ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՖՈՒՏԲՈԼԻՆ Երեկ Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները հյուրընկալվեցին ՀՀ սպորտպետկոմում։ Ողջունելով ֆուտբոլիստներին, ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց մեր տղաների ձեռք բերած հաջողության իրական արժեքը եւ հատկապես կարեւորեց դրանում մարզիչների ունեցած դերը, քանի որ հաղթանակները, ճիշտ է, դաշտում կռում են ֆուտբոլիստները, սակայն այդ ամենը հնարավոր է լինում նախեւառաջ մարզիչների տքնաջան աշխատանքի, մարզումների եւ պատասխանատու հանդիպումնեպի ժամանակ նրանց մշակած ու տված տակտիկական, տեխնիկական պատրաստվածության ու մտահղացումների արդյունքում։ 17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Խորեն Հովհաննիսյանը շնորհակալական խոսքում ընդգծեց, որ անկախացումից հետո ֆուտբոլի հայկական դպրոցը կայացման ու ինքնահաստատման երկար ու դժվար ճանապարհ է անցել, որից տասը տարին՝ կաղալով։ Հիմա մեր ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ ուղի է դուրս եկել։ Մեծ ուշադրություն է դարձվում մանկա-պատանեկան ֆուտբոլին եւ այսօր, փաստորեն, արդեն քաղվում են առաջին պտուղները։ Խ. Հովհաննիսյանը կարեւորեց հաջողությունները հետագայում էլ զարգացնելու գործում պետության աջակցության դերը։ Իր ղեկավարած թիմը Սոֆիայում կարողացավ շրջանցել ֆուտբոլային համբավ ունեցող այնպիսի երկրների, ինչպիսիք են Հոլանդիան, Բուլղարիան եւ Սերբիան։ Առջեւում մարտին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլն է։ Մարզիչը հավաստիացրեց, որ իրենք կանեն ամեն բան այն նույնպես հաջող հաղթահարելու համար։ 19 տարեկանների ավագ մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկան նույնպես շնորհակալություն հայտնեց կազմակերպված ընդունելության, ցուցաբերվող ուշադրության համար եւ ինքն էլ խոստացավ աշխատել համապատասխան արժանի պատասխան տալ։ Նա ասաց, որ իր կարծիքով, այս արդյունքը հայկական ֆուտբոլի սկիզբն է, իսկական, ավելի եռանդուն աշխատանքը դեռ նոր է սկսվում։ Նրա կարծիքով, աճող այս սերունդը լավ բաներ շատ կարող է անել։ Բայց դա հնարավոր է համատեղ ջանքերով, բոլորի օգնությամբ։ Մ. Ստոյկան հայտարարեց, որ հպարտ է իր ֆուտբոլիստներով, որ հնարավորություն ունի մարզելու այս հավաքականը ու կարեւորեց այն, որ ֆուտբոլիստները հիմա հասկացան, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, պարզապես, չպետք է վախենալ ոչ ոքից։ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցան ասաց. «Հուսով եմ, որ մենք էլ կկարողանանք կրկնել նույն հաջողությունը։ Սա հայկական ֆուտբոլի համար գուցե ամենալավ մրցաշարն էր։ Բայց դա ինձ համար սկիզբ է։ Ձեր աջակցությամբ, ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ մենք կարող ենք զարգացնել այն, ինչ հիմա ունենք։ Այս հաջողությունները մեծ անակնկալներ էին, որովհետեւ 3 միլիոնանոց երկիրը հավասարվեց եվրոպական մեծ երկրներին։ Սա շատ կարեւոր է բոլորի, նաեւ մարզական կյանքի համար, որովհետեւ աշխահում ամենամեծ դեսպանը ֆուտբոլն է։ Ֆուտբոլով պատկերացում են կազմում ժողովրդի, երկրի մասին»։ Ամփոփելով հանդիպումը՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ օրերս Խորեն Հովհաննիսյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր մարզչի կոչում։ Բացի դա, տեղեկացրեց նաեւ, որ մանկապատանեկան, երիտասարդական ֆուտբոլը մեր ապագա հաջողությունների հիմքն է եւ այս տարիքային խմբում այսօրվա ամեն մի ձեռքբերում, ազգային հավաքականի վաղվա հաջողությունն է։ Հիմա առջեւում ամենապատասխանատու փուլն է եւ այն հաղթահարելուց հետո անմիջապես բացվում են Եվրոպայի առաջնության եզրափակիչի դռները։ Եվ եթե նման բան հաջողվի, բացառիկ երեւույթ կլինի հայկական ֆուտբոլում։ Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ ինքը ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ պայմանավորվել է հետեւյալը. երկու տարիքային խմբերում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերի հաջորդ փուլում, սկսած նախապատրաստական շրջանից մինչեւ մասնակցություն, սպորտպետկոմը ստանձնում է ֆինանսական բոլոր ծախսերը՝ շուրջ 60 մլն դրամ։ Դրանով փորձ է արվում ինչ-որ չափով թեթեւացնել ֆուտբոլի ֆեդերացիայի ֆինանսական բեռը։ Սա, թերեւս, պետական կառույցի՝ ֆուտբոլում արվող առաջին խոշոր ներդրումն է։ Այսպես աստիճանաբար հասնելու ենք նաեւ ազգային հավաքականին, որտեղ նույնպես չլուծված շատ խնդիրներ կան, չնայած խաղից-խաղ մեր ազգայինում մակարդակի դրական տեղաշարժ է նկատվում։ Բացի դա, Ի. Զաքարյանը, որպես ՀԱՕԿ-ի նախագահ, մարզիչներին եւ ֆուտբոլիստներին խոստացավ, որ հաղթանակի դեպքում յուրաքանչյուր հավաքական ազգային օլիմպիական կոմիտեից կպարգեւատրվի ԱՄՆ $30 հազարով։ Եվ ցանկացավ, որ հաջորդ հանդիպմանը ինքն այդ գումարները հավաքականներին հանձնելու հաճելի առիթ ունենա։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ