Լրահոս
Օրվա լրահոսը

Համույթի համբերությունը հատել է

Նոյեմբեր 07,2003 00:00

Համույթի համբերությունը հատել է Նոյեմբերի 9-ին «Կարեն Դեմիրճյան» մշակութային կենտրոնում կնշվի Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի 65-ամյակը։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Հենրի Մանգասարյանը նշեց, որ համերգը կազմակերպվել է իրենց ուժերով եւ ոչ կառավարական մակարդակով։ Մշակույթի նախարարությունում պատճառաբանել են, թե 65-ը կլոր թիվ չէ։ Միջոցառմանն աջակցել է ռուսաստանցի Ռադիկ Վանունցը, որը այս էլ որերորդ մշակութային ծրագիրն է հովանավորում (Նիկիտա Սիմոնյանի եւ երգիչ Ալեքսանդր Պողոսյանի հոբելյանական երեկոները, «Արարատ-73»-ի 30-ամյակը եւ այլն)։ Երեք ժամանոց համերգի առաջին բաժնում ելույթ կունենան հրավիրված համույթները (Պարի պետական «Բարեկամություն», Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» անսամբլներ, Վանաձորի «Հորովելը», «Նանե» շոու-բալետը, «Արազ» ջազ-կվարտետը, «Արմենիա» դուդուկահարների քառյակը եւ այլն)։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ անակնկալ ունի այդ օրվա համար Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը։ «Անակնկալը ո՞րն է, ոչ սպորտային համույթ ենք, ոչ ջազային։ Մենք ունենք մի համար՝ «Հոյնարը», որն առաջին անգամ է կատարվելու»,- ասաց պարոն Մանգասարյանը։ «Առավոտի» հաջորդ՝ «Ինչո՞վ եք բացատրում համույթի նախկին փառքը չունենալը» հարցից՝ Հ. Մանգասարյանը նեղացավ. «Առաջ դուք էլ էիք ուրիշ, մենք էլ։ Առաջ մեր նկատմամբ վերաբերմունքն էլ էր ուրիշ։ Այսօր ավելի շատ Երգի պետական թատրոնին են ավելի մեծ ուշադրություն դարձնում, քան մյուսներին։ Ում ուզում՝ ռեկլամում են։ Դրա համար էլ ուրիշները տեսադաշտում կան, մենք չենք երեւում»։ Համույթի գեղղեկավարը նաեւ փաստեց, որ այսօր կարծես հատուկ գովազդվում է «իմ բարեկամ Արա Գեւորգյանը»։ Օրինակ, «Բոնուս» խաղի ընթացքում քանիցս հնչեցնում են նրա երաժշտությունը։ «Այ էդպես որոշ մարդիկ կարող են դաշտից քեզ հանել։ Փոխարենը, ինքը (նկատի ունի Ա. Գեւորգյանին) այսօր իր մակարդակով…»,- միտքը կիսատ թողեց Հ. Մանգասարյանը։ «Մեր անսամբլը այսօր իր որակով չի զիջում նախորդ տարիներին։ Հենրի Մանգասարյանն այնպիսի մշակումներ ունի, որոնցով անսամբլը իր գոյության օրվանից հանդես չի եկել։ Ուրիշ հարց է, որ հնարավորություններն են պակասել»,- գործընկերոջը օգնության հասավ տնօրեն Աշոտ Տիգրանյանը։ Ներկայացնելով համույթի սուղ պայմանները, նա ավելացրեց. «Եթե տարվա մեջ նման ձեւով աշխատելու դեպքում կարողանում ենք մեկ ծրագիր պատրաստել, ապա նորմալ ֆինանսավորման ու նորմալ պայմանների դեպքում երկու-երեք ծրագրի վրա կաշխատեինք»։ Նա տեղեկացրեց նաեւ, որ այսօր էլ, խորհրդային տարիների նման, բոլոր համույթներին պարտադրում են միանգամից 5 տարվա ծրագիր ներկայացնել, բայց կիսատ-պռատ ֆինանսական միջոցներ են տրամադրվում, լավագույն դեպքում՝ մեկ տարվա համար։ «Որ ճիշտն ասեմ, դրանք իրական ծրագրեր չեն։ Ամեն մեկն էլ կարող է թղթի վրա գրել ու ոչինչ չանել։ Բայց ստիպում են դրանք ներկայացնել»,- ասաց տնօրենը։ Հ. Մանգասարյանն էլ փաստեց, որ համույթներին տրվող գրոշները շարունակ սեղմում են. «Ասում են՝ տեղավորվեք քչի մեջ, հետո էլ բողոքում են, թե տարազը հին է, դեկորները հին են, հովանավորներ գտեք՝ ֆինանսավորեն ձեզ։ Ամոթ չէ՞ հովանավորին ասենք փող տվեք՝ զգեստ կարենք»։ Ըստ Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլի ղեկավարների, «վերեւից» արտերկրի բարերարներին ակնարկում են, թե որ արտիստին կամ խմբին պետք է հովանավորել, որին՝ ոչ։ «Ուրախ ենք, որ Վաչե Մանուկյանը կամ մի ուրիշը այսօր հովանավորում է Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի թատրոնը։ Չգիտես ինչու, «մոռանում» են, որ պիտի ազգային ոլորտի անսամբլներին էլ հովանավորեն։ Խոսքը միայն մեր մասին չէ՝ Պարի պետական կա, Ռադիոյի ժողգործիքների անսամբլ կա»,- հիշեցրեց Հ. Մանգասարյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել