Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄՕՀՋ-ականները բողոքում են

Նոյեմբեր 08,2003 00:00

ՄՕՀՋ-ականները բողոքում են ՀՀ սահմանների պաշտպանությունն առաջիններից մեկը ստանձնած եւ ԼՂ հակամարտության թեժ կետերում կռված ոստիկանության սպաներն ու շարքայինները, ովքեր վաղուց արդեն համակարգում չեն, շարունակում են դժգոհել ՀՀ իշխանություններից: Պատճառն իրենց՝ ՄՕՀՋ-ի եւ ՄՀՆՋ-ի կազմում կռված ազատամարտիկներին, պատերազմի մասնակցի կարգավիճակ չտալը եւ նրանց սոցիալական պրոբլեմների որոգայթում մենակ թողնելն է: Այդ մարդիկ վաղը հավաքվելու եւ իրենց պրոբլեմների մասին խոսելու հնարավորություն են ստացել, բայց, որքան հասկացանք, խոսքը միայն դրա մասին չի լինելու: Նրանք ահազանգում են նաեւ նորանկախ Հայաստանի պատմությունը իշխանությունների կողմից խեղաթյուրելու մասին՝ պնդելով, որ ՀՀ բանակի հիմքերը դրվել է ոչ թե 1992թ. հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության հիմնադրմամբ, ինչպես հիմա տոնվում է, այլ՝ 1990-ի հոկտեմբերի 30-ին: Այն փաստաթղթերը, որոնք մեզ ներկայացվեցին, հաստատում են ՄՕՀՋ-ի եւ ՄՀՆՋ-ի մարտիկների այդ պնդումները: Ըստ այդմ, հայկական կանոնավոր բանակի հիմքերը դրվել են դեռ 1990թ. հուլիսի 30-ին, երբ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Վլ. Մարգարյանցի համապատասխան որոշմամբ սկիզբ դրվեց 1114 հոգուց բաղկացած Միլիցիայի օպերատիվ հակազդեցության ջոկատի ձեւավորմանը: Սրան հետեւել էր արդեն օգոստոսի 14-ին ՀԽՍՀ ՆԳ նախարարի հրամանը, որով հստակեցվել էր ՄՕՀՋ-ի հիմնական գործառույթները, այդ թվում՝ ՀՀ սահմանների պաշտպանությունը: Ավելի ուշ, արդեն հոկտեմբերի 25-ին ՀՀ Նախարարների խորհրդի որոշման եւ ԳԽ հանձնարարականի, նաեւ ՆԳ նախարարի որոշմամբ ՄՕՀՋ-ի առաջին հրամանատար, միլիցիայի մայոր Արթուր Գեւորգյանին հանձնարարվել էր «հոկտեմբերի 30-ից ՄՕՀՋ-ի ուժերով եւ միջոցներով կազմակերպել ՀՀ վարչական սահմանի՝ Գորիս, Ղափան, Մեղրի եւ այդ շրջանների, անվտանգության ապահովումը տեղական ինքնապաշտպանական ջոկատների հետ համագործակցելով»: Ա.Գեւորգյանը նկատեց նաեւ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ եւ ներքին զորքերի, եւ հատուկ իրավիճակների վարչության եւ սահմանապահ զորքերի, ընդհանրապես՝ հայկական կանոնավոր բանակի հիմնական կորիզը հենց ՄՕՀՋ-ն է եղել, որի մասին իշխանություններն այսօր լռում են: «Այսօր իշխանությունները սահմանապահների, Ներքին զորքերի հիմնադրման, բանակի օր են տոնում՝ չհիշատակելով անգամ ՄՕՀՋ-ի վաստակն այդ գործում»,- վրդովվեց պարոն Գեւորգյանը: Նա հատուկ շեշտեց նաեւ, որ մինչեւ ՊՆ-ի ստեղծման որոշումը ՄՕՀՋ-ն արդեն ուներ ռազմական որոշակի տեխնիկա, որն ուղղվել էր ՀՀ սահմանների պաշտպանությանը եւ որը դարձավ նաեւ ՀՀ բանակի ռազմական տեխնիկայի հիմքը: ՄՕՀՋ-ում եւ ՄՀՆՋ-ում երբեւէ ծառայած ոստիկանները, ովքեր վերջին տարիներին համակարգից վտարվել են, վրդովված են նաեւ, որ հակառակ մեծ ու փոքր չինովնիկների պարբերական խոստումների, իրենք այդպես էլ ոչ միայն պատերազմի մասնակցի կարգավիճակ չունեն, այլեւ արժանի գնահատականի՝ շքանշանների, մեդալների ու պարգեւների չեն արժանացել, թեեւ նման արարողություններ պարբերաբար են լինում եւ պարգեւների են արժանանում սահմանում եւ ճակատում չեղած, բայց այսօր գեներալական կոչումներ ստացած մարդիկ: Սա այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծման մասին ՀՀ կառավարության հիշյալ որոշման 5-րդ կետով «ՀՀ զինված ուժերում ծառայելու հրավիրված սպաների ու գեներալների համար» պետք է պահպանվեր «նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, պետական անվտանգության կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության համակարգում ու զորքերում ծառայության ստաժը, զինվորական կոչումները, եւ սահմանված մյուս արտոնությունները»: ՄՕՀՋ-ի եւ ՄՀՆՋ-ի ներկայացուցիչները, որոնք ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂ ռազմական հակամարտության ժամանակ բազմաթիվ ընկերներ են կորցրել, իրենք էլ վիրավորվել կամ գերության մեջ են եղել, վստահեցնում են, թե իշխանություններն՝ ի դեմս պաշտպանության եւ ոստիկանության համակարգերի ղեկավարների, իրենցից փախչում են, ինչպես բորոտներից, որովհետեւ իրենք լավ գիտեն, թե ովքեր են այսօր հայտնվել այդ գերատեսչությունների ղեկավար պաշտոններում եւ հանիրավի արժանացել գեներալական կոչումների, հիմա էլ օգտվում են պատերազմի մասնակցի կարգավիճակից: Այդ մարդիկ, որոնց թիվն այսօր անցնում է 3 հազարի սահմանը, հայտարարում են, որ մտադիր չեն այլեւս լռել, մանավանդ, որ իրենց եւ իրենց զոհված ընկերների ընտանիքները սոցիալական ծայրաստիճան վատ վիճակում են հայտնվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել