Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ԵՆ

Նոյեմբեր 12,2003 00:00

ՀՀ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ԵՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՄԲԻՆ Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, Սահմանադրության հանրաքվեի ամենաողջամիտ ժամկետն է 2005-ի ամառը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով մոնիտորինգի խմբի զեկույցում տեղ է գտել մի չափազանց հետաքրքիր եւ ըստ էության մեր Սահմանադրությանն ու երկրի օրենքներին հակասող առաջարկ։ ՀՀ նախագահի հրամանագրի միջոցով մարդու իրավունքների պաշտպանին կարող է նշանակել ԱԺ-ն։ Հետաքրքիր է, որ վերոհիշյալ առաջարկը նոյեմբերի 5-ին Փարիզում կայացած ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստում առանձնապես չի վիճարկվել Հայաստանը ներկայացնող ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի կողմից։ Պարոն Ռուստամյանը երեկ մեզ հետ զրույցում նկատեց, որ հարցը քաղաքական չէ եւ զուտ մասնագիտական խնդիր է. «Սա, ըստ էության, նոր առաջարկ է եւ պետք է լավ ուսումնասիրվի։ Մեր այսօրվա գնահատականն այն է, որ Սահմանադրությամբ հատուկ մատնանշված է ԱԺ լիազորությունների շրջանակը եւ ԱԺ-ի կողմից օմբուդսմենի նշանակումը հնարավոր չէ։ Իրենց առաջարկն այն է, որ նախագահի լիազորությունները գումարենք ԱԺ կարգավիճակին եւ սինթեզված լուծում գտնենք»։ Մեր հարցին՝ ի՞նչ նպատակով է ԵԽ մոնիտորինգի խումբը նման առաջարկ անում, արդյո՞ք սա նշանակում է, որ չի վստահում ՀՀ նախագահին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Իրենք ուզում են խնդիրները լուծել հենց սկզբից, որովհետեւ ի վերջո գալու ենք դրան։ Եթե Սահմանադրությունը փոխելու ենք, ապա դրանից հետո ԱԺ-ն, միեւնույն է, հնարավորություն է ունենալու դա անել»։ Կատարվածի մասին երեկ իր վրդովմունքը հայտնեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որը նկատեց. «Ստեղծված շիլաշփոթը առաջին հերթին հետեւանք է Հայաստանում որոշ պաշտոնյաների անհեռատես հայտարարությունների եւ անհեռատես կարծիքների։ Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները շատ լուրջ են վերաբերում այն հայտարարություններին, որ որոշ պաշտոնյաներ անում են Հայաստանում։ Եվ իրենց զեկույցը կազմում են հենց այդ հայտարարությունների հիման վրա»։ Մենք խնդրեցինք պրն Թորոսյանին՝ կոնկրետ նշել այդ անհեռատես պաշտոնյաների անունները, որոնց հայտարարությունները ապակողմնորոշել են ԵԽ մոնիտորինգի խմբին։ Հասկանալի է, որ Տիգրան Թորոսյանը ոչ մի անուն չնշեց, սակայն նկատեց, որ տվյալ պաշտոնյաների արածը «եղել է արջի ծառայություն թե՛ Հայաստանին, թե՛ զեկուցողներին, որովհետեւ նրանց զեկույցի մեջ սպրդել են դրույթներ, որոնք հակասություններ ունեն ե՛ւ ՀՀ Սահմանադրությանը, ե՛ւ օրենքներին եւ ընդհանրապես չեն համապատասխանում իրավիճակին»։ Մոնիտորինգի խմբի զեկույցում, բացի մարդու իրավունքների պաշտպանի նշանակման մասին վերոհիշյալ առաջարկից, մեկ ուրիշ անհասկանալի առաջարկ եւս արվել է՝ սահմանադրական փոփոխությունների համար որպես վերջնաժամկետ նշված է 2004թ. առաջին եռամսյակը։ Պարոն Թորոսյանը նկատեց, որ «սա ակնհայտ անհեթեթեություն է», որովհետեւ այդ ընթացքում դեռեւս լրացած չի լինի նախորդ հանրաքվեից հետո սահմանված մեկ տարին (նախորդ հանրաքվեն անցկացվել է 2003-ի մայիսի 25-ին.- Մ. Ե.)։ Տիգրան Թորոսյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման ամենաողջամիտ ժամկետը կարող է լինել 2005թ. ամառը. «Որովհետեւ կարծում եմ՝ անիմաստ կլինի մեկ անգամ արդեն հանրաքվեի դրված տարբերակը նորից դնել հանրաքվեի։ Մի քանի պատճառով՝ այն ամբողջովին փորձաքննություն չի անցել։ Փորձաքննությունից հետո անհրաժեշտ կլինի եւս 1-2 հանդիպում Վենետիկի հանձնաժողովի հետ։ Եվ հետո, մենք տեսանք, որ բավական ժամանակ է անհրաժեշտ ԱԺ-ում այդ փաթեթը քննարկելու համար»։ Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ, դեռեւս սեպտեմբերին է մոնիտորինգի խմբին ներկայացվել սահմանադրական փոփոխություններին եւ օրենքներին առնչվող ժամանակացույցը եւ ամենազվարճալին այն է, որ վերոհիշյալ զեկույցի վերջում նշված է հենց այդ ժամանակացույցը. «Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ իրենք զեկույցը կազմել են տարբեր պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հետ զրույցների արդյունքում։ Հուսով եմ, որ ողջամտությունը իր տեղը կգտնի այս զեկույցի եզրակացությունների մեջ եւ այն, ինչ անհրաժեշտ է շտկել եւ համապատասխանեցնել իրականությանը, մենք դեռ ժամանակ կունենանք անել»։ Տիգրան Թորոսյանի կարծիքով, նման հակասականությունը արդյունք է այն վիճակի, երբ մարդիկ հանդիպում են «անտեղյակներին» կամ «ավելորդ խանդավառությամբ խոստումներ տվող մարդկանց»։ Թեպետ պրն Թորոսյանը խուսափեց անուններ տալ, կրկնելով, որ ամեն ինչ շատ պարզ է ու հստակ, մենք որոշեցինք հիշեցնել, թե սովորաբար ում հետ են հանդիպում մոնիտորինգի խմբի անդամները Հայաստանում՝ ԱԺ խումբ- խմբակցությունների ղեկավարների, ՍԴ նախագահի, երկրի նախագահի, ԱԳ նախարարի, քաղաքական ուժերի ղեկավարների, լրագրողների եւ այլոց։ Առայժմ ոչ ոք իր վրա չի վերցնում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել