Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան պահանջեք մեղավորներից

Նոյեմբեր 07,2003 00:00

Պատասխան պահանջեք մեղավորներից Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում խմելու ջրի աղտոտման հետեւանքով առաջացած խնդիրները շարունակում են մնալ ասարակական եւ քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Իր մոտեցումներն է շարադրում ԱԺ պատգամավոր, «ՄԱԿ» խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: «Ես՝ որպես քաղաքացի գտնում եմ, որ ինձ պետք է գոնե զգուշացնեին, որ իմ բնակարանի ծորակից գալիս է մի բան, որը վտանգավոր է առողջությանը, եթե անգամ այդ վտանգը չեզոքացնելու հնարավորություն այդ պահին չկար: Հիմա ես հարց եմ տալիս լիազոր այն մարմնին, որն այդ բիզնեսից շահույթ է ստանում, իր տունն է պահում, որը մեր վճարած հարկերի հաշվին աշխատավարձ է ստանում՝ ինչո՞ւ իր պարտականությունը չի կատարել եւ ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու: Ո՞վ է 300 հազար մարդու կյանք վտանգի ենթարկել: Ստեղծված իրավիճակի հետեւանքների դեմ պետք է պայքարեր առողջապահության նախարարությունը: Բայց նրանք արդյո՞ք պատկերացնում են համաճարակի զարգացման հաջորդ սցենարը: Մենք փաստեր ունենք, որ մարդիկ հիվանդանոցներում դիզենտերիայով են պառկած, որի հաջորդ փուլն արդեն դեղնախտի համաճարակը կարող է լինել, որի ինկուբացիոն շրջանը տեւում է միջինը 20 օր: Հիմա մեր երեխաները գնում են դպրոց, բայց չէ՞ որ այդ դպրոցներում երեխաների մեջ արդեն վարակված երեխաներ կարող են լինել: Ի՞նչ է արել առողջապահության նախարարությունն այդ ուղղությամբ: Թե՞ սպասում են, որ 20 օր հետո դեղնախտի համատարած համաճարակ լինի, որ զբաղվեն հետեւանքները վերացնելով: Ես հարցնում եմ որպես քաղաքացի, թեեւ որպես պատգամավոր էլ երեկ ԱԺ-ում հարցադրում ուղղեցի կառավարությանը՝ ի՞նչ են մտադիր անել, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, որ դպրոցներում այն երեխան, որ դեռ չի վարակվել հետագայում էլ խուսափի դրանից: Բնականաբար, չեմ կարող մտածել, որ իշխանություններն ի սկզբանե զբաղված են մարդկանց մոլորության մեջ գցելով: Մենք նման ենթադրություն կարող ենք անել միայն այն ժամանակ, երբ դրանք ապացուցված փաստեր լինեն: Առայժմ մենք հետեւելով իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին՝ փորձելու ենք հասկանալ՝ արդյո՞ք ամեն ինչ արվեց, որպեսզի հնարավոր վտանգը կանխվի: Եթե չարվեց, այն ժամանակ մենք նաեւ պատասխան կպահանջենք չարված բաների համար, որովհետեւ պետական ծառայողական պարտականությունները չկատարելու համար մարդիկ շարունակում են աշխատավարձ ստանալ, ծառայողական մեքենաներով աշխատանքի գնալ եւ այլն: Այսօր ստեղծված վիճակի հետագա զարգացումը չկանխելու դեպքում համաճարակը սպառնում է վերաճել ազգային անվտանգության հարցի: Հիմա մեզ համոզում են, թե որոշակի միջոցառումներ, այնուամենյանիվ, ձեռնարկվում են, եւ ես իրավունք չունեմ այդ հավաստիացումներին չհավատալ: Բոլոր դեպքերում պետք է ընդունել զարգացման վատագույն սցենարն ու դրան պատրաստվել արդեն այսօր: Միաժամանակ պետք է նաեւ հասարակական սննդի օբյեկտներում եւս երկու ժամը մեկ ստուգումներ իրականացվեն: Ես զարմանում եմ, թե ինչու առողջապահության նախարարը, որին ես հարգում եմ, մինչեւ հիմա առողջապահության նախարարությունը գլխի վրա չի կանգնեցրել: Եվ, ընդհանրապես, ամենակարեւոր խնդիրն այն է, թե՝ ի վերջո, ո՞վ, ո՞ր ծառայությունը, իշխանության ո՞ր օղակն է, որ իր պարտականությունները չի կատարել վթարից հետո, երբ պարտավոր էր մարդկանց զգուշացնել ծորակի ջրից օգտվելու վտանգավորության մասին: Ես գիտեմ, որ սանէպիդկայանն այդ վտանգի մասին ժամանակին է ահազանգել: Մենք կհամբերենք 20 օր, որպեսզի համոզվենք, որ դեղնախտի համաճարակ չկա: Եթե նման բան սկսվեց, այդ դեպքում՝ կներեք, բայց մեր խոսակցությունն այլ տոներով եւ այլ հարթության վրա կլինի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել