Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՐԻՑ ԲՈՂՈՔԵԼՈՎ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ

Նոյեմբեր 08,2003 00:00

ԻՐԱՐԻՑ ԲՈՂՈՔԵԼՈՎ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ Վարորդները ներկայացնում են իրենց դարդերը Վերջերս հաճախացած ավտովթարները հարմար առիթ դարձան «խաչակրաց արշավանք» սկսելու երթուղային տաքսիների դեմ: Հաջորդ օրն իսկ պարզ դարձավ, որ «քաղաքակիրթ» ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում դրանք չեն բավարարում Երեւան քաղաքի ուղեւորափոխադրումների պահանջարկը: Երթուղայինների դեմ սկսված «սրբազան պատերազմի» այս օրերին ոչ մի անգամ չհիշատակվեց այն, թե երթեւեկության ինչ պայմաններ են ստեղծված Երեւանի փողոցներում: Մեր զրուցակիցները (որոնք երթուղայինների վարորդներ չեն) գտնում են, որ Երեւանում հատուկ վթարների համար բարենպաստ վայրեր են ստեղծված, ինչպես, օրինակ, Խանջյան-Թումանյան խաչմերուկը: «Խանջյանով բարձրանում եմ, պիտի ձախով Թումանյան մտնեմ, բայց շատ դժվար է հարմարեցնել ու կանաչ լույսի տակ դա անել»,- պատմում է մեր զրուցակիցներից մեկը: Այդտեղ վառվող կանաչ լույսը հավասարապես վերաբերում է եւ ձախ թեքվողներին, եւ ճանապարհը ուղիղ շարունակողներին: Այնպես որ, մեկը մյուսին սպասելուց հետո ստիպված են երթեւեկել կարմիր լույսի տակ, կամ էլ մոռանալ «մեծահոգության» մասին եւ սուրալ առաջ՝ առանց կողքերը նայելու: Երկու դեպքում էլ ստեղծվում է վթարային իրավիճակ: Եթե այնուամենայնիվ հաջողվել է հաղթահարել անցումը, դեռ շուտ է ուրախանալու համար. «Թեքվեցիր Թումանյան, այնտեղ համարյա միշտ ինսպեկտոր է կանգնած»: Վերջինս իհարկե գերագույն բավարարությամբ կտուգանի կարգազանց վարորդին: Շարունակեք Խանջյանով բարձրանալ եւ փորձեք այստե՛ղ պահպանել երթեւեկության կանոնները: Հաստատ չի հաջողվի, քանի որ այս խաչմերուկը ճյուղավորված է եւ հատկապես առավոտյան ժամերին մեքենաների հոսքը շատ մեծ է լինում: Մեր զրուցակիցները գտնում են, որ այս հարցերի լուծումը շատ պարզ է. անհրաժեշտ է ուղղակի այդ լուսկիրներին, այսպես կոչված, սեկցիաներ կցել, որոնք կկարգավորեն աջ ու ձախ երթեւեկությունները: «Ես որպես վարորդ մտածում եմ, որ սեկցիաներ դիտավորյալ չեն դնում»,172 կասկածեց մեր զրուցակիցը։ Եթե անգամ կան լուսակիրներ, որոնք հարմարեցված են լայնացված փողոցների երթեւեկությանը, դրանք ամսվա մեջ մի քանի օր չեն աշխատում: Վարորդներն այդ ժամանակ ավտոտեսուչների առաքելությունը տեսնում են նման վայրերում երթեւեկությունը կարգավորելով: Իսկ, օրինակ, Կինոյի տան մոտ, մեր զրուցակիցների հավաստմամբ, լուսակրի չաշխատելու դեպքերում ավտոտեսուչները հայտնվում են բացառապես բռնացնելու եւ տուգանելու համար: Ի դեպ, տուգանելու մասին: Քաղաքապետարանը վերջերս շատ վճռական որոշեց, որ ի՛նքը պիտի որոշի փողոցներում մեքենաների կանգառի տեղերը: Մեքենաները հիմա քաղաքապետարանի չորոշած տեղերում էլ են կանգնում, ուղղակի այդտեղ անմիջապես հայտնվում է թեւկապավոր ինչ-որ մարդ եւ վարձ պահանջում դրա համար: Հազիվ թե գտնվեն վարորդներ, որոնք կփորձեն գլուխ դնել՝ պարզելու՝ ովքեր են այդ մարդիկ եւ ինչ ձեռնարկություն են ներկայացնում: Մեր ծանոթ վարորդների մեջ համենայն դեպս այդպիսին չգտնվեց. «Լինում է՝ օրական 800-1000 դրամ էլ կանգառի համար ենք տալիս, եթե այդ օրը շատ տեղեր ենք գնում»: Անհնար եղավ շրջանցել բազմաչարչար երթուղայիններին: «Դրանք անկանխատեսելի են,- բողոքում են անձնական ավտոմեքենաների տերերը:- Երրորդ շարքից կարող են միանգամից առաջին մտնել՝ վերջին պահին կողմնորոշված ուղեւորին վերցնելու»: Հա, էսպես իրարից բողոքելով էլ ապրում ենք: Մեկը լիներ բարիշեցներ: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել