Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրացուց սովորելու բան ունենք

Նոյեմբեր 12,2003 00:00

Վրացուց սովորելու բան ունենք «Եթե Վրաստանում քվեատուփերը բացվեն, ապա ընդդիմությունը միանշանակ կհաղթի»,- «Առավոտին» ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա զուգահեռներ անցկացնելով հայաստանյան ընտրությունների հետ, հանգեց հետեւյալ եզրակացությանը. «Մեր ընտրություններն արդեն տուփերի մեջ էին կեղծված»։ Այդ առումով, քաղաքագետի համոզմամբ, մեր առաջիկա ընտրություններում Վրաստանի փորձը պետք է ուսումնասիրել եւ կիրառել։ Այսպես կոչված, առաջնային օղակում ընտրությունների կեղծումը, ըստ մեր զրուցակցի, կանխվեց՝ «ընտրությունների օրը ընտրողների մատներին նշում էին կատարում (որպեսզի ընտրողը մի քանի անգամ չքվեարկի), ընտրական հանձնաժողովներում մեծամասնությունն ընդդիմությունն էր (դա բացառեց հանձնաժողովների միջոցով կեղծումը), տեղական դիտորդների՝ զուգահեռ հաշվարկ կատարելու իրավունքն ունեին»։ Հետընտրական զարգացումների արդյունքում՝ «Վրաստանում սկսվեց իշխանափոխության գործընթացը»,- վստահ է Ստ. Գրիգորյանը։ Իշխանափոխությունն անմիջապես ընտրությունների արդյունքում կկատարվի, թե Շեւարդնաձեն այս կամ այն կերպ որոշ ժամանակ էլի կպահի իշխանությունը, մեր զրուցակիցն էական չի համարում։ Ըստ նրա, կարեւորն այն է, որ «Վրաստանում ընդդիմությունն ուժեղ է եւ պայքարը հիմնված է սկզբունքների վրա»։ Բացի այդ, ըստ Ստ. Գրիգորյանի, անջատողական ուժերի վրա հենվելը (նկատի ունի Ասլան Աբաշիձեին) եւ իրավիճակը փրկելու համար ՌԴ-ին դիմելը, «մահվան են դատապարտում Շեւարդնաձեի իշխանությունը»։ Ինչ վերաբերում է «հայկական հեղաշրջում» որակումներին, Ստ. Գրիգորյանի համոզմամբ, Վրաստանի նախագահի շրջապատի այդօրինակ հայտարարությունները «ֆաշիստական տարր են պարունակում»։ «Եթե Վրաստանի նախագահը հաշտվի այդ ընտրությունների արդյունքների հետ՝ Վրաստանը կդառնա Կովկասի կենտրոնը»,- կանխատեսում է քաղաքագետը։ Հակառակ պարագայում՝ «տարածաշրջանը կհայտնվի անորոշ վիճակում»։ Բոլոր դեպքերում, 2004-ին աշխարհը, այդ թվում նաեւ ՌԴ-ն, տարածաշրջանում կակտիվանան։ Եվ քանզի, մեր զրուցակցի հավաստմամբ, ՌԴ-ն իր դիրքերն ամրապնդելու նկատառումներից ելնելով շահագրգիռ չէ, որ տարածաշրջանում կոնֆլիկտները լուծվեն, ըստ այդմ կոշտ եւ պրագմատիկ քաղաքականություն է վարում, իսկ Արեւմուտքին ճիշտ հակառակն է ձեռնտու։ Ս. Գրիգորյանի կանխատեսմամբ՝ «այդ հակասությունները ջրի երես կգան 2004-ին»։ «Ընտրություններից հետո մենք «աշխարհի համար (նկատի ունի ԱՄՆ եւ եվրոպական երկրները- Ն. Գ.) այդքան էլ հետաքրքիր չենք» եւ, ըստ քաղաքագետի՝ դրա ապացույցն է ՌԴ դիվանագետի՝ Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցիչ նշանակվելը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել