Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Նոյեմբեր 12,2003 00:00

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Ահա թե ինչի է պատրաստ թավջութակահարուհի Կարինե Գեորգյանը Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում էր հայտնի թավջութակահար Կարինե Գեորգյանը (Մեծ Բրիտանիա)։ Նա ճանաչված երաժիշտ, «Կոմիտաս» քառյակի թավջութակահար (1968-72թթ.) Արմեն Գեորգյանի դուստրն է։ Երաժշտական կրթությունը նախ ստացել է հորից, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ Մստիսլավ Ռոստրոպովիչի ղեկավարությամբ։ «Առավոտի» հետ զրույցում թավջութակահարուհին խոստովանեց, որ ժամանակին «Գոսկոնցերտը» չէր սիրում իրեն. «Իսկ ես երջանիկ էի։ Կարեւորն այն էր, որ ինձ սիրում ու գնահատում էին երկու մեծություններ՝ Արամ Խաչատրյանն ու Մստիսլավ Ռոստրոպովիչը»։ Ըստ Կ. Գեորգյանի, եթե այդ երկու երեւելիները չլինեին, ապա ինքը վաղուց լքած կլիներ սովետների երկիրը, «ինչու չէ, հաճույքով կփախչեի»։ «Բայց, այնուամենայնիվ, դուք Մեծ Բրիտանիայում եք» մեր հարցին ի պատասխան՝ Կ. Գեորգյանը ասաց. «Ես ու ԽՍՀՄ-ը այդպես էլ չսիրեցինք մեկմեկու։ Արդյունքում, 1980թ. որոշեցի տեղափոխվել Լոնդոն, որտեղ եւ ապրում եմ առայսօր»։ Թավջութակահարուհին չկամեցավ մանրամասնել հայրենիքից հեռանալու մյուս պատճառները, ասաց, որ դրա համար օրեր կպահանջվեն, չնայած դեմ չէ «ելույթ ունենալ այդ թեմայով ու պատմել գլխով անցածը»։ Ըստ նրա, «այդ ամենը յուրօրինակ դաս կլինի ներկայիս ու ապագա մշակույթի ոլորտի շեֆերի համար»։ Տաղանդավոր մարդկանց հեռանալու համար նա մեղադրում է նախկին (կոմունիստական) ռեժիմը եւ դրանից բխող «մարդկային վայրի փոխհարաբերությունները»։ Թավջութակահարուհին չբացառեց, որ մի օր կվերադառնա Ռուսաստան, մանավանդ, այդպիսի փորձ արել է «պերեստրոյկայի» տարիներին։ «Այդ օրերին պարզապես վախեցա ապրել Ռուսաստանում։ Ինձ ճիշտ հասկացեք եւ մի մեղադրեք, ես կին եմ ու սիրում եմ կոմֆորտ։ Դրա համար պատրաստ եմ գործիքը ձեռքիս կռվելու»,- անկեղծացավ երաժիշտը։ Նրա հավաստմամբ, խաչատրյանական այս տարում եւս շարունակ ինքը «կռվում» է՝ պրոպագանդելով կոմպոզիտորի երաժշտությունը։ «Եթե հարկ լինի՝ հանուն Արամ Իլյիչի պատրաստ եմ հեղափոխություն անելու»,- ասաց Կ. Գեորգյանը, հիշելով, որ մեծ կոմպոզիտորի հանրահայտ Կոնցերտ-ռապսոդիայի առաջին կատարողը իր դասախոսն է եղել (Ռոստրոպովիչը)։ Իսկ ինքը իրագործել է նույն ստեղծագործության ամերիկյան պրեմիերան (1968թ.)՝ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Ա. Խաչատրյանի ղեկավարությամբ։ Կ.Գեորգյանը համերգային գործունեությանը զուգահեռ դասավանդում է Մանչեսթրի Royal Nortern College of Music-ում։ Ներկայումս աշխարհի հեղինակավոր երաժշտական կենտրոններում անցկացնում է վարպետության դասընթացներ, որոնց նոյեմբերի 8-ին Երեւանում ներկա եղան նաեւ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել