ՌՈՒԲԵՆ Բ.-Ն՝ ՌՈՒԲԵՆ Ա.-Ի ԴԵՄ Երեկ ԺՄ-ում լրատվամիջոցների հետ հանդիպել է փաստաբան Ռուբեն Բալաբանյանը, որը ներկայացնում է 2003 թ. մարտի 10-ին սպանված Գարուն Մանուկյանի ընտանիքի շահերը։ Այդ ասուլիսը, ըստ էության, պատասխան էր մեկ այլ Ռուբենի՝ փաստաբան Ռուբեն Ռշտունու ասուլիսին։ Պրն Ռշտունին պնդում էր, որ 27-ամյա Գարուն Մանուկյանը «մահացել էր» «Սեւան» ազգային պարկի Գավառի տարածքի տնօրեն Վրեժ Գրիգորյանի հետ վեճի ժամանակ եւ ոչ թե սպանվել էր վերջինիս կողմից։ Փաստաբան Ռշտունին ներկայացնում է Գրիգորյանների շահերը։ Ռ. Բալաբանյանն անթույլատրելի եւ անօրեն է համարում Գրիգորյանների եւ նրանց փաստաբան Ռ. Ռշտունու փաստարկները եւ գտնում էր, որ նրանք հասարակական կարծիքն են փորձում շեղել՝ իրենց եւ փախուստի մեջ գտնվող տղային՝ Վրեժին, ներկայացնել խեղճ ու անմեղ։ Վեճը, ըստ փաստաբանի, սկսել է պարկի տնօրենը՝ Վրեժը եւ պատճառը մի հողակտորի պատմություն է, որը 200 դոլար պարտքի դիմաց փորձել է զավթել Գրիգորյանը։ Նա ցույց տվեց Գարուն Մանուկյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որտեղ նշված էր, որ նա ոգելից չի օգտագործել՝ ի հեճուկս Ռ. Ռշտունու պնդման։ Պրն Բալաբանյանը տեղեկացրեց, որ տուժողը 11 սմ խորությամբ ձախ ազդրի վերին շրջանում, զարկերակի վրա է ստացել դանակի հարվածներ, իսկ մարմնի վրա առկա են բութ առարկայի հետքեր։ Ռուբեն Առաջինը պնդել էր, որ ոստիկանների ներկայությամբ «բանդան» ավտոմատային կրակ է բաց արել ննջասենյակում, որտեղ կային 10 օրական, 1, 2, 5, 7, 9 տարեկան երեխաներ։ Ռուբեն Երկրորդը եւ տուժողի իրավահաջորդը ասացին. «Բանդան հնացած հասկացություն է։ Քննությամբ ոչ մի փամփուշտ այնտեղից չի հայտնաբերվել։ Իսկ տունը հրկիզել է մի հիվանդ անձնավորություն, որը որեւէ մեկից ոչինչ չհարցնելով, տեսնելով Գարունի մահը, շշով բենզին է լցրել Գրիգորյանների տան վրա»։ Փաստաբան Բալաբանյանը գտնում է, որ այդ գործերը պետք է միացվեն իրար եւ վարույթն էլ, ինչպես իր միջնորդության մեջ է պահանջել, պետք է իրականացնի գլխավոր դատախազությունը։ Սակայն մինչեւ վերջ այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու են հարգարժան փաստաբանները (Ռուբեն Ա.-ն եւ Ռուբեն Բ.-ն) ուզում նախաքննություն անցկացնել ԶԼՄ-ների միջոցով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ