Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ը ԴԱՐՁՅԱԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Նոյեմբեր 08,2003 00:00

ՀՌԱՀ-Ը ԴԱՐՁՅԱԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ Միայն այդպես է հնարավոր այս հանձնաժողովին պարտադրել, որ հարգի հեռուստաոլորտը կարգավորող օրենքների պահանջները: Երեկ Տնտեսական դատարանում քննվեց «Ա1+»-ի դիմումը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անգործությունը վիճարկելու պահանջով: Հայցի էությունը հետեւյալն է՝ ամռանը կայացած մրցույթներից հետո «Ա1+»-ը գրավոր դիմել էր ՀՌԱՀ-ին՝ խնդրելով տրամադրել արտոնագիր տրամադրելը մերժելու հիմքերը: Հանձնաժողովն էլ միայն պատասխանել էր, թե «Մելտեքս» ՍՊԸ-ն, որի կազմում է «Ա1+»-ը՝ «հեռուստահաղորդումների հեռարձակման արտոնագրման մրցույթում չի ընտրվել լավագույն կազմակերպություն»: Այսինքն՝ ըստ էության, չէր պատասխանում ոչինչ: Մինչդեռ ե՛ւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 51 հոդվածը, ե՛ւ «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքի 63 եւ 67 հոդվածները, ե՛ւ «Լիցենզավորման մասին» օրենքն ուղղակի պարտադրում են ՀՌԱՀ-ին, որ որոշում կայացնի արտոնագիր տալը մերժելու մասին եւ մերժման հիմքերի մասին գրավոր տեղեկացնի դիմողին: Թերեւս ՀՌԱՀ-ը որեւէ չհորինած եւ օրենքից բխող հիմք չի կարող մատնանշել, թե ինչու է հետեւողականորեն մերժում արտոնագիր տրամադրել «Ա1+»-ին: Ուստի եւ Գրիգոր Ամալյանը բազմիցս հայտարարել է, թե մերժման հիմքեր չի տրամադրում, քանի որ օրենքի այդ հոդվածները վերաբերում են մալուխային՝ եւ ոչ եթերային հեռարձակմանը: Ընդսմին՝ ոչ մի անգամ որեւէ՛ օրենքի որեւէ՛ հոդված չի մատնանշում, որ պարզ դառնա՝ ի՞նչ հիմքով է նման պնդում անում: Այդ 3 օրենքների ուշադիր ընթերցանությունը կարող է ցանկացածին համոզել, որ նման դրույթ ուղղակի չկա: Եվ դատարանում էլ ՀՌԱՀ ներկայացուցիչ իրավաբանը՝ Վարսեր Կարապետյանը չվկայակոչեց մալուխայինի վերաբերյալ փաստարկը: Նա պնդում էր, թե ՀՌԱՀ-ի որոշմամբ հաստատված «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգում» նախատեսված են դրույթներ միայն մրցույթում հաղթող՝ եւ ոչ պարտվող ճանաչելու վերաբերյալ: Զարմանալի է այն տրամաբանությունը, թե հանձնաժողովի որոշումը կարող է վեր դասվել օրենքից: «Մելտեքսի» լիազոր ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը երեկ գրավոր բացատրություններ ներկայացրեց դատարանին ՀՌԱՀ-ի այս պատճառաբանությունների կապակցությամբ եւ մասնավորապես նշեց, թե վերոհիշյալ կարգում չկա պայման, ըստ որի մրցույթին մասնակցած եւ չհաղթածի վերաբերյալ չի կայացվում արտոնագիր տալը մերժելու որոշում: «Եթե ղեկավարվենք ՀՌԱՀ տրամաբանությամբ՝ կստացվի, որ հանձնաժողովը երբեք չի կարող կայացնել արտոնագիր տալը մերժելու մասին որոշում, քանի որ միշտ մրցույթի մասնակիցներից ինչ-որ մեկը կհաղթի,- ասաց Արա Զոհրաբյանը:- Ստացվում է, որ ՀՌԱՀ-ն իր ապօրինի դիրքորոշմամբ կասկածի տակ է դնում նաեւ օրենքների խելամտության կանխավարկածով կազմած լինելու փաստը: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իմանալ, թե ինչու չի ճանաչվել հաղթող, այլ կերպ ասած՝ ինչու է իր դիմումը մերժվել: Չէ՞ որ «ՀՌԱՀ կանոնակարգի» 2-րդ հոդվածով նախատեսված գործունեության հրապարակայնության սկզբունքը նախատեսվել է հանձնաժողովի համար»: Այս բացատրություններից հետո ՀՌԱՀ-ի ներկայացուցիչը խնդրեց մինչեւ նոյեմբերի 11-ը հետաձգել դատը՝ այն պատճառաբանությամբ, թե այդ ընթացքում պիտի ներկայացնեն գործի քննության համար էական լրացուցիչ ապացույցներ: «Ա1+»-ի ներկայացուցիչը դեմ էր հետաձգմանը, քանի որ գործը դատարանի վարույթում է հոկտեմբերի 3-ից եւ ՀՌԱՀ-ը բավարար հնարավորություն ուներ ներկայացնել իր դիրքորոշման ապացույցները: Այնուամենայնիվ՝ Տնտեսական դատարանի դատավոր Կ. Չիլինգարյանը նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 26-ը: Խիստ անհարկի ընդմիջում էր. նոյեմբերի կեսերին հայտարարվելու է այս տարվա վերջին մրցույթը, եւ մինչ դրան հայտ ներկայացնելը՝ «Ա1+»-ը, փաստորեն, այդպես էլ հնարավորություն չի ունենա պարզել, թե հայտնի սուբյեկտիվ պատճառներից զատ՝ կա՞ որեւէ օբյեկտիվ հիմք եթեր իր վերադարձը մերժելու համար: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել