Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Աշխարհի ֆասոնը» տեղն եկավ

Նոյեմբեր 08,2003 00:00

«Աշխարհի ֆասոնը» տեղն եկավ Նոյեմբերի 6-ին վերջապես վերաբացվեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը, որի վերանորոգումն իրականացվել է «Լինսի» հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով։ Խարխլված շենքի շինարարությունը ընթանում էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերից եւ նախատեսված էր միայն տանիքը նորոգել։ Երկարատեւ բանակցություններից հետո պլանները փոխվեցին, ծրագրում ընդհանուր շենքն ընդգրկվեց։ Այժմ վերափոխված են դահլիճը, առաստաղն ու հատակը, թատրոնն ունի նոր կաթսայատուն, նորացվել է նաեւ սանտեխնիկան։ Այս ամենի համար ծախսվել է մոտ $50 հազար: Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 138-րդ թատերաշրջանը նշվեց մեծ շուքով, թատրոնի երախտավորների, մարզի բոլոր պետական չինովնիկների մասնակցությամբ։ Այս առիթով նույնիսկ մշակույթի նախարար Թամար Պողոսյանն էր Գյումրի ժամանել։ Ավելին՝ առաջինը ելույթ ունենալու պատիվը հենց նախարարին շնորհվեց։ Նա մի քանի անգամ «բարեւ ձեզ» ասելուց հետո («բարեւ ձեզ, գյումրեցիներ», «բարեւ ձեզ, աճեմյանցիներ», «բարեւ ձեզ, հանդիսատեսներ»), վերջապես անցավ թատրոնի կենսագրությունն անգիր իմացող գյումրեցիներին, թատրոնի մեծերին ու այս օջախի անհրաժեշտությունը փորձեց ներկայացնել։ Շիրակի մարզպետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Հասմիկ Կիրակոսյանն էլ առանց ավելորդ համեստության նշեց. «Գյումրին չեղնի՝ աշխարհը ֆասոնից կընկնի։ Աշխարհը չեղնի՝ Գյումրին ֆասոնից կընկնի»։ Համերգային, պարային ծրագրերով ուղեկցվող ելույթներում հիշատակվեցին թատրոնի պատմության հետաքրքիր դեպքերը: Եւս մեկ անգամ օրհնվեց այն ժամանակվա Կոմկուսի առաջին քարտուղար Գեւորգ Ղարիբջանյանը՝ 1965-ին թատրոնի նոր շենքի հիմքը դնելու կապակցությամբ։ Հիշվեցին բեմի երախտավորները: Միջոցառմանը ներկա Վարդուհի Վարդերեսյանը հետաքրքիր պատմություններ պատմեց, թե ինչպես էին թատրոնում հաշտվում խռոված գյումրեցի ընտանիքները: Լավագույն հիշողություններից զատ, քաղաքային իշխանավորներին ու կառավարության անդամներին ներկաները խորհուրդ տվեցին թատրոն գնալ ոչ թե դեպքից դեպք, այլ՝ հաճախակի։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930