300-6000 ԴՐԱՄ «ԴՊՐՈՑԱՎԱՐՁ» Դեռ 2 ամիս է, ինչ սկսվել է նոր ուսումնական տարին, սակայն դպրոցներում արդեն հունի մեջ է մտել դրամահավաքը։ Բազմաթիվ բողոքներից մեկի հետքերով եղանք Երեւանի Մ.Նալբանդյանի անվ. թիվ 33 դպրոցում, որտեղ վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են եւ, ըստ տնօրեն Է. Մարկոսյանի, միայն այդ է պատճառը, որ արդեն 2-րդ տարին է որպես ֆոնդի գումար հավաքվում է ամիսը 300-ական դրամ՝ յուրաքանչյուր աշակերտից։ Տիկին Մարկոսյանը հավաստիացնում է, որ հավաքված բոլոր գումարները տրամադրվում են դպրոցի վերանորոգմանը. շինարարական (իրոք, մեծ ծավալի վերանորոգում էր իրականացվել) աշխատանքներին անհրաժեշտ $ 2000-ից 1600-ը տվել է Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը (նա սովորել է այդ դպրոցում), մնացած 400-ը վճարել է դպրոցը։ Սակայն դպրոցում հավաքվում են նաեւ այլ գումարներ։ Մասնավորապես՝ 10-րդ դասարաններում տարեվերջի համար գումարներ են հավաքվում տարեսկզբից։ Երբ տնօրենին խնդրեցինք մեկնաբանել այդ լուրը, տիկին Մարկոսյանը այն աստիճան վրդովվեց, կարծես նրան հատուկ վիրավորանք էր հասցվել։ Մինչդեռ դա սովորական երեւույթ է մեր դպրոցներում. ավարտական դասարաններում ամեն ամիս հավաքում են որոշակի գումար, որպեսզի տարեվերջին ծնողների համար գումարային ծանրաբեռնվածություն չառաջանա։ Ուրիշ հարց, որ այդ գումարը ընթացքում նվերի տեսքով տրվում է ուր որ հարկն է եւ մինչեւ ուստարվա վերջը համարյա սպառվում է։ Դա էր ծնողների մտավախությունը՝ դեռ քանի՜ տոն կա մինչեւ տարեվերջ։ Թիվ 33 դպրոցում, ըստ 10-րդ դասարանցիների ծնողների, սեպտեմբերին հավաքել են յուրաքանչյուրից $10 կամ 6000 դրամ (այդպես է ասվել), պատրաստվում են հավաքել նաեւ հոկտեմբերի համար եւ այսպես մինչեւ մայիս։ Այս երեւույթը տնօրենը անհարիր համարեց իր դպրոցին եւ ասաց, որ ինքը տարեվերջին ընդամենը մի փունջ ծաղիկ է ստանում։ Թե ինչ փողեր են հավաքվում քեֆերի համար, ինքը տեղյակ չէ։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ