Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար են տուգանում տնօրեններին

Նոյեմբեր 12,2003 00:00

Ինչի համար են տուգանում տնօրեններին Վերջին երկու տարում արտակարգ ուրախություն էր տիրում դպրոցներում։ Այս տարվա հունվարի 1-ից կրկնակի բարձրացավ վարչական աշխատողների աշխատավարձը՝ ութ հազար դրամից դառնալով տասնվեց հազար։ Բայց արի ու տես, որ տնօրենների խիստ սիմվոլիկ աշխատավարձը ազդեց բյուջեի վրա։ Նախ ընտրություններից անմիջապես հետո աշխատանքից ազատվեցին օպտիմալացման պատճառով փակված դպրոցների տնօրենները, ինչպես նաեւ 65 տարին լրացած լավագույն տնօրենները եւ ոչ պակաս լավագույն հազարավոր ուսուցիչները։ Իսկ մնացածները, որպեսզի 12 ամիս ստանան իրենց 16 հազար դրամը, պետք է 3-4 ամսվա աշխատավարձը մուծեին պետությանը. այստեղ իրենց ծառայություններն են մատուցում սանէպիդկայանները։ Նրանք մտան մանկապարտեզները եւ դպրոցները՝ մասսայաբար տուգանելով տնօրեններին 30-ից 50 հազար դրամի չափով։ Առաջին հայացքից կարծես պետք չէ անհանգստանալ՝ մարդիկ կատարում են իրենց մասնագիտական գործը, հսկում երեխաների առողջությանը, սանիտարական վիճակին։ Ստուգողները չեն մոռանում ցույց տալ իրենց հետ բերած հանձնարարականի գլխամասային մակագրությունը՝ «Գրանցված է արդարադատության նախարարության կողմից»։ Բայց եկեք ծանոթանանք նրանց կազմած ակտերից մեկին եւ միասին պարզենք, թե տնօրենը որտեղ է թերացել իր աշխատանքի մեջ եւ «արժանացել» 30 հազար դրամ տուգանքին։ Ներկայացնենք մի ակտի բովանդակությունը։ Ստուգման ժամանակ պարզվել է, որ 1. դպրոցի շենքը կարիք ունի կապիտալ վերանորոգման, 2. աշակերտական գույքի 25-30%-ը հին է, 3. որոշ դասարաններում մեկ աշակերտին հասանելիք տարածքը չի ապահովվում, 4. ճաշարանում չկան լվացարաններ (ցերեկվա ժամերին այդ դպրոցում ընդհանրապես խմելու ջուր չի լինում- Կ. Ք.), 5. գրատախտակը կանաչ գույնի փոխարեն սեւ գույնով է ներկված, 6. կախիչները հիմնականում դասասենյակներում են, պետք է լինեն առանձին հանդերձարանում, 7. թերություններ կան աշակերտների N26 բժշկական քարտերում (դրանք պետք է հսկվեն բժշկի կողմից, որի հաստիքը արդեն 10 տարի է՝ դպրոցներից հանված է- Կ. Ք.)։ Նույնիսկ եթե հայտնաբերեին տուգանքի արժանի թերություններ, սանէպիդկայանը իրավունք չուներ վարվել այնպես, ինչպես ծառի ետեւում թաքնված ավտոտեսուչը։ Նա նախ մի անգամ պետք է մտներ դպրոց, արձանագրեր թերությունները, ժամանակ տար ուղղելու համար (եթե ներկայիս ֆինանսական պայմանները ներեին), ապա նոր տուգանքի հարցը դրվեր։ Կ. ՔԱԼԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել