Լրահոս
Օրվա լրահոսը

Նշաձեւ աչքերի տիրակալը

Նոյեմբեր 12,2003 00:00

Նշաձեւ աչքերի տիրակալը ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանն իրեն ավելի շատ բանաստեղծ է համարում Անշուշտ, իր խառնվածքով ու ներքին էությամբ նա նախ եւ առաջ բանաստեղծ է, որովհետեւ «բանաստեղծում», իր խոհերն ու ապրումներն արտահայտում է գույներով: Այնքան վառ ու տպավորիչ է նրա գունաշխարհը, որ արտահայտած թեման երբեմն ետին պլան է մղվում, դառնում ածանցյալ ու ստորադաս: Ու արվեստասերի հիշողության մեջ ավելի շատ մնում է վրձնահարվածների այն հրավառությունը, գույների այն խրախճանքը, որ տեսնում է նրա կտավներում: Դրանց կենտրոնում ինքը՝ բանաստեղծ-նկարիչն է: Նրա արտիստիկ հայացքը (շատ դեպքերում՝ նաեւ կերպարը) առկա է թե՛ բնանկարներում ու պատմական թեմաներով կտավներում, թե՛ նատյուրմորտներում եւ գրքային նկարազարդումների մեջ: Էլ չենք խոսում նկարչի նախասիրած ժանրի՝ դիմանկարի մասին: Հարյուրավոր մարդկանց է նա նկարել՝ միմյանցից տարբեր ու բազմազան: Բայց դրանցից յուրաքանչյուրի մեջ եւ յուրաքանչյուրի միջոցով նա նաեւ իրեն է նկարել, ու դրանցից յուրաքանչյուրը վերջին հաշվով Ալեքսանդր Գրիգորյանի ինքնադիմանկարն է: Ամեն մեկում կա նկարչի շունչն ու յուրահատուկ հայտանիշը՝ նշաձեւ խոշոր աչքերը: Այդ դիմանկարները դիտողին «ճանաչողության հաճույք» պատճառելուց զատ նաեւ հնչում են՝ որպես կյանքի ու մարդկային գեղեցկության ձոներգեր: Դրանք հաստատումն են նկարչի այն կենսափիլիսոփայության, թե մարդկային կյանքը մեզ ի վերուստ տրված պարգեւ է: Գույների իսկական տոն են նաեւ նրա բնանկարները: Ասել, թե դրանց վրա առկա է Մարտիրոս Սարյանի ստեղծագործական հանճարի կնիքը, նշանակում է առանձնապես շատ բան չասել: Ինքը՝ նկարիչը, դա մեծ պատիվ է համարում, բայց եւ շատ լավ գիտե իր արվեստի ինքնատիպությունը: Ուրույն ոճ ունեցող նկարիչը չէր կարող իր երկարատեւ ստեղծագործական ճանապարհի մի հանգրվանի չանդրադառնալ հայ ժողովրդական հեքիաթների ձեւավորմանը: Ալեքսանդր Գրիգորյանի գրքային նկարազարդումները խորն են ու տպավորիչ: Այստեղ զարմացնում է հատկապես մի բան. ինչպե՞ս կարող էր արեւելաբույր կոլորիտով հատկորոշվող նրա վրձինը մի հրաշքով վերափոխվել ու գրաֆիկայի ժլատ գծերով արտահայտել արեւմտյան այնպիսի մի աշխարհ, ինչպիսին Շեքսպիրինն է: Նա Շեքսպիր նկարազարդող առաջին եւ, որքան տեղյակ եմ, առայժմ միակ հայ նկարիչն է: Վարպետն այսօր եւս ստեղծագործում է պատանեկան ավյունով: Եթե նա տանն է, ուրեմն նստած է նկարակալի առջեւ: Նկարելը նրան բավականություն է պատճառում: Նույն բավականությունն է զգում նաեւ արվեստասերը՝ դիտելով այս մռայլ կյանքը հեքիաթի վերածած նկարչի գունագեղ կտավները: ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել