Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունալ ծախսերը՝ ՀՀ-ի հաշվին

Նոյեմբեր 12,2003 00:00

Կոմունալ ծախսերը՝ ՀՀ-ի հաշվին Երեկ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գերատեսչությունների ղեկավարների ձեռամբ ստորագրվել են մի քանի փաստաթղթեր, որոնցով կարգավորվելու են ՀՀ-ում ռուսական ռազմակայաններին եւ, մասնավորապես, դրանց հողահատկացումներ կատարելուն առնչվող հարցերը։ Այս եւ մի քանի այլ «աչքալուսանքների» մասին լրագրողները տեղեկացան երեկ, Սերգեյ Իվանովի եւ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը կայացած համատեղ ասուլիսին։ Բնական հարց է առաջանում, թե ի՞նչ է ստանում Հարավային Կովկասում ՌԴ միակ ռազմավարական դաշնակից Հայաստանը ռուսական զորքի կոմունալ ծախսերը վճարելու հաճույքի դիմաց։ Այս հարցի հստակ պատասխանը, սակայն, չտվեց ո՛չ Իվանովը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը։ Մնում է ենթադրել, որ դրա դիմաց Հայաստանը կշարունակի մնալ տարածաշրջանում ՌԴ ռազմավարական միակ դաշնակիցը եւ է՛լ ավելի ակտիվորեն կներգրավվի Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի (ԿԱՊ) մեջ։ Համաձայնեք, որ գայթակղիչ հեռանկար է, հատկապես, որ ինչպես նշել էր Իվանովը Հայաստան ժամանման առաջին օրը, Ռուսաստանը Հայաստանին՝ իբրեւ ԿԱՊ-ի անդամի, զենք է վաճառում անհամեմատ էժան գներով։ Հայ-ռուսական ռազմավարական եւ ռազմատեխնիկական համագործակցության «գրավչությունն» առավել ակնառու է դառնում, երբ տեղեկանում ենք, թե ԿԱՊ-ի շրջանակներում որ երկրների գործակցությամբ է ապահովվելու ԿԱՊ անդամների եւ, մասնավորապես, Հայաստանի անվտանգությունը։ Իվանովի մատուցմամբ՝ արեւմտյան ուղղությամբ՝ Բելառուսի, իսկ հարավ-արեւելքում՝ Ուզբեկստանի։ Իր հերթին, Սերժ Սարգսյանը կարծում է, որ վերջին շրջանի հայ-ռուսական տնտեսական փոխհամագործակցության ակտիվացումն ուղղակի «տրամաբանական հետեւանքն է» երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության։ Այս ուշագրավ միտքը, սակայն, ՀՀ պաշտպանության նախարարը որեւէ կերպ չի պարզաբանում։ Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր նաեւ Սերգեյ Իվանովի կարծիքը հարեւան Վրաստանում ընթացող պրոցեսների վերաբերյալ։ Այս առումով Իվանովի պատասխանը զուրկ էր օրիգինալությունից. դա Վրաստանի ներքին գործն է, իսկ Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, շահագրգռված է հարավկովկասյան տարածաշրջանի կայունությամբ։ Իվանովը կտրականապես հերքում է նաեւ Վրաստանում տեղակայված ռուսական զորախումբը ներքաղաքական խնդիրներին ծառայեցնելու մասին լուրերը։ «Դա զառանցանք է»,- ասում է նա, այնուամենայնիվ, տեսականորեն հնարավոր համարելով այդպիսի զարգացումը՝ «եթե ուղղակի հարձակումներ լինեն զորախմբի վրա»։ Ի դեպ, երեկ Ս. Իվանովի Հայաստան կատարած այցին է անդրադարձել նաեւ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, որում հոդվածագիրը ռուս պաշտոնյաների՝ վերջին շրջանում հաճախակիացած այցերը Հայաստան բացատրում է Վաշինգթոնի՝ Երեւանին իր կողմը գրավելու ակտիվ քայլերով։ Ըստ «ՆԳ»-ի՝ հայ-թուրքական սահմանը, միեւնույն է, ուշ թե շուտ բացվելու է, եւ Ռուսաստանն այս տարածաշրջանում հետապնդելու է միայն տնտեսական շահեր։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել