Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՐՄ ՀԻՎԱՆԴՆԵՐ ՉԿԱՆ»

Նոյեմբեր 07,2003 00:00

«ԹԱՐՄ ՀԻՎԱՆԴՆԵՐ ՉԿԱՆ» Երեկ եւ նախորդ օրը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ընդունվածներն, ըստ մասնագետների, 5-8 օրվա վարակվածներ են։ Խմելու ջրի եւ կոյուղու վթարից հետո հիվանդությունների առաջացման 11-րդ օրը ՀՀ առողջապահության նախարարությունը, Ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը վերջապես գլխի ընկան, որ հասարակությանը համատեղ հաշվետու լինելու կարիք կա: Մեր տեղեկություններով, դա նրանց Ազգային ժողովից են «հուշել»: Հետաքրքիրն այն է, որ Առողջապահության նախարարությունը պարզաբանումներ տալիս վերջին օրերին ամեն անգամ զգուշացնում էր, որ եթե ջուրը ենթակա լինի առանց եռացնելու օգտագործման, իրենք հատուկ հայտարարությամբ հանդես կգան: Երեկ դա արվեց, սակայն իմիջիայլոց՝ «խոսքի մեջ»: Լրագրողներն իրենց ականջներին չէին հավատում եւ մի քանի անգամ խնդրեցին կրկնել: ՀՀ պետական գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը հավաստիացնում է, որ ջրի քլորացումը կատարվում է սահմանված նորմերում, եւ մխիթարում, որ ԱՄՆ-ում այդ նորմը երկու անգամ բարձր է: Բայց հայտնի է, որ նույն ԱՄՆ-ում լուրջ խնդիրներ է առաջացրել խմելու ջրի հիպերքլորացումը: Նորքի ինֆեկցիոն հիվանդանո ցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը կտրականապես հերքեց մեզ հասած այն բողոքները, թե իրենց բուժաշխատողները հիվանդների տերերից գումարներ են վերցնում: «Եթե գործեր կան, թող դիմեն դատարան: Միանշանակ սուտ է»,- ասաց պրն Ասոյանը եւ կոչ արեց չվարկաբեկել իրենց անձնակազմին, որը 8-րդ օրն է՝ առանց հանգստի անձնազոհ աշխատում է: Դրա հետեւանքով է նաեւ, որ վարակվածների թիվը 200 է եւ ոչ՝ հազարներով: Ամենեւին չթերագնահատելով ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի իրոք անձնազոհ աշխատանքը, նշենք միայն, որ մեկը մյուսին չի խանգարում: Մեզ բողոքողներին էլ խորհուրդ ենք տալիս հետեւել գլխավոր բժշկի խորհրդին եւ ոչ թե բողոքել լրատվամիջոցներին, այն էլ՝ անունները չհրապարակելու պայմանով: «Էյ Յութիլիթիի» գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Ուոլքլինգը երեկ ասաց, որ խմելու եւ կոյուղու ջրի համակարգերում վթարներ անընդհատ են լինում, դրա համար իրենք բնակչությանը չեն հայտնում դրանց մասին: Ըստ պրն Ուոլքինգի, հիմա էլ վկայություններ չկան, որ վարակի դեպքերը այդ վթարի պատճառով են: Այնպես որ, միանգամայն սպասելի էր, որ եւ նա, եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արբեն Ղուլյանը առայժմ ջրի աղտոտման համար իրենց պատասխանատու չեն զգում: Ռիչարդ Ուոլքլինգը «անհատական դեպք» որակեց եւ հենց այդ պատճառով չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Էրեբունի եւ Նորք համայնքների բնակիչների ահազանգն այն մասին, որ իրենց ծորակներից այս օրերին գարշահոտ ջրի հետ որդեր են հոսում. «Դա այսօրվա թեման չէ»: Հավանաբար պրն Ուոլքլինգը կարծում է, որ պետք է սպասել՝ այն վաղը դառնա օրվա թեմա, նոր մեկնաբանել: Բոլոր ներկաները խուսափում էին խոսել վթարի պատճառների մասին: Ռ. Ուոլքլինգը հայտնեց միայն, որ հոկտեմբերի 26-ին խցանվել է Էլեկտրալամպերի գործարանի տարածքի կոյուղագիծը: Իրենք էլ նույն գիշերը վթարը վերացրել են: Եվ երբ Արաբկիր եւ Կենտրոն համայնքների բնակիչները ահազանգել են իրենց խմելու ջրի որակի մասին, «Էյ Յութիլիթին» մտածելով, որ հնարավոր է՝ այդ վթարից է, դադարեցրել են ջրամատակարարումը: Ստուգումները հաստատել են այս կասկածը: Ջուրն սկսել են հիպերքլորացնել: «Այդ պահից հետո աղտոտման այլ աղբյուր չի հայտնաբերվել»,- ասաց Ռ. Ուոլքլինգը: Այս տեղեկությունից հետո Արբեն Ղուլյանն ասաց, որ վթարը կարող էր լիներ եւ ջրամբարի տարածքում, եւ մինչեւ ջրամբար, եւ գլխամասում: Իսկ «Էյ Յութիլիթիի» ընկերությունում շատ լավ էլ գիտեին, որ Էլեկտրալամպերի ջրամբարի տարածքում կոյուղագիծ կա, ինչը, բնականաբար, խստիվ արգելված է: Պատասխանելով՝ դրա հետ կապված «Առավոտի» հարցին, Ռ. Ուոլքինգն ասաց. «Իհարկե, դա գաղտնիք չէր, որ Երեւանի «Ջրմուղը» բազմաթիվ խնդիրներ ունի, ինչպես հետխորհրդային ցանկացած երկրի ցանց: Չենք եկել այն տպավորությամբ, որ հրաշալի ցանց է»: Պրն Ուոլքինգն այնուամենայնիվ ասաց, որ մանրամասն ուսումնասիրություններն իրենց պատկերացրածից ավելի անմխիթար վիճակ են պարզել: Այդքանով հանդերձ «Էյ Յութիլիթին» Երեւանի «Ջրմուղ-կոյուղու» կառավարումը ստանձնելու համար չի զղջում: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել