Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական կրքեր

Նոյեմբեր 08,2003 00:00

Կուսակցական կրքեր ԱԻՄ-ականները չինքնահրկիզվեցին, իսկ երիտասարդ հնչակներն ըմբոստացան Նախորդ օրը Ազգային Ինքնորոշում Միավորման գրասենյակից գուժեցին, որ վճռաբեկ դատարանում որոշվելու է ԱԻՄ-ի Գյումրու գրասենյակի ճակատագիրը։ Հիշեցնենք, որ նախորդ երկու ատյանների որոշմամբ, վիճարկվող տարածքը տրվել էր Գյումրու քաղաքապետարանին։ Այդ ողջ պատմության «ամենատաք» մանրամասնությունն այն է, որ վճռաբեկի՝ ընդդեմ ԱԻՄ-ի վճռի դեպքում ԱԻՄ-ականները խոստանում էին ինքնահրկիզվել, ծայրագույն դեպքում՝ ԱՄՆ կառավարությունից քաղաքական ապաստան խնդրել։ Բնականաբար, լրատվամիջոցները շտապեցին պատմական պահն անմահացնելու, բայց ակնկալիքները չիրականացան։ ԱԻՄ-ականներն անվճռական դուրս եկան։ Ինքնահրկիզում խոստացող Ջուլիետա Ավետիսյանը, ԱԻՄ-ի Շիրակի մարզային կազմակերպության ղեկավարը, պարզվեց, ընդամենն ուզում էր, որ՝ «այս իշխանությունը հասկանա, որ գործ ունի անկախության կուսակցության հետ»։ Տիկին Ավետիսյանը կարծես երկմտանքի մեջ է՝ դիմե՞լ ԱՄՆ կառավարությանը, թե՞ չդիմել։ Միաժամանակ նա նշեց, որ՝ «շատ սիրում եմ իմ հայրենիքը եւ չեմ պատրաստվում լքել այն, բայց ԱԻՄ-ի դեմ «37 թիվ» են սարքում»։ Ապա կնոջ մեջ արթնացավ ազգայնականը՝ «հայրենիք լքելն այնքան էլ սիրուն բան չի, մանավանդ մեզ պես կուսակցության համար»։ Ըստ ԱԻՄ դիվանի անդամ Նորայր Խանզադյանի, դիվանականները դեմ են «հրկիզմանը, ողջակիզմանը եւ այլ ծայրահեղ քայլերի, որպես քրիստոնեավարական սկզբունքներով առաջնորդվող կազմակերպություն»։ Դիվանականները դեմ են նաեւ «երթալու» տարբերակին, քանզի՝ «սրանց (նկատի ունի իշխանություններին- Ն. Գ.) նպատակն էլ այն է, որ Հայաստանը դատարկվի պայքարողներից»։ Ոչ պակաս տաք էին հնչակյան կրքերը։ Երեկ տեղեկացանք, որ Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարչության անդամ Հրանտ Ամիրյանը հեռացվել է կուսակցությունից։ Ըստ պրն Ամիրյանի, իր հեռացումն անօրինական է, քանզի վարչության 11 անդամներից 7-ը չեն մասնակցել նիստին։ Նաեւ, ըստ ՍԴՀԿ կանոնադրության, վարչության անդամը երկու հիմքով կարող է հեռացվել՝ դավաճանություն ՍԴՀԿ գաղափարներին եւ վարչության դեմ խմբակային պայքար ծավալելու դեպքում։ Մինչդեռ, Հ. Ամիրյանը պնդում է, որ «շարքային ընկերներն ինձ մեղադրում էին կենտրոնի շահերը պաշտպանելու մեջ»։ Բացի այդ, հնչակյան «Նոր սերունդ» եիտասարդական թեւի պատասխանատու Մանուկ Ստեփանյանից նաեւ տեղեկացանք, որ երիտասարդ հնչակները անվստահություն են հայտնել կուսակցության առաջնորդ Ջորջ Հակոբյանին՝ մեղադրելով նրան քաղաքական երկերեսանության, գանձագողության եւ իր պահվածքով կուսակցական շարքերի նոսրացման մեջ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել