Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 12,2003 00:00

ՑՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ «27»-ի գլխավոր ահաբեկիչն իրեն ներկայացրեց որպես կայունության ջատագով Նաիրի Հունանյանը խմբի անդամներին զգուշացրել է, որ մահվան վտանգ կա։ Իսկ հաջողության դեպքում հետագա կյանքը բաղկացած է լինելու գիշեր-ցերեկ աշխատանքից։ «Ես ո՞նց եմ աշխատում էս 4 տարին, մի 20 գիրք եմ գրել, մի էդքան էլ՝ սեւագիր»,- երեկ իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր դերակատարը։ Օգտվելով այն հանգամանքից, որ դահլիճում գտնվում են տուժողներ, կուսակցությունների ներկայացուցիչներ (ամենաշատը՝ ՀՅԴ-ից), նա իր պաշտպանական ճառը կառուցել էր քաղաքական վերլուծությունների հիման վրա։ Միայն դատական նիստի վերջում նա սկսեց «գրախոսել» տուժողների առանձին ցուցմունքները։ Նա իր ճառի ժամանակ անդրադարձավ իրենց գործողություններին, ասաց, որ ԱԺ-ում ամեն բան եղել է հախուռն, բացառեց, որ եղել է դերաբաշխում եւ հայտնեց, որ ինքը չի հասցրել Էդիկին, Կարենին ասել՝ ով ինչ անի։ «Ստացվել է՝ կույր-կույր գնացել ենք դահլիճ։ Անակնկալի եկանք, երբ տեսանք, որ զենքը հանում-վազում է»,- նկատի ունենալով եղբորը, ասաց Ն. Հունանյանը։ Նա բացառեց, որ Կարեն Հունանյանը դահլիճից դուրս է եկել եւ սպանել Արմենակ Արմենակյանին։ Ահաբեկիչը համաձայն չէր նաեւ զինված խումբ ստեղծելու մեղադրանքին։ Նա հարցրեց. «Եթե զինված խումբ էի ստեղծում 99-ի գարնանը, ապա՝ ո՞ւմ դեմ, վարչապետ Արմեն Դարբինյանի՞, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի՞, անհեթեթություն է»։ Հունանյանը պնդում էր, որ չի ձգտել ո՛չ իշխանափոխության, ո՛չ նախագահի հրաժարականին։ «Նախագահի հրաժարականը իմ կողմից նշանակում էր չեզոքացնել նախագահին։ Եթե խնդիր լիներ, կարող էի ինքնաձիգը պահել, ասենք, Աղվան Վարդանյանի վրա, ասել՝ կկրակեմ։ Գիշերն իմացել եմ ցուցակի մասին, դրա համար էլ գնացել եմ բանակցելու միայն նախագահի հետ, նպաստել եմ, որ այդ մթնոլորտում նախագահը դիտվի իբրեւ ուժի կենտրոն, որպեսզի իրավիճակը չշրջվի եւ երկիրը չվերածվի քաոսի։ Նախագահի իշխանությունը մազից էր կախված եւ կարող էր ամեն վայրկյան կտրվել»,- շարունակեց նա։ Խոսքն այն ցուցակի մասին է, որը, պաշտոնական քարոզչության վարկածով, ՀՀ նախագահին էին ներկայացրել 27-ի գիշերը Վահան Շիրխանյանն ու Անդրանիկ Քոչարյանը՝ կառավարության նոր կազմի վերաբերյալ։ Ն. Հունանյանն առաջին անգամ է հիշատակում ցուցակի մասին, եւ հասկանալի չէ, թե ով եւ ինչպես էր այդ ցուցակի մասին ահաբեկիչին հայտնել հենց 27-ի գիշերը։ Ամբաստանյալը ճառի ժամանակ շեշտեց, որ նախաքննության ընթացքում չի հարցաքննվել Վահան Շիրխանյանը, որպեսզի պատասխաներ կառավարության ցուցակի մեջտեղ գալու, դահլիճում տիրող իրավիճակի, ՊՆ-ում ստեղծված իրավիճակի մասին հարցերին։ Ամբաստանյալի կարծիքով, դատարանում այդպես էլ չի պարզվել, թե խմբի անդամները քանիսն են եղել, հիմնադիր ժողով եղե՞լ է, չի՞ եղել, ե՞րբ է եղել։ Դրան դատավոր Սամվել Ուզունյանը արձագանքեց ռեպլիկով. «Մնում էր պետռեգիստրում գրանցեիք»։ Առաջնորդվելով չքմեղության կանխավարկածով, ամբաստանյալը հայտնեց, որ ոչ ոք իրենցից չի իմացել՝ Վազգեն Սարգսյանը լինելո՞ւ է ԱԺ-ում, թե՞ ոչ։ Եվ ընդամենը 16.38-ին ռադիոյից է տեղեկացել, որ վարչապետն այնտեղ է եւ մեկ էլ՝ Նաիրի Բադալյանից։ Երանությամբ հիշելով իր կուսակցական անցյալը, նա փորձ արեց այստեղ էլ առաջնորդի դեր խաղալ։ Մասնավորապես, նա հայտնեց, որ դաշնակցական Հրայր Կարապետյանն իրեն առաջարկել է վերադառնալ ՀՅԴ, ասելով. «Սխալ կլինի, որ մնաս դուրսը, որովհետեւ հիմնադիրներից ես»։ Դրան ի պատասխան դատավոր Սամվել Ուզունյանը նկատեց, որ ՀՅԴ-ն ստեղծվել է ավելի քան 100 տարի առաջ։ Պաշտպանական ճառը սկսելիս լսարանի վրա ազդելու մի հետաքրքիր փորձ էլ արեց Նաիրի Հունանյանը, ստանձնելով խմբի երկու անդամների՝ հատկապես Համլետ Ստեփանյանի պաշտպանությունը. «Մեզնից ոչ ոք Ստեփանյանի հետ չի խոսել, չի ճանաչել։ Մեր տանը հոկտեմբերի 26-ին Դերոյին ասել եմ, որ եթե վստահելի մարդ կա՝ թող գա մեզ հետ։ Սակայն Ստեփանյանը չի իմացել ովքեր, ինչ ուժեր են պահանջելու իշխանության հրաժարականը, իմ ծրագրի մանրամասները»։ Նա վկայակոչեց նոր Քրեական օրենսգրքի 235 հոդվածը եւ ասաց, որ Հ. Ստեփանյանը պետք է այդ հոդվածով ազատվի պատասխանատվությունից։ Հետաքրքիր է, որ Ստեփանյանի մասով Հունանյանը նոր Քրօրն է վկայակոչում, իսկ իրենց առաջադրված մեղադրանքների համար շարունակ շեշտում է, որ նոր օրենքը հետադարձ ուժ չունի։ Պատժաչափերի հետ կապված, ամբաստանյալը նկատեց, որ մեղադրողները առաջնորդվում են քաղաքական շահերով եւ պարտադրանքներով։ Այնուամենայնիվ, հերոսանալու մի փորձ էլ անելով, ասաց. «ց»-երով եւ «մ»-երով ինձ վախեցնել չի լինի։ Նկատի ուներ «ց»-ով սկսվող բանտարկությունը կամ մահապատիժը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել