ԵՐԵՎԱՆԻ ՈՉ ՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ Երկու օր առաջ ՀՀ առողջապահության նախ արարությունում Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ներկայացուցիչները լրագրողներին հավաստիացրին, որ կոյուղու եւ խմելու ջրերի խառնվելու դեպքեր կարող էին լինել Երեւանի ցանկացած համայնքում, քանի որ ամբողջ ցանցն է խիստ մաշված վիճակում: Լրագրողների հարցին, թե կարո՞ղ է բնակիչն իրեն ապահովագրված զգալ հետագա վթարներից եւ դրա հետեւանքներից, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արբեն Ղուլյանն ասաց. «Ոչ, չենք կարող ասել, որ հետագայում ապահովագրված են. ցանցը հին է, ամեն տեղ կարող են լինել վթարներ»: Շենգավիթի բնակիչները երեկ տարակուսում էին՝ արդյոք նո՞ր վթար է եղել, թե՞ համայնքի ջրամատակարարումը երկու օրով դադարեցվեց իսկապես շինարարական նպատակներով, ինչպես նախօրոք էր հայտարարված: Մտավախություն կա, որ նախորդ օրվա երեկոյից վերականգնված ջրամատակարարման արդյունքում հատկապես Չարբախ թաղամասում բնակիչների ծորակից ակնհայտ հիպերքլորացված ջուր է հոսում: Համենայն դեպս, քաղաքացիները բողոքում են, որ դրանով լվացվելիս մրմռում են աչքերը, մաշկի քերծվածքները, իսկ եռացնելուց անմիջապես հետո օգտագործելիս ջուրը «բուրում է» ժավելի նման: Կամ, ինչպես մի բնակիչ ասաց, «ոնց որ սովետի ժամանակվա տուալետ»: Ա. Գ.