ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Երբեմն թվում է, որ մեր քաղաքական գործիչներն իրենց տեսակետները հայտնելիս ակնկալում են, թե գործ ունեն կարճ հիշողություն ունեցողների հետ: Այլապես, ասենք, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ճեպազրույցում չէր հայտարարի, թե դեմ է վստահության հանրաքվեին: Չէ՞ որ նույն Գալուստ Սահակյանն էր 2003-ի ապրիլի 17-ին, դարձյալ ԱԺ ճեպազրույցների ընթացքում մեր հարցին՝ կընդառաջե՞ն ՍԴ առաջարկին եւ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխմամբ հնարավորություն կստեղծե՞ն կազմակերպել վստահության հանրաքվե, պատասխանել. «Իմ կարծիքով՝ այդ մասն ավելի շատ քաղաքական որոշում էր. մի տեսակ՝ հաշտեցնելու հասարակության մեջ առկա երկու բեւեռներին: Երդման արարողության ընթացքում այդ մասին խոսեց նաեւ նախագահը, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի հավատը վերականգնվի եւ հասարակությունը զերծ մնա այս բեւեռացումներից: Կարծում եմ՝ այդ նույն խնդիրն իր առջեւ դրել էր նաեւ ՍԴ-ն»: Նաեւ վստահություն էր հայտնել, որ ՍԴ այդ առաջարկը կկատարի իր դերը. «Այո, խնդիր կա, որ պիտի կարողանանք լուծել եւ ինչո՞ւ չէ՝ մեկ տարվա ընթացքում կարողանանք գտնել այդ բոլոր հակադրությունների պատասխանը: Եվ դա արժեւորում ենք, քանի որ եթե չդառնա իրողություն՝ էապես վատ ազդեցություն կունենա մեր հետագա զարգացումների վրա»: Նույն ճեպազրույցի ընթացքում, երբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե Դաշնակցությունը չի՞ աջակցելու վստահության հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին՝ պատասխանեց. «Ցանկացած ժողովրդավարական զարգացմանը մենք լինելու ենք «կողմ», այդ թվում՝ նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի բարեփոխմանը եւ այն Սահմանադրության համապատասխան հատվածների հետ համապատասխանեցմանը: Մենք հստակ կողմ ենք լինելու, որովհետեւ մեզ համար ավելի կարեւորը ոչ թե այդ (փաստորեն՝ սիստեմատիկ ցնցումների մեջ երկիրը գցող) իշխանության լեգիտիմության վերահաստատումներն են, այլ մի խնդիր: Գաղտնիք չէ, որ մեր երկիրը կարող է կանգնել շատ լուրջ, վճռական հարցերի առջեւ, եւ որպեսզի նախագահն այդ հարցերում վստահ լինի, որ հասարակության մեծամասնության տեսակետն իր մոտեցումներին համապատասխանում է՝ կարող է անցկացնել նման հանրաքվեներ»: Այժմ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասում է. «Այդպիսի որոշում, որ մենք կպաշտպանենք եւ այլն՝ կուսակցության կողմից ընդունված չի եղել»: Ապագայի համար արձանագրենք, որ անգամ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցչի խոսքերը դեռեւս ՀՅԴ տեսակետը չեն: Ա. Ի.