Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՉԷ»

Նոյեմբեր 12,2003 00:00

«ԱՐՄԵՆԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՉԷ» Պնդում է Ա. Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով շուրջ երեք ամիս տեւած դատաքննությունն արձանագրեց, որ սպանության բացահայտմանն ուղղված օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն տանելու փոխարեն եւ մեղադրողները, եւ դատավորը աշխատում էին մեկ ուղղությամբ՝ դատավարությունը կարճ կապել եւ Տ.Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանի մեղքն ամեն գնով ապացուցված համարել: Դատաքննության ողջ ընթացքում ձեռքբերված ապացույցներին անդրադառնալով Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հայտարարեց. «Ա. Սարգսյանը Տ. Նաղդալյանին սպանելու մոտիվ չուներ»: Փաստաբանի ասելով, Ա. Սարգսյանի կողմից Տ. Նաղդալյանին վրեժխնդրության շարժառիթով սպանել տալու վերաբերյալ առաջ քաշված թեզը ոչ նախաքննությամբ, ոչ դատաքննությամբ հաստատող որեւէ ապացույց ձեռք չի բերվել: Չկա մի ցուցմունք, որը կվկայի, թե Ա. Սարգսյանը դժգոհել է Տ. Նաղդալյանի գործունեությունից, «27»-ին նրա մասնակից լինելու մասին կասկած է հայտնել, սպառնացել է նրան սպանել եւ այլն: «Այդ հանգամանքները քննությամբ չեն հերքվել»,- արձանագրեց պաշտպանը: Ավելին, Ա. Սարգսյանը հոգացել է «27»-ի տեսաժապավենը Մոսկվայում փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ նյութական ծախսերը, վճարելով 89.040 ՌԴ ռուբլի, որոնք հաստատվել են դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի միջնորդությամբ: Այսինքն՝ առանց այդ տեսաերիզի շուրջ Տ. Նաղդալյանին «27»-ի գործով դատարանում հարցաքննելը, նրան սպանելու պատվեր տալը տրամաբանական չի կարող լինել: Ռ. Գրիգորյանի հավաստմամբ, լրագրողի սպանության մոտիվը ենթադրությունների հիման վրա է վերագրվել Ա. Սարգսյանին, մինչդեռ դրա՝ «վրեժխնդիր լինելու» մասին միտքը հղացել է նրա սանահոր՝ Լյովա Հարությունյանի գլխում եւ՝ մեռել անմիջապես այն բանից հետո, երբ նա՝ ինքը, հրաժարվել է այդ մտքից: Ի վերջո, Լ.Հարությունյանը բազմաթիվ անգամներ վկայել է, թե Ա. Սարգսյանից ինքը պատվեր չի ստացել, ուստի դրա դիմաց վճարելու մասին խոսակցություն, պայմանավորվածություն չէր կարող լինել: Ավելին, քրգործի նյութերում որպես սպանության պատվիրատուի ամբաստանյալները նշել են Հովհաննես Հարությունյանին՝ «Ապերին» եւ ոչ թե Ա. Սարգսյանին: Նույնիսկ Ա. Սարգսյանի դեմ միակ ցուցմունքը տված «Ապերը»՝ Հովհաննես Հարությունյանի ցուցմունքներում չկա, թե Ա. Սարգսյանն ինչ պատճառով էր, իբր, ուզում սպանել Տ. Նաղդալյանին: Փաստաբանի համոզմամբ, հենց «Ապերի» ցուցմունքներով անվերապահորեն հերքված է, որ 2002թ. դեկտեմբերի 15-ին Ա. Սարգսյանն, իբր, նրան պատվիրել է սպանել Տ. Նաղդալյանին: «Գործով հաստատված է, որ հանցավոր խումբը ձեռնամուխ է եղել Տ. Նաղդալյանի սպանությունն իրականացնելուն «Ապերի» նշած ժամկետից՝ 15.12.2002թ. ավելի վաղ, երբ դեռ չկար Ա. Սարգսյանից «ստացված պատվերը»: Նախաքննական այդ ապացույցները դատաքննությամբ էլ չեն փոփոխվել եւ ամբաստանյալները այդ ցուցմունքներից չեն հրաժարվել: Ըստ այդմ, վկաների, նաեւ ամբաստանյալների ցուցմունքներից ելնելով, դա եղել է դեռ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ մինչեւ Լ. Հարությունյանի կողմից Տ. Նաղդալյանին սպանելու մտադրությունից հրաժարվելը: Ընդհանրապես դատաքննության ժամանակ էլ, իր պաշտպանական ճառում էլ փաստաբանը հենց քրգործի նյութերով է հիմնավորապես ապացուցել, որ Ա. Սարգսյանը պատվիրատու չէր կարող լինել եւ չէ: Հարկ ենք համարում սրան մի դիտարկում հավելել. Տ. Նաղդալյանի սպանությունից անմիջապես հետո դրա կազմակերպման մեջ ընդդիմությանը մեղադրող գործիչներն ու բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Տ. Նաղդալյանի մտերիմներն ու զինակիցները, նրա՝ որպես լրագրողի, երկրպագուները, անցած երեք ամիսների ընթացքում այդպես էլ չբարեհաճեցին գոնե մեկ անգամ լինել դատարանում՝ համոզվելու համար, որ Տ. Նաղդալյանի սպանության բացահայտումը շինծու չէ, որ ի հայտ բերված պատվիրատուն հենց պատվիրատուն է եւ ոչ թե քավության նոխազ: Նրանցից ոչ ոք այդպես էլ չփորձեց անձամբ համոզվել, թե այդ ինչ փաստարկների հիման վրա է, որ Ա. Սարգսյանի փաստաբանները ահազանգում են՝ սպանության պատվիրատուն իրենց պաշտպանյալը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հերթական գործ է թխել: Մնում է ենթադրել, որ նրանց համար էլ այդ սպանությունը շահարկման հերթկան առիթ էր՝ ընդդիմությանն ու Սարգսյանների ընտանիքին մրոտելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել