք է որ ընդօրինակման արժանի լինի։ Այս ենթադրությունը հաստատվեց տեղում։ Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հյուրին եւ նրա ուղեկիցներին ցույց տվեց երեխաներին ֆիզկուլտուրայով զբաղվելու համար ստեղծված պայմանները, ծանոթացրեց առաջիկա ծրագրերին։ Տպավորիչ էին կրթօջախի տնօրինության մտահղացումները՝ կապված կրթահամալիրի ամբողջ տարածքում, դա լինի բացօթյա, թե շենքային պայմաններ, յուրաքանչյուր քառակուսի մետրը արդյունավետ ու նպատակային օգտագործելուն։ Արդյունքում գտնվել են խաղադաշտերը, վազքուղիները, մարզադահլիճները առարկայական մյուս դասարաններից առանձնացնելու ինքնատիպ լուծումներ, որպեսզի ընդհանուր ուսումնական գործընթացը չխաթարվի։ Բացի դա, այդպես շրջակա թաղամասերի բնակիչներին նույնպես առողջության պահպանմամբ օրվա ցանկացած ժամի զբաղվելու հնարավորություն է ընձեռվել։ Ընդհանուր տպավորությունն, իրոք, լավ էր, ոգեւորող։ Սակայն մարզադահլիճների առատության մեջ հատկապես առանձնանում էր վարժասարքերի սրահը, որտեղ մարզվել կարող են ոչ միայն աշակերտները, այլեւ ուսուցիչներն ու ծնողները։ Ու բոլորն էլ ուրախությամբ արձանագրեցին, որ այդքան հագեցված սրահ, այն էլ պետական հիմնարկությունում, հանրապետության ողջ տարածքում չես գտնի։ Աշոտ Բլեյանը, խոսելով իրենց իսկ կազմած ծրագրերի մասին, ներկայացրեց նաեւ հոգսերն ու խնդիրները, որոնք միայն սեփական ուժերով եւ միջոցներով հնարավոր չէ լուծել։ Դրա համար զգացվում է նախ պետության, ապա համապատասխան մարզական կազմակերպությունների, շահագրգիռ անձանց, ձեռներեցների աջակցությունը։ Այցելության ավարտին Ի. Զաքարյանն ասաց հետեւյալը. «Այցիս նպատակը այս կրթահամալիրի մարզական պայմաններին ծանոթանալն էր։ Այն, ինչ տեսա, բավականին հետաքրքիր էր, լավ։ Համոզված եմ, եթե մեր մյուս դպրոցներն այս մեկի հնարավորությունների կեսն ունենան, ֆիզկուլտուրա առարկայի հանդեպ լինեն այսքան սրտացավ, առկա խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն։ Իհարկե, կան նաեւ լուծում պահանջող հարցեր։ Դրանց շուրջ կրթահամալիրի տնօրինության հետ պայմանավորվեցինք։ Ամենամոտ ապագայում ես նրանց կոնկրետ առաջարկություններ կներկայացնեմ ու, կարծում եմ, դրանք աստիճանաբար օրակարգից դուրս կգան»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել