Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այն ինչ արգելված չէ, թույլատրված է»

Նոյեմբեր 08,2003 00:00

«Այն ինչ արգելված չէ, թույլատրված է» Եթե ընդունվի «ԶԼ մասին» օրենքի այն տարբերակը, որը այս պահին շրջանառվում է ԱԺ-ում, միջազգային պրակտիկայում կիրառվող այս սկզբունքը լրագրողներին չի օգնի: Երկրորդ ընթերցումից առաջ օրինագծի 8-րդ հոդվածում իշխանությունը խցկել է մի 4-րդ կետ, որում ասված է. «Արգելվում է այն տեղեկատվության տարածումը, որը կվնասի ժողովրդավարական հասարակությունում պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգի պահպանմանը, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին, արդարադատության հեղինակությանն ու անաչառությանը»: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո մեր բոլոր օրաթերթերը կարող են ինքնալուծարման գործընթաց սկսել, կողպել խմբագրության դռներն ու հեռանալ: Որովհետեւ դրանցից յուրաքանչյուրը այսօր տպագրում է սույն «արգելքների» տակ ընկնող բազում հոդվածներ: Եվ իշխանությունն իր քմահաճությամբ կարող է որոշել, թե, օրինակ, հատկապես որ հրապարակումներն են «վնասել հանրության առողջությանը»: Էլ չխոսենք այն մասին, որ «բյուրեղյա մաքրություն» ունեցող արդարադատության անաչառությանն ու հեղինակությանը վնասելուց խուսափելու համար մամուլը պարզապես պետք է մոռանա այդ համակարգի գոյության մասին: Քանի որ անհնար է չունեցած հեղինակությունն ու չունեցած անաչառությունը վնասել: Իսկ թե ինչպես կարելի է որեւէ հոդված գրելիս չվնասել «այլոց իրավունքները եւ ազատությունները, պատիվն ու բարի համբավը», կիմանան միայն արդարադատության մարմինները, որոնք ցանկացած անհաճո տեղեկատվության կարող են պիտակ կպցնել՝ «դա վնասում էր այսինչի ազատությանը կամ իրավունքին»: Օրինակ, եթե գրվի «Արաբկիր համայնքի բնակիչներ, չխմեք աղտոտված ջուր», կարող են անցանկալի թերթին դատի տալ՝ «այլոց ազատությանը վնասելու մեղադրանքով»: Չէ՞ որ, յուրաքանչյուրն ազատ է՝ աղտոտված ջուր խմելու ցանկության մեջ: Նոյեմբերի 10-ը «ԶԼ մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկությունների վերջնաժամկետն է: Հուսով ենք, թյուրիմացությունների մեջ ընկնելու սովոր մեր պատգամավորներին օրենքի նախագիծը կհասնի առանց այս կետի: Այլապես նրանք երկրորդ ընթերցմամբ կընդունեն Հայաստանում ազատ խոսքի վերացման եւ խստագույն գրաքննություն մտցնելու մասին օրենքը եւ հետո կասեն՝ «Վա~յ, թյուրիմացություն էր»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել