Ինչ «տածես»՝ այն էլ կհնձես ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի՝ Քիշնեւում կայացած 113-րդ լիագումար նստաշրջանին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել ելույթով, որում մի քանի ուշագրավ նկատառումներ են արտահայտված։ Այսպես. փորձելով իմաստավորել Եվրոպա կոչված երեւույթը 20-րդ եւ 21-րդ դարերի պատմամշակութային կոնտեքստում, Օսկանյանը նշում է. «Տարածաշրջանային համագործակցության, հակամարտությունների ու փոխզիջումների վերաբերյալ արդի պատկերացումները կրում են այն փորձի ու հաջողությունների խստիվ ազդեցությունը, որ Եվրոպան կուտակել է երկու աշխարհամարտերի ու սառը պատերազմի արդյունքում։ Պատերազմող հարեւանները հայտնաբերել են, որ իրենք կարող են ընդունել առկա իրողությունների հիման վրա առաջ եկած նոր սահմանները եւ առաջ ընթանալ»։ Փաստորեն, Վարդան Օսկանյանն ակնհայտորեն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունը լուծել սահմանները վերանայելու ճանապարհով։ Լա՞վ է արդյոք դա, թե վատ։ Բնականաբար, վիճարկելի չէ Օսկանյանի նշած՝ առկա իրողություններն ընդունելու եւ ըստ այդմ՝ առաջ ընթանալու կանխադրույթը, սակայն չափազանց էական է, թե ով է այն առաջադրում։ Եթե սահմանների վերանայման ակնարկ է անում Հայաստանի արտգործնախարարը, ապա նա առնվազն՝ ա) ղարաբաղյան հակամարտությունը լրացուցիչ անգամ պաշտոնապես տեղափոխում է Ադրբեջան-Հայաստան երկկողմ հակամարտության հարթություն, իսկ այդ համատեքստում ՀՀ ատգործնախարարի ասածն այլ բան չի նշանակում, քան ԵԽ անդամ մի երկրի տարածքային հավակնություններ՝ ԵԽ անդամ մեկ այլ երկրի նկատմամբ, բ) հակադրվում է իր շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի կեցվածքին, որն, ինչպես հայտնի է, 1999թ. ստորագրել է ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան, գ) փորձ է անում համեմատել երկրորդ աշխարհամատին հաջորդած շրջանի եվրոպական իրողություններն այսօրվա հարավկովկասյան իրողությունների հետ, ինչը, մեղմ ասած, վիճելի է։ Ուշագրավ է նաեւ Վ. Օսկանյանի ելույթի մեկ այլ հատված, որն առավել հետաքրքիր է դառնում ԵԽ եւ ԵԱՀԿ ղեկավարների՝ տառացիորեն նախորդ օրը հրապարակած համատեղ հռչակագրի ֆոնին։ Հիշեցնենք, որ դրանում հայտարարվում էր Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները միջազգային չափանիշներին չհամապատասխանելու մասին, իսկ իբրեւ պատճառ էր մատնանշվում «քաղաքական կամքի ակնհայտ պակասը»։ Եվ ահա, Վարդան Օսկանյանն ասում է. «Ես գոհունակությամբ եմ ելույթ ունենում ձեր առջեւ, քաջ գիտակցելով, որ Հայաստանը հստակ քայլերով ընթանում է իր պարտավորությունների կատարման ճանապարհով, որոնք մենք պատրաստակամորեն եւ կամովին ստանձնեցինք Եվրոպայի խորհրդի անդամակցությանը դիմելիս»։ Բնականաբար, այսպիսի պատասխանատու հայտարարությունից հետո ՀՀ արտգործնախարարը պետք է նաեւ փաստերով ամրապնդեր ասածը, ինչը եւ նա անում է. «Դեռ չի անցել երկու ամիս այն պահից, երբ Հայաստանում վերացվեց մահապատիժը եւ մենք դա կատարեցինք իբրեւ մի հասարակություն, որը հավատ է տածում մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ եվրոպական ինտեգրացիայի գործընթացների նկատմամբ»։ Ինչպես տեսնում ենք, այստեղ Օսկանյանը որեւէ ակնարկ չի անում «մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ հարգանք տածող» հասարակության՝ մի քիչ էլ ընտրությունների նկատմամբ «հարգանք տածելու» մասին։ Մարդը չի տածում, հո զոռով չի։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ