Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 07,2003 00:00

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Կրճատվելու է եւս 5000 ուսուցիչ, այս անգամ՝ հիմնականում օտար լեզուների Պարզվում է, կրճատված ուսուցիչների վերաորակավորմանն ու նրանց զբաղվածությանն ուղղված 3 մլն դոլարը սոցապ նախարարությունը ստացել է ոչ թե արդեն կրճատված շուրջ 5 հազար, այլեւ՝ կրճատման նոր ալիքի տակ հայտնված գրեթե նույնքան ուսուցիչների համար։ Գործազուրկների այս խմբաքանակը կկազմավորվի, երբ հանրակրթական դպրոցներում միավորվեն օտար լեզվի ուսուցման համար կիսվող դասարանները։ «Դա բարեփոխումների ծրագրի թելադրած պահանջն է, այդտեղ առանձնահատուկ նոր բան չկա, դրանք այն թվաքանակն ու այն սկզբունքներն են, որոնք պետք է պահպանվեին այս առաջին փուլում, որպեսզի երկրորդ փուլում հնարավոր լիներ խուսափել նոր կրճատումներից»,- խնդիրն «Առավոտի» համար պարզաբանեց կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը։ Կանխելով մեր հարցը, նա ավելացրեց. «եւ ամենակարեւորը, որպեսզի հնարավոր լիներ լուծել, որը Համաշխարհային բանկն էլ է պահանջում, դա ուսուցիչների աշխատավարձի բարձրացումն է»։ Հիշեցնենք, որ 2004 թվականի պետբյուջեի նախագծով այդ բարձրացումը պետք է կազմի շուրջ երեսուն հազար դրամ, ներկայիս տասնութ հազարի փոխարեն։ Ի՞նչ է սպասվում օտար լեզվի մասնագետներին. ըստ նախարարի՝ «նույնը, ինչ առաջիններին էր. միաժամանակյա վճարներ, վերապատրաստում, փոքր բիզնեսի ծրագիր»։ Ամեն անգամ մարզերում առկա ուսուցչական կադրերի անբավարարությունից խոսելիս, կրթության նախարարությունն առաջինը հիշատակում է օտար լեզվի ուսուցիչների մասին։ Իսկ կրթության նախարարն իր ելույթներում այդ փաստը հաստատելով, միաժամանակ կրճատված ուսուցիչներին մատնացույց էր անում գյուղական դպրոցների 650 թափուր աշխատատեղերը։ Սակայն մեր զրույցի ժամանակ նա անկեղծացավ, որ «սա օտար լեզվի մասնագետներին շրջաններ ուղարկելու համար չէր արված, որովհետեւ այնտեղ գնացողներն ուրիշներն են, այստեղ մնացողներն ուրիշներն են»։ Նախարարի հետագա մեկնաբանությամբ, «այս ձեւափոխությունները հիմնականում առնչվում են դասարանների թվաքանակին, որը հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ քանակի ու որակի ուսուցիչներ»։ Առաջիկա չորս տարիների ընթացքում նախատեսվող բարեփոխումներն, ըստ նախարարի, համակարգը լուրջ փոփոխությունների կենթարկեն։ «Իհարկե, ոչ մեկին հաճելի չէ, եւ նախարարին՝ նույնպես, որ մարդ է դուրս մնում աշխատանքից, բայց այնպես ենք անում, որ հաջորդ տարի յուրաքանչյուր ուսուցիչ իր քսան դասաժամն ունենա»։ Ռ. Ա. Հ. Գ. Սերգո Երիցյանը «Առավոտին» հայտնեց, որ վերջերս նախագահի կատարած այցի արդյունքներով, Հնդկաստանի կառավարությունը 5 մլն դոլար է հատկացնելու Հայաստանի գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին։ Թե ինչ համամասնությամբ՝ պարոն Երիցյանը դեռ չգիտեր, բայց վստահ էր, որ երկուսին էլ բաժին կհասնի։ Լրատվամիջոցները թյուրիմացաբար նշում էին միայն գյուղատնտեսությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել