«ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ «27»-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ» Վստահ է նրա նախկին պաշտպան Աղասի Աթաբեկյանը «Ցավով նշում եմ, որ լրագրողների մեջ չգտնվեց մեկը, որի կողմից հնչեր ճշմարտությունը, որ ամբաստանյալ Համլետ Ստեփանյանն անմեղ է»,- «Առավոտին» երեկ մեր զրույցի ժամանակ ասաց «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի նախկին պաշտպան Աղասի Աթաբեկյանը, լսելով մեղադրողների միջնորդությունը իր նախկին պաշտպանյալին 14 տարի ազատազրկման պատժաչափ միջնորդելու մասին։ Տեղեկացնենք, որ պաշտպանը գործի նյութերին ծանոթանալու պահից մինչեւ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ը իրականացրել է Համլետ Ստեփանյանի պաշտպանությունը։ Համլետ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրօրի միաժամանակ 8 հոդվածով՝ հայրենիքի դավաճանության, տեռորիստական ակտ իրականացնելու, քաղաքացիներին ապօրինի ազատությունից զրկելու, գույքի դիտավորյալ ոչնչացման եւ վնասման, ինչպես նաեւ ապօրինի զենք ու զինամթերքի պահման մասով։ Դատաքննության ողջ ընթացքում Ստեփանյանը իրեն մեղավոր է ճանաչել միայն զենքի մասով եւ հրաժարվել նախաքննական իր բոլոր ցուցմունքներից։ Դատաքննության ընթացքում նա ընդամենը ցուցմունք էր տվել, որ ոճրագործության օրը «Նաիրի» մարզադաշտի մոտ իրեն է հանդիպել Դերենիկ Բեջանյանը, որն առաջարկել է վաճառել մի քանի նռնակ։ Ազատամարտիկ Ստեփանյանը համաձայնել է նռնակները վաճառել եւ նույն օրը Բեջանյանը եղել է Ստեփանյանի տանը ու հայտնել, թե գնորդներ կան եւ նրանց հանձնելու համար նռնակները պետք է վերցնել։ Ստեփանյանը գնացել է գնի մասին պայմանավորվելու, ժամը 14.30-ի սահմաններում Ստեփանյանը, Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը ՌԱՖ-ով գնացել են Բանգլադեշ, որտեղ իրենց է մոտեցել մի սպիտակ «24», ապա երկու մեքենաներն էլ քշել են Բաղրամյան պողոտա։ Որոշ ժամանակ անց Բեջանյանը ՌԱՖ-ից վերցրել է մի նռնակ, ինքնաձիգ եւ Էդիկ Գրիգորյանի հետ մտել ԱԺ։ Ամբաստանյալ Ստեփանյանը հայտնել էր նաեւ, որ ինքը մնացել է մեքենայի մեջ եւ երբ տեսել է մարդկանց, իջել է մեքենայից, մոտեցել ԱԺ դարպասներին եւ իմացել, թե ինչ է կատարվում ԱԺ դահլիճում։ Այդպես է նկարագրում Համլետ Ստեփանյանի դերակատարությունը «27»-ի գործում նրա նախկին պաշտպան Աղասի Աթաբեկյանը։ Փաստաբանը վկայակոչեց ինչպես ամբաստանյալների, այնպես էլ տուժողների, վկաների դատաքննական ցուցմունքները եւ ասաց. «Նրա դեմ որեւէ տուժող կամ վկա ցուցմունք չի տվել։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը 2001թ. մայիսի 11-ի դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց, որ Բեջանյանը, Կնյազյանը, Հ. Ստեփանյանը նախապես՝ ընդհուպ մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ շենքի մոտ հասնելը, չեն իմացել ԱԺ մտնելու, նիստերի դահլիճը գրավելու իր մտադրության մասին»։ Ամբաստանյալ Կարեն Հունանյանը 2002թ. ապրիլի 26-ի դատական նիստի ժամանակ ասել էր. «Ես Համլետ Ստեփանյանին եւ Կնյազյանին չեմ հայտնել իշխանափոխության մասին»։ Իսկ Էդիկ Գրիգորյանը 2002թ. մայիսի 7-ի դատական նիստում հայտնեց, որ «չկա այնպիսի ցուցմունք իմ կողմից, որ ես հանձնարարություն տված լինեմ Համլետ Ստեփանյանին կամ էլ Աշոտ Կնյազյանին՝ ճանապարհը փակելու համար»։ Ըստ փաստաբանի, իր նախկին պաշտպանյալը ոչնչից տեղյակ չի եղել, ոչ մի դերակատարում չի ունեցել եւ նրան բացատրված չի եղել ԱԺ գնալու նպատակը։ Ստեփանյանը ընդհանրապես, ըստ պրն Աթաբեկյանի, չի օժանդակել ահաբեկիչներին, «պայմանավորված պահին մեքենայով փողոցը փակելու նպատակով ժողովրդի մեջ տագնապ տարածելու կամ որեւէ այլ ձեւով նշված հանցագործությանը մասնակցելու, պատրաստակամություն հայտնելու կամ համաձայնություն տալու գործողություններ չի արել»։ Ըստ Ա. Աթաբեկյանի, Ստեփանյանը, հետեւաբար, պատասխանատվություն չի կրում խմբի գործողությունների համար, քանզի ակնհայտ է, որ նա խմբի հետ ոչ մի առնչություն չի ունեցել եւ ծանոթ է եղել միայն նախկին ազատամարտիկ Բեջանյանին, որի հետ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ նռնակների գնի վերաբերյալ գնորդի հետ պայմանավորվելու համար։ Մեր զրույցի ժամանակ փաստաբան Աթաբեկյանը ներկայացրեց նաեւ ամբաստանյալի նկատմամբ կիրառված խորթ մեթոդների մասին, որի արդյունքում Ստեփանյանը խոստովանել էր իրեն, որ պատրաստ էր վերցնելու 8-ի սպանությունն իր վրա, միայն թե խոշտանգումներից ազատվեր։ Անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին, ամբաստանյալ Ստեփանյանը հրաժարվեց իր պաշտպանից, ակնկալելով, որ վիճաբանությունների փուլում Ա. Աթաբեկյանը կիրականացնի իր պաշտպանությունը։ «Առավոտը» հայտնել էր նաեւ, որ այս կապակցությամբ նախկին պաշտպանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ իր պաշտպանությունը վերսկսելու դիմումով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ