Լրահոս
Օրվա լրահոսը

Չկան ընտրություններ՝ չկա ջեռուցում

Նոյեմբեր 07,2003 00:00

Չկան ընտրություններ՝ չկա ջեռուցում Անցած ձմռանը Ավանի, Դավիթաշենի, Նոր Նորքի դպրոցները ջեռուցվում էին կենտրոնացված համակարգով: Այս տարի նման բան, կարծես թե, չի սպասվում: «Եթե նշյալ համայնքների բնակիչները վճարունակ չեղան եւ ջերմամատակարարումը իրականացնող ընկերության հետ պայմանագրեր չկնքեցին, կնշանակի այդ համայնքներում գործող դպրոցներն էլ կզրկվեն կենտրոնացված ջեռուցումից։ Իսկ եթե պետությունը լեզու գտնի բնակիչների հետ, կենտրոնացված ջեռուցումը թեկուզեւ թանկ հաճույք է, բայց, լինելու դեպքում, մենք պատրաստ ենք վճարելու»,- ասում է քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուբանյանը։ Թեեւ անցած ձմռան նախաշեմին, մի առիթով մեզ հետ զրույցի ժամանակ, կրթության վարչության պետի տեղակալը բացառել էր այն հանգամանքը, որ այդ տարի դպրոցներում ջեռուցման սեզոնի լավ կազմակերպված լինելը կապված է 2003-ի փետրվարի նախագահական ընտրությունների հետ, սակայն տրամաբանությունն այդ է հուշում։ Տրամաբանական է ենթադրել, որ մեկ տարի առաջ էլ նշյալ համայնքների բնակիչները վճարունակ չէին: Կան, սակայն, դպրոցներ, որտեղ վիճակը քիչ թե շատ բարվոք է: Դատելով մայրաքաղաքի դպրոցներում անցկացված մեր հարցումների արդյունքներից, տնօրենների հրահանգով արդեն սկսվել են դասասենյակների ջերմամեկուսացման աշխատանքները եւ, ինչպես թիվ 21 դպրոցի տնօրեն Վաչագան Սարգսյանը նշեց, նոյեմբերի 15-ից դպրոցը կջեռուցվի։ Արաբկիր համայնքի թիվ 21-ն արդեն 4-րդ տարին է, որ ջեռուցվում է սեփական կաթսայատան միջոցով։ Տնօրենի հավաստմամբ, ջեռուցման հետ կապված տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։ Միակ խնդիրը, որ այս օրերին դպրոցում առկա է, ջրի աղտոտվածության պատճառով աշակերտների 10-12% բացակայություններն են։ Հարցման ենթարկված Րաֆֆու, Աղայանի, ինչպես նաեւ թիվ 76, 54, 127, 78, 76, 114, 199 դպրոցների տնօրենները նշեցին, որ նոյեմբերի 15-ից կջեռուցվեն եւ, որ ամենակարեւորն է, այն կազմակերպելու համար աշակերտներից գումարներ չեն գանձվելու։ Ըստ Ա. Կուբանյանի, այս տարի էլ մայրաքաղաքի դպրոցների ջեռուցումը մեկ տողով ֆինանսավորման ծրագրի շրջանակներում է։ Այն իրականացնելու համար պետբյուջեից հատկացվել է 250 մլն դրամ։ Կրթության վարչության պետի տեղակալի տրամադրած տվյալների համաձայն, դպրոցների մեծ մասը կջեռուցվի էլեկտրաէներգիայի միջոցով։ Այս տարի 7-ով ավելացել է սեփական կաթսայատուն ունեցողների թիվը։ Նախորդ տարի դրանց թիվը 11-ն էր։ Ա. Կուբանյանի խոսքերով, ձմռանը նախապատրաստվելու աշխատանքներ դեռեւս տարվում են, դպրոցները կհամալրվեն էլեկտրական տաքացուցիչներով, իսկ հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել սեփական կաթսայատների թիվը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել