Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Նոյեմբեր 08,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 3. Կեսարականություն Որքան հերոսական եղավ մեր նորագույն պատմության արշալույսը, ավաղ, այնքան սահմռկեցուցիչ եւ ողբերգական եղավ նրա ավարտը. այն փակվեց արյունոտ էջով՝ հոկտեմբերի 27-ով։ Փորձելով այս կարճատեւ պատմությունը տրոհել փուլերի, անհնար է շրջանցել հանգրվանը, որ բաժանվեց մինչեւ հոկտեմբերի 27-ը եւ հոկտեմբերի 27-ից հետո ընկած ժամանակների։ Ճիշտ է, մինչ այդ արդեն կատարվել էր իր քաղաքական նշանակությամբ ոչ պակաս կարեւոր իրադարձություն՝ առաջին նախագահի հրաժարականը: Բայց հոկտեմբերի 27-ը առանձնանում է նրանով, որ Վազգեն Սարգսյանի սպանությամբ վերջ տրվեց այն Շարժմանը, որը սկսվել էր 88-ին եւ սկիզբ առավ մի նոր շրջափուլ, որը կարելի է կոչել հակաՇարժում։ Հիրավի մարգարեական էին Տիգրան Հայրապետյանի «27»-ից առաջ գրված խոսքերը. «Ազգային շահը գիտակցող բոլոր քաղաքական գործիչներից եւ ուժերից առավելագույն ողջախոհություն է պահանջվում, որպեսզի Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունների հետեւողական տապալմամբ՝ վերջակետ չդրվի Շարժման վրա…»։ Եվ այս իմաստով բնավ պատահական չէր, որ 98-ի պալատական հեղաշրջումից հետո Քոչարյանին իշխանության բերած ուժերից մեկի պարագլուխը առանց այլեւայլության հայտարարում էր, որ իշխանափոխությունը ավարտված չէ։ Բնականաբար, ավարտը եղավ հոկտեմբերի 27-ը՝ վերջ տալով եռապետությանը, որոնցից մեկի ամենաբարձր գագաթին կանգնած էր Վազգեն Սարգսյանը։ Ավելին, դարձյալ պատահական չէր, որ արյունոտ չորեքշաբթիից կարճ ժամանակ անց մամուլի էջերում հայտնվեց ինչ-որ կաբինետներում արված սոցհարցումների արդյունքը, ըստ որի, հարցվողների 22 տոկոսը արդարացնում էր կատարված գազանությունը։ Դա ոչ թե վիճակագրություն էր, այլ ախտորոշում, դրանով ուղղորդվեց հասարակական կյանքի հետագա ընթացքը եւ մոտ 10-ամյա հակաշարժումային քարոզչությունը հասավ իր նպատակին՝ վերից վար տիրանալով իշխանությանը։ Զարմանալին այն է, որ հենց այդքան տոկոսն է անհրաժեշտ ցանկացած հեղափոխություն ձեռնարկած ուժի համար եւ միանգամայն բավարար իշխանության հասնելու համար։ 1917 թվականին հեղափոխությունից մեկ-երկու ամիս առաջ Լենինը գրում էր. «Ռուսաստանի բնակչության տասը տոկոսը մեր կողմն է, տասը տոկոսը՝ մեր դեմ, իսկ մնացած ութսուն տոկոսը նշանակություն չունի»։ Գրչի թեթեւ մի հարվածով նա կարողացել է բանաձեւել կայսրությունում ապրող գրեթե բոլոր ժողովուրդների պատմության հիմնավորապես արատավոր բնույթը. երբեք նշանակություն չտալ բնակչության ութսուն տոկոսին, որովհետեւ այդ ութսուն տոկոսը երբեք կարծիք չի ունենում, այլ կողմնորոշվում է ըստ քսան տոկոսում առավելության հասած ուժերի վերաբերմունքի։ Սա կարելի է սոցիոլոգիական ճշգրիտ գիտելիք համարել, եթե այդքան հիմնավորված չլիներ գիտության հետ կապ չունեցող փաստարկներով, ինչպիսին քաղաքականությունն է, մանավանդ այնպիսի մի երկրում, ինչպիսին Հայաստանն է։ Կամ պետք է ընդունենք, որ մենք ինքնուրույն քաղաքականություն ենք վարում, հետեւաբար, հոկտեմբերի 27-ը ներքին քաղաքական դրդապատճառ ուներ, կամ՝ մեր քաղաքականությունը զուրկ է ինքնուրույնության ամենապարզունակ տարրերից, հետեւաբար, այն ուղղորդված էր դրսից։ Ցավալի է, բայց երկու դեպքում էլ թույլի խոստովանություն կլինի, որովհետեւ երկու դեպքում էլ պարտվող կողմը մեկն է՝ մենք։ Մնում է արդարացնող 22 տոկոսի տխրահռչակ պարագան, որ որոշում է ամեն ինչ, եթե ընդունենք, որ այդ 22 տոկոսին է պատկանում ողջ իշխանությունը։ Իրոք որ, մեր ժամանակների գլխավոր հիվանդությունը փաստի հիվանդությունն է։ Ինչքան հնարավոր է՝ շատ փաստ, ինչքան հնարավոր է՝ անառարկելի։ Իսկ երբ պատմությունը միայն փաստերի կարիք ունի, նշանակում է վարակված է անբուժելի արատով՝ եզրակացություններ անելու անկարողությամբ, բանականության իմպոտենցիայով, համադրելու անզորությամբ։ Մինչդեռ փաստը կեղծ կուռք է եւ ինչպես ցանկացած կռապաշտություն՝ երկդիմի ու բազմածես։ Քաղաքականության մեջ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականը սովորական բան կդիտվեր, եթե դրանով սկիզբ չառներ հակաշարժումային տրամաբանությունը։ Շարժման ավարտի երկրորդ եւ գուցե թե վերջին ակորդը եղավ Վազգեն Սարգսյանի սպանությունը, որ Շարժման խորհրդանիշներից մեկն էր։ Դժվար է այստեղ հիմնավորել, բայց առաջին նախագահին կործանեց բանասիրությունը, որը միաժամանակ նրա առավելությունն էր, ինչպես ժամանակակիցների, այնպես էլ հետեւորդների համեմատությամբ։ Ընդ որում, նրան կործանեց դասական բանասիրությունը, որ գործի բերումով դարձավ դասական դիվանագիտություն։ Իսկ մի բան ակնհայտ է՝ դիվանագիտության մեջ միակ ճշմարտությունը դիվանագիտությունն է։ Դա այնպիսի բան չէ, որ կարող ես սովորել համալսարանում, թեկուզ լրիվ կուրս անցնելով։ Այն սովորում ես ամեն օր, ամեն վայրկյան ու երբ թվում է, թե ամեն ինչ գիտես, նշանակում է ժամանակն է հրաժարվել այդ գործից։ Ի վեջո, Լ. Տեր-Պետրոսյանը չափազանց վատ էր զանազանում ճշգրիտ դիտարկումը, որ հատուկ էր նրա մեջ նստած վերլուծող գիտնականին, առօրյա փաստերի արձանագրումից, որին սովոր է ամենասովորական միտքը՝ հակաքարոզչություն անելիս։ Հետեւանքը եղավ այսօրը։ Ինչպես ժամանակին Հռոմի առիթով նկատել է Հուլիոս Կեսարը. «Հանրապետությունից մնաց միայն անունը»։ Հիմա դժվարանում ենք հիշել, որ Հայաստանը հանրապետություն է։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել