Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ՝ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 08,2003 00:00

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ՝ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ Ամենայն հավանականությամբ, Երեւանի «Փյունիկն» այսօր «Դինամո-2000»-ի հետ հանդիպումում երկրի չեմպիոնի կոչումը կձեւակերպի պաշտոնապես ու շնորհավորանքներ կընդունի։ Որոշեցինք մինչ այդ զրուցել փաստացի չեմպիոնի գլխավոր մարզիչ ռումինացի Միհայ Ստոյկիցայի հետ։ – Չնայած առաջնության ավարտին դեռ չորս տուր կա, ոչ ոք չի կասկածում, որ հանրապետության չեմպիոնը «Փյունիկն» է։ Ինչպե՞ս եք գնահատում մրցաշրջանն ընդհանրապես եւ ձեր թիմի մրցելույթները՝ մասնավորապես։ – Սա մեր առաջնությունն էր, թեեւ եղավ երկու պահ, երբ ամեն բան կարող էր փոխվել։ Ու դրանք կապված էին Գյումրիի «Շիրակի» հետ։ Առաջինում միայն 90-րդ րոպեին կարողացանք խփել հաղթական միակ գոլը եւ 3 միավոր վաստակել։ Մեզ հաղթանակ էր պետք նաեւ նույն թիմի հետ հաջորդ հանդիպումում, որում առավելության հասանք 2։0 հաշվով։ Միայն դրանից հետո կարողացանք հանգիստ շունչ քաշել։ Ուզում եմ շնորհավորել նաեւ «Բանանցին», որն առաջնության ընթացքում խաղից խաղ բարձրացնում էր իր խաղամակարդակը, դառնում ավելի վտանգավոր մրցակից։ Մյուս ակումբներն էլ ընդհանուր առմամբ լավ հանդես եկան, սակայն մակարդակների տարբերությունը շատ մեծ է։ Եթե նրանք էլ «Բանանցի» պես աճեն, մյուս տարի մեր լիգան ավելի ուժեղ կլինի։ Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմի ֆուտբոլիստներից։ Նրանք դաշտում գործում են գրագետ, վստահ։ Դա անհատապես աճելու արդյունք է։ Այսօր առաջնության եզրափակիչ մասն ավարտում ենք՝ կազմում ունենալով 19-20 տարեկան ֆուտբոլիստներ։ Դա ինձ համար շատ կարեւոր է։ Դա ապագա է խոստանում ոչ միայն «Փյունիկին», այլեւ հավաքականին։ Ֆեդերացիան էլ մրցաշրջանի ընթացքում աշխատեց լավ, ճկուն, որի շնորհիվ հնարավոր եղավ լավագույն տարբերակներով հանդես գալ ինչպես միջազգային խաղերում, այնպես էլ ներքին առաջնությունում։ Սա վերաբերում է ոչ միայն մեր թիմին։ Ինձ համար կարեւոր է, որ այսօր Հայաստանի մասին արդեն լավ պատկերացում են կազմում դրսում։ Մեզ հեռախոսով դրվատանքի խոսքեր են ասում ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ։ – Մրցաշրջանը շուտով կավարտվի, բայց մարզիչներն ու ակումբի ղեկավարները կշարունակեն աշխատել արդեն ապագայի ծրագրերի վրա։ – Այժմվանից հարկավոր է մտածել հետագայի մասին։ «Փյունիկը» պետք է նախապատրաստվի եկող տարվա գլխավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգային։ Ուզում ենք հաղթահարել նաեւ երկրորդ փուլը։ Դա, կարծում եմ, հնարավոր է։ Պատասխանատու փորձաքննություն պետք է անցնեն նաեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականները, ազգային ընտրանին, որը սեպտեմբերից ներգրավվելու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի պայքարի մեջ։ Որպես «Փյունիկի» մարզիչ, ցանկանում եմ, որ մեր թիմն արդեն մարտ ամսի վերջերին, մինչեւ ներքին առաջնության մեկնարկը, լինի այնպիսին, որ այդ ժամանակ արդեն իմանա, թե դաշտում ինչ պետք է անել ու կարողանա։ Որպեսզի չկրկնվի այն, ինչ եղավ Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ խաղում, երբ մերոնք խաղում էին լավ, բայց բազմաթիվ հնարավորություններ ձեռքից բաց էին թողնում։ Ուզում եմ, որ «Փյունիկը» ավելի պատրաստ ներկայանա Չեմպիոնների լիգա։ Իսկ մինչ այդ, պետք է պատրաստվենք հունվարին կայանալիք մոսկովյան մրցաշարին: Ազգային հավաքականի համար էլ անելիքների ծրագիր պետք է կազմենք։ Մտադրություն ունենք մինչեւ հունիս մեկնել Կիպրոս, մի քանի հանդիպում անցկացնել։ Ուզում ենք այս անգամ հավաքականի կազմում ավելի շատ տեղ հատկացնել ներքին առաջնության մասնակից երիտասարդներին, որպեսզի նրանց տեսնենք ուժեղ թիմերի հետ պայքարում։ Միայն ուժեղների հետ խաղալով կարելի է աճել։ – Այսինքն, երիտասարդների հետ աշխատելու առանձին ծրագի՞ր եք նախատեսում։ – Այո։ Հիմա նրանց սկսել ենք ավելի շատ տեղ տալ։ Մասնավորապես, «Փյունիկում» արդեն մոտ ութ հոգի դաշտ է մտնում։ Եվս երկու հոգու ունեմ տեսադաշտում եւ հնարավոր է նրանց էլ օգտագործենք։ – Ի՞նչ կասեք մարզչական աշխատանքի մասին։ – Մարզիչն առաջին հերթին պետք է զբաղվի իր գիտելիքների պաշարն անընդհատ ավելացնելով։ Ես շուտով մեկնելու եմ Ռումինիա, որ հաճախեմ այնտեղի մարզչական դասընթացներին։ Այնտեղ մարզչական համապարփակ գիտելիքներ են ստանում նաեւ Ռումինիայի բարձրակարգ մարզիչները։ – Խոսակցություններ կան, թե Էդգար Մանուչարյանով սկսել են հետաքրքրվել եվրոպական շատ ակումբներ։ Դա ճի՞շտ է։ – Այո, հետաքրքրվում են։ Բայց չեմ կարծում, որ այս պահին նրան ուղարկելը նպատակահարմար է։ Իմ տեսանկյունից Էդգարը հիմա վտանգավոր տարիքում է։ Այդ տարիքում հնարավոր է կտրուկ վերելք ունենալ ու մի սխալի պատճառով նույնպիսի անկում ապրել։ Դրա համար եմ անհանգստանում Էդգարի ու մյուս երիտասարդների ճակատագրի համար։ Մտածում եմ, որ Մանուչարյանի համար ավելի ճիշտ կլինի մարզվել այստեղ, որ սովորի դաշտում ավելի շատ բան անել։ – Դրսից ֆուտբոլիստներ հրավիրելու մարտավարությունը շարունակվելո՞ւ է։ – Իսկ ինչո՞ւ ոչ։ Բայց առաջին հերթին արժանավորներ փնտրում ենք Հայաստանում։ Ու եթե չենք գտնում, բերում ենք դրսից։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել