Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՐԶՆԻԻ» ՏԱՆԻՔԸ ՃԱՔ ՉԻ ՏԱ

Նոյեմբեր 11,2003 00:00

«ԱՐԶՆԻԻ» ՏԱՆԻՔԸ ՃԱՔ ՉԻ ՏԱ Ի տարբերություն խորհրդային կոյուղու Երեկ «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրինությունը պատրաստվում էր ասուլիս հրավիրել՝ ըստ մեր տեղեկությունների, հայտարարելու, որ իրենց ձեռնարկությունը ոչ մի առնչություն չունի խմելու եւ կոյուղու ջրերի խառնվելու պատմությանը: Սակայն նրանք հետաձգեցին ասուլիսը՝ առանց հստակ պատճառ նշելու: Թե ինչու ձեռնարկության տնօրինությունը չէր ուզում սպասել ջրից վարակի տարածման փաստով Գլխավոր դատախազությունում հարուցված գործի նախաքննության ավարտին, պարզ է դառնում որոշակի փաստեր համադրելով: Մեզ տեղեկություններ էին հասել, որ «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում բաժնեմաս ունի նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բաժնետերերից Բարսեղ Բեգլարյանը կտրականապես հերքեց այս տեղեկությունը. «Ստին էլ պոչ կունենա»: Պրն Բեգլարյանը հավաստիացնում է, որ ֆաբրիկայի կառավարման հետ ինքն առնչություն չունի: Սակայն վստահ է, որ այնտեղ ամեն ինչ կարգին է եւ պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է ջրից վարակվածներից յուրաքանչյուրին 1 մլն դոլար վճարել, եթե պարզվի, որ վարակի աղբյուրը «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկան է: «Դա նշանակում է, որ ես այդքան վստահ եմ, որ այնտեղ ամեն ինչ կարգին է»,- ասաց Բ. Բեգլարյանը: Իսկ իրականում այնտեղ ամեն ինչ կարգին է, թե ոչ, մեր տվյալներով, չի պարզի անգամ Գլխավոր դատախազությունը: Պարզվում է, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունն այստեղ իզուր չի շոշափվում: Թեեւ նա այստեղ բաժնեմաս չունի, սակայն պետք է որ հետաքրքրություն ունենա: «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենը, որին, շեշտենք՝ վստահված է կառավարումը, Մարատ Ջանվելյանն է: Նրա եղբայրը, մեր տեղեկություններով՝ հարազատ, Հայպետստանդարտի սննդի սերտիֆիկացման բաժնի պետ Մհեր Ջանվելյանն է: Վերջինից «Առավոտին» չհաջողվեց պարզել անգամ հարազատության աստիճանը: Պրն Մհեր Ջանվելյանն ասաց, որ իրեն չի հետաքրքրում՝ արդյոք իր զրուցակիցը Սոֆի Լորենի քույրն է: Այդ դեպքում ինչո՞ւ պիտի իր եղբայրը հետաքրքրի լրատվամիջոցներին: Նա ինչ-որ ենթադրություններ անելով, թե ում պատվերն ենք կատարում նման հարցադրում անելով, նախ «հրաժարվեց» եղբորից. «Ես իր եղբայրը չեմ»: Հետո փոշմանեց. «Ես ձեր հարցին չեմ պատասխանում»: Եթե պրն Մհեր Ջանվելյանն անգամ եղբորը «պրիզնատ չեկավ», մենք ավելորդ համարեցինք տալ երկրորդ հարցը. «Արդյո՞ք Դուք վարչապետի դստեր ամուսինն եք, ինչպես մենք ենք տեղեկացել մի քանի աղբյուրից»: Չնայած՝ իզուր. վարչապետից երեւի չէր հրաժարվի: Մենք համենայն դեպս, եւս մեկ աղբյուրից հավաստիացանք, որ այո, Մհեր Ջանվելյանը վարչապետի փեսան է եւ «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Մարատ Ջանվելյանի եղբայրը: Այս տեղեկությունների ֆոնին դժվար էլ թե «Արզնիի» տանիքը «ճաք կտա». այն բավարար չափով ապահովագրված է: Ինչը չես ասի մայրաքաղաքի բնակչության մասին: Երեկ Երեւանի ջրմուղ-կոյուղին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «անձրեւային եղանակների հետ կապված Գյումուշ գյուղի մոտ վթարվել է Արզական-Երեւան ջրատարը, որի հետեւանքով նվազել է մայրաքաղաքի Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Արաբկիր համայնքներին մատակարարվող ջրի քանակը»: Եվ ոչ մի տեղեկություն այն մասին, թե խմելու առումով այդ վթարն իրենից վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ մասին՝ տեղեկություն կտան թերեւս զոհեր հայտնվելուց հետո: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել