Լրահոս
Օրվա լրահոսը

Զեղչով ավելի լավ էր

Նոյեմբեր 12,2003 00:00

Զեղչով ավելի լավ էր Երեկ առավոտյան զոհված ազատամարտիկների այրիները եւ մայրերը ցույց էին կազմակերպել նախագահի նստավայրի դիմաց ու պահանջում էին հանդիպում անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կանայք բողոքում էին իրենց հատկացվող կոմունալ ծախսերի 50 տոկոս զեղչի վերացման դեմ եւ դժգոհում էին, որ դրա փոխարեն զոհվածի ընտանիքի յուրաքանչյուր անդամին կառավարությունը 1000 դրամ է հատկացրել։ «Կարոտի կանչ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը պատմում էր, որ արդեն մեկ տարի է, ինչ իրենք բարձրացնում են այս հարցը։ Սկզբում վստահելով պետության ղեկավարներին, ավելի համեստ եւ զուսպ քայլեր են ձեռնարկել. «Սակայն պարզվեց, որ մեր պետության ղեկավարները պարզապես փափուկ բարձ են դրել մեր գլխի տակ. մինչ ընտրությունները խոստացել էին, որ ամեն ինչ կանեն, սակայն ընտրություններն անցան եւ ոչ մի բան չարվեց, մենք կանգնեցինք փաստի առաջ եւ այսօր էլ ծաղրում են մեզ»։ Ա. Սարգսյանը ցավով հիշեց նախարար Դավիթ Լոքյանի վերաբերմունքը իրենց հանդեպ, երբ վերջինս նրանց հուզող հարցը լսելուց հետո, քթի տակ ծիծաղելով ասել է՝ «Դա ինչ հարց է»։ Զոհվածի մայր Սիմա Դեմիրճյանն էլ պատմեց, որ մեկ այլ նախարարի՝ Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ նախարարը ասել է, որ եթե չորս հոգուց բաղկացած ընտանիքը ստանա 4000 դրամ, ապա կարող է վճարել ե՛ւ էլեկտրաէներգիայի, ե՛ւ կոմունալ ծախսերի համար, 200 դրամ էլ «զդաչի ստանալ»։ Ցույցի ընթացքում նախագահի աշխատակազմը ներկայացնող «սուրհանդակները» մի քանի անգամ առաջարկեցին ցուցարարներից 2-3 հոգի ընտրել Ռ. Քոչարյանի մոտ ընդունելության համար, սակայն բորբոքված ցուցարարները չհամաձայնեցին։ Նրանք նախագահի ուշադրությանը արժանանալու ուրիշ միջոց չգտնելով, մի քանի անգամ փակեցին Բաղրամյան պողոտան՝ խանգարելով երթեւեկությանը։ Այս ընթացքում նախագահի նստավայրից ժամանած հերթական սուրհանդակը ցույցին ներկա զոհվածների բոլոր հարազատներին հրավիրեց սպասել նամակների բաժնում՝ հորդ անձրեւից պատսպարվելու համար։ Վերջիններս համաձայնեցին՝ հույս ունենալով, որ կհյուրընկալվեն նաեւ նախագահի կողմից, սակայն շուտով հասկացան, որ սխալվել են։ Բացի այդ, հիշեցին, որ Հայաստանում է գտնվում Սերգեյ Իվանովը եւ միգուցե նրանից թաքցնելու համար էին ցուցարարներին ներս հրավիրել։ Այս ամենից բացի ցուցարարներին գրգռեց նաեւ այն, որ նախագահի աշխատակազմի բոլոր սենյակները «արտակարգ ջեռուցված էին»։ Առանց այն էլ բորբոքված կանայք ավելի զայրացան եւ սկսեցին վիճաբանել ընդունարանի աշխատակիցների հետ։ Ցուցարարները պնդում էին, որ եթե նախագահի կողմից այդպես էլ ուշադրության չարժանանան, նույն կազմով գնալու են Ազգային ժողով, այնուհետեւ ՄԱԿ-ի գրասենյակ։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել