Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ ՉԵՆՔ ԱՅՑԵԼԻ»

Նոյեմբեր 11,2003 00:00

«ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ ՉԵՆՔ ԱՅՑԵԼԻ» Ասում է «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագահ Ռոբերտ Հակոբյանը։ Նոյեմբերի 11-ին լրանում է Առնո Բաբաջանյանի մահվան 20-րդ տարելիցը։ Ինչպես տեղեկացրեց «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագահ Ռոբերտ Հակոբյանը, այդ օրը, վաղ առավոտից միջոցառումներ կանցկացվեն՝ նվիրված մեծ կոմպոզիտորի հիշատակին։ Նախ Առնո Բաբաջանյանի արվեստի երկրպագուներն ու գործընկերները կհավաքվեն նրա ապրած տան (Մաշտոցի 49) մոտ ու ծաղիկներ կդնեն հուշատախտակին։ Այնուհետեւ միջոցառման մասնակիցները կայցելեն մեծ կոմպոզիտորի անունը կրող ուսումնարան՝ բաց դասի։ Ըստ Ռ. Հակոբյանի, Ա. Բաբաջանյանի անվան ուսումնարանի սաները (տնօրեն՝ Աթանես Առաքելյան) կկատարեն հատվածներ կոմպոզիտորի ստեղծագործություններից։ Նախատեսված է Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մելիք Մավիսակալյանի, Վլադիլեն Բալյանի, Մարտին Վարդազարյանի եւ այլոց այցը Կենտրոնական գերեզմանատուն, ուր թաղված է Բաբաջանյանը։ Իսկ երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկազմակերպվի հուշ-երեկո։ «Երեկոն կհիշեցնի Բաբաջանյանի լավագույն տարիները, որովհետեւ, բացի համերգային մասից, կցուցադրվեն կինոժապավեններ՝ նրա հարցազրույցները, կատարումները, ժամանակակիցների կարծիքները»,- ասաց Ռ. Հակոբյանը։ «Առավոտը» հետաքրքրվեց. «Նոյեմբերի 11-ին ծաղիկներ կդրվե՞ն Առնո Բաբաջանյանի արձանին»։ «Ոչ,- ասաց Ռ. Հակոբյանը,- մենք այդ հարցն էլ ենք քննարկել։ Այդ դեպքում Առնո Բաբաջանյանի ընկերները՝ Ալեքսանդր Հարությունյանն ու Էդվարդ Միրզոյանը, կատեգորիկ կհրաժարվեին մասնակցել Առնոյին նվիրված միջոցառումներին, որովհետեւ իրենք չեն ընդունել արձանը։ Եթե մենք արձանից սկսեինք միջոցառումը, կնշանակեր, որ ընդունում ենք այն, բայց մենք դեռ պայքարելու ենք»։ Ռ. Հակոբյանը տեղեկացրեց, որ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը անհամբեր սպասում է կոմպոզիտորի որդու՝ Արայի գալուստին, որպեսզի վերջապես տեղեկանա չարչրկված արձանի վերաբերյալ նրա կարծիքին։ «Կառավարության 1999թ. որոշման համաձայն, հուշարձանները տեղադրելու ժամանակ ժառանգորդների կարծիքը լուրջ կրիտերիա է համարվում։ Արան դեռ պետք է հայտնի արձանի մասին իր կարծիքը»,- ոգեւորվեց Ռ. Հակոբյանը։ «Առավոտի» հաջորդ՝ «Իսկ ինչո՞ւ նա չկար արձանի բացման ժամանակ» հարցին պրն Հակոբյանը դժվարացավ պատասխանել։ «Չգիտեմ, ինչու չեկավ։ Որ գա՝ կիմանանք։ Ամեն դեպքում, իր կարծիքը որոշիչ է»,- ասաց նա։ Ռ. Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ նոյեմբերի վերջին պատրաստ կլինի «Մեր Առնոն» գիրք-ալբոմը։ Գրքում զետեղված է շուրջ 100 կարծիք (Հայաստանի, ԽՍՀՄ հանրապետությունների կոմպոզիտորների, սպորտսմենների, զինվորականների) կոմպոզիտորի մասին։ «Նույնիսկ Ադրբեջանի գործիչների հիացական կարծիքները կան,- ասաց Ռ. Հակոբյանը։- Որ մարդիկ ասել են՝ ո՞նց չտպագրենք։ Ով հայերեն է խոսել՝ գրքում եւս հայերեն է տպագրված։ Մյուսների կարծիքները ռուսերենով են»։ Ըստ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագահի, գարնանը ծրագրված է անցկացնել Առնո Բաբաջանյանի երգերի հանրապետական բաց մրցույթ, ինչպես նաեւ նորից բարձրացնել նրա տուն-թանգարանի հիմնադրման հարցը, ինչը ֆինանսի սղության պատճառով անընդհատ ձգձգվում է։ Ռ. Հակոբյանը դժգոհեց նաեւ մշակույթի նախարարությունից, որի հետ համատեղ է կազմակերպված «Մեր Առնոն» հուշ-երեկոն. «Ամեն ինչի համար փող հատկացնում են, մեզ չեն ուզում օգնել։ Ախր միայն հրավիրատոմսերի վրա 300 դոլար է ծախսվել»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել